ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո փոփոխություններ եղան տարբեր ոլորտներում, սակայն քաղաքաշինության համակարգում, ըստ էության, մնացել են հին բարքերը, ավելին՝ չեն փոխվել անգամ գործող հիմնական անձինք: Իսկ ովքե՞ր են նրանք, որոնք տարիներ շարունակ տնօրինել են Երեւան քաղաքի քաղաքաշինության ոլորտը. Արմեն Ղուլարյան. նա այժմ կատարում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները, քանի որ ղեկավար Վահագն Վերմիշյանը կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով: Ընդ որում, նա մինչ այդ զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը, սակայն համակարգում հնաբնակներից է եւ պաշտոններ է զբաղեցնում վաղուց՝ դեռ 90-ական թվականներից: Ընդ որում, Ղուլարյանը եղել է ամենաերկարակյաց մարզպետը եւ 15 տարի նույն մարզը ղեկավարելուց հետո նա լծվել է քաղաքաշինության համակարգը «բարեփոխելուն»: Հաջորդ պատասխանատուն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Նրա նշանակումը սկզբնական շրջանում ողջունվեց, բայց վերջին շրջանում նա հաճախ է հայտնվում քննադատության թիրախում, իսկ մեծամասնությունն էլ նկատում է, որ քաղաքում եւ կատարվող աշխատանքների տրամաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մյուս պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանն է, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից: Նա ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բաջանաղն է: Եվ, իհարկե, այս պատկերն ամբողջացնում է Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը: Եվ չնայած նա այժմ պաշտոն չի զբաղեցնում, սակայն տիրող իրավիճակի, Երեւանի այժմյան պատկերի գլխավոր պատասխանատուն հենց Նարեկ Սարգսյանն է: Սակայն նկատենք, որ հեղափոխությունը պետք է հասնի հենց քաղաքաշինության ոլորտ. այստեղ եւս հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն 2018 թվականից մինչ օրս որեւէ շարժ չենք տեսնում: Ի վերջո, ե՞րբ պետք է կարգավորվի ոլորտը, եւ ո՞վ պետք է պատասխան տա նախկին քայլերի համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ լուրջ խմորումներ են տեղի ունենում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի շուրջ: Բանն այն է, որ վերոնշյալ պաշտոնը թափուր է, եւ կոնկրետ անձինք դիմում են վարչապետի աշխատակազմին այդ պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար, սակայն ոչ բոլորի դիմումներն են ընդունվում, ինչի արդյունքում էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանի դեմ հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 16-ին ՀՀ վարչակյան դատարան է դիմել էլինա Գյուրջյանը եւ դատի է տվել Էդուարդ Աղաջանյանին՝ պահանջելով, որ դատարանը ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների եւ զարգացման վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին իր մասնակցությունը թույլատրելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնի: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար փորձեց դիմել Էդուարդ Աղաջանյանին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւ 2018-ին եւ 2019-ին պալատն ուսումնասիրել է ծառայության գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան պալատի ուսումնասիրության արդյունքներից: Օրինակ, 2018-ին եւ 2019-ի առաջին կիսամյակում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հարուցված 8 մլն 739 հազար դրամի 1100 կատարողական վարույթներ ավարտվել են այն դեպքում, երբ, ըստ ՃՈ-ի կողմից ներկայացված տեղեկանքների, այդ ֆիզիկական անձն ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 11 ավտոմեքենա, որոնցից ոչ մեկի վրա հարկադիր կատարողները բռնագանձում չեն տարածել: Բացի այս, 2018 -ին հարուցված եւ ավարտված 64 մլն դրամ բռնագանձման ենթակա գումարով 7205 վարույթներով 100-ից ավելի խախտում կատարած 34 պարտապան ֆիզիկական անձինք եւս ունեցել են սեփական ավտոմեքենաներ, սակայն բռնագանձում չի տարածվել: Իր հերթին հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պալատին բացատրություն է ներկայացրել, ըստ որի՝ հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել են կատարողական գործողություններ, ինչի արդյունքում չի հայտնաբերվել գույք կամ դրամական միջոց, որի վրա կարելի է բռնագանձում տարածել, մյուս դեպքում անհնար է եղել պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 




Լրահոս