
ՀՀ պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում այսուհետ իրականացնելու է մշտադիտարկումների ու վերահսկողության անցկացման գործընթաց:
Հիմնական նպատակն է դիտարկումներ իրականացնել նշված ոլորտների տնտեսավարողների մոտ ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, լվացարանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների առկայության, ինչպես նաև տարածքում պարտադիր դիմակներ կրելու մասին իրազեկող թերթիկների փակցված լինելու առնչությամբ:
Այսօր՝ հունիսի 18-ին, առաջին ստուգայցերն են իրականացվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Դիտարկված՝ հագուստի վաճառքով զբաղվող առևտրի կենտրոններում, ինչպես նաև շինարարական խանութներում որևէ խախտում չի հայտնաբերվել: Մինչդեռ որոշ բենզալցակայաններում ու ԱԳԼՃԿ-ներում դիտարկվել են սահմանված հակահամաճարակային նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես, բացակայել են իրազեկման թերթիկները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Մշտադիտարկման արդյունքում կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Ստուգայցերը շարունակվում են: