ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԼՅԱՆՍԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց Կրոնական ազատության միջազգային ալյանսի մասին, որին Հայաստանը միացել է այս տարվա հունիսի 12-ին: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվել էր՝ ինչ առաքելություն ունի այս հարթակը, ինչ խնդիր է լուծում, եւ ինչպիսին են այս ալյանսում համագործակցության պայմանները:

 

Նախարարը պատասխանեց, որ կրոնական ազատությունների հարցն առանցքային է Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ մարդու իրավունքների համատեքստում: «Կրոնական ազատությունների առումով մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ: Այս հարթակը միավորում է որոշ երկրների, որոնք միասին աշխատում են այս թեմայի շուրջ՝ յուրաքանչյուրն իր գերակայություններով: Մենք ունենք մեր գերակայությունները: Թեման, որ խտրականության հետ առնչվում է, այն խոցելի խմբերից է, որի իրավունքները չհարգելու պատճառով կարող են ի հայտ գալ իրավիճակներ, որոնք զանգվածային խախտումների ու զանգվածային ոչնչացման հիմք կարող են լինել: Գիտեք, որ ցեղասպանության կանխարգելումը նույնպես մեզ համար էական հարց է: Երկրորդը՝ մենք մի ժողովուրդ ենք, որն ունի բավական մեծ փորձ ապրելու, հարգելու կրոններ, ապրելու միասին տարբեր հասարակություններում, որտեղ ներկայացված են տարբեր կրոններ, մենք ունենք մեր սփյուռքը:

Այս հարթակը հնարավորություն է ստեղծում աշխատել մեզ համար մեր բարեկամ երկրների հետ՝ առաջ տանելու ծրագրեր, որոնք նպաստելու են կրոնական փոքրամասնությունների պայմանների բարելավմանը, տարբեր ծրագրերի, երկխոսության ամրապնդման տարբեր միջոցառումների: Մենք առաջնորդվելու ենք մեր գերակայություններով ու նրանով, որ սա առավել նպաստավոր կարող է լինել աշխատելու մեր գործընկերների հետ, որոնք նույնպես ալյանսի անդամ են», – նկատեց նախարարը:

Ի պատասխան՝ պատգամավորը գովելի որակեց, որ Հայաստանը խորացնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ գտնելով տարբեր հարթակներ, սակայն նաեւ հայտնեց այն մտահոգությունը, որ այս հարթակը կարող է դառնալ հակաչինական հարթակ, ու դրա մասին են վկայում տարբեր հայտարարություններ: Սակայն նախարարը փարատեց պատգամավորի մտահոգությունները՝ ասելով, որ դաշինքը չի նախատեսում համատեղ գործնական որոշումների ընդունում, քվեարկության մեխանիզմ էլ չկա, յուրաքանչյուր պետություն իր ծրագրերն է ներկայացնում, առաջարկում մեխանիզմներ՝ դրանց իրագործման համար:

Նկատենք, որ այս այլանսին միանալը հակասական կարծիքների տեղիք է տվել: Մեկնաբանվում էր, թե Հայաստանի միացել է ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի ձեւավորած մի ալյանսի, որը կրում է հակաչինական առաքելություն: Սակայն այսօր խորհրդարանում Զոհրաբ Մնացականյանը շտապեց փարատել կասկածները եւ հայտարարել, որ այն հակաչինական ալյանս չէ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս ալյանսի առնչությամբ նշում է. «Այս ալյանսը լուրջ անհանգստություն է առաջացնում Չինաստանի եւ Ռուսաստանի Դաշնության մոտ, որովհետեւ այս երկրներում կարծիք կա, որ ալյանսի հիմնական գործունեությունն ուղղված է լինելու հենց իրենց երկրների դեմ։ Չինացիները կարծում են, որ այն ուղղված է լինելու Տիբեթի խնդրի դեմ, եւ անդամակցությունը մեզ համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել չինացիների հետ հարաբերություններում: Ընդ որում, ալյանսի ապագան դեռեւս կանխորոշված չէ կազմակերպության իրավական ձեւի առումով, արդյոք դառնալո՞ւ է միջազգային կազմակերպություն, թե՞ ոչ»:

Ի դեպ, փետրվարին ԱՄՆ-ի ձեւավորած դաշինքի անդամ երկրների թվում են ԱՄՆ-ն, Ավստրիան, Վրաստանը, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Չեխիան եւ եւս 12 երկիր:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ու հաղթահարման հնարավորությունները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մասնավորապես առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Նախագահն այսօր հանդիպել է երկրի խոշոր բուժհաստատություններից մեկի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ: Հանդիպմանը խոսվել է համավարակի կանխարգելման հնարավորությունների եւ հնարավոր լուծումների, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգում առկա դժվարությունների մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նախագահին տեղեկություններ է ներկայացրել իրենց բուժկենտրոնում իրականացվող միջոցառումների մասին, ներկայացրել համավարակը հաղթահարելու վերաբերյալ իր մոտեցումներն ու առաջարկները: Կարեւորելով համավարակին դիմակայելու խնդիրը՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ ոլորտին վերաբերող ռազմավարությունը՝ զարգացման հստակ ուղենիշներով եւ կանխատեսումներով, կօգնի հետագայում առավել պատրաստ լինել նման համավարակներին: Նրանք ընդգծել են այս համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակից նվազագույն՝ թե մարդկային, թե տնտեսական կորուստներով դուրս գալու կարեւորությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ամեն ջանք եւ ռեսուրս պետք է ներդնել՝ համատեղ ու միասնական ուժերով իրավիճակը հաղթահարելու համար:

 

 

ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի՝ 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես՝ Իրանի եւ Հայաստանի միջեւ բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլեւս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ, այլեւս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում եւ հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման եւ համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»։

 

 

1 ԴԵՊՔ

Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոնների 971 բուժաշխատողի մոտ (բժիշկ, բուժքույր, մայրապետ) ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19): Բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով արձանագրվել է մահվան 1 դեպք։

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔԵՐ

«Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան կենտրոն», «Կոշ», «Սեւան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի 33 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: «19-ն արդեն ապաքինվել են եւ վերադարձել իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը»,- հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։ Իսկ, ահա, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից միայն մեկ հոգու մոտ է հայտնաբերվել վիրուսը, ով  «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։ «Կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունքով թեստավորված բոլոր անձինք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են, այդ հիվանդության պատճառով մահվան դեպքեր չեն արձանագրվել»,-հայտնում են ՔԿՀ-ից: Առաջին հաստատված դեպքը եղել է «Հրազդան» ՔԿՀ-ի կալանավորի մոտ, իսկ ոչ վաղ անցյալում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, թե ՔԿՀ-ներն ամենաանվտանգ տեղն են կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Հայտնել էինք նաեւ, որ դեպքեր են եղել «Վարդաշեն», «Կոշ», «Հրազդան» հիմնարկներում։

 

 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնում է, որ, չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: «Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը՝ հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված, եւ մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատեւ ջանք գործադրենք այն բարելավելու համար: Անխտիր բոլորս պետք է կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից», – հայտնում է Թորոսյանը:

 

 

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության տեսչական մարմինը կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնում է ամենօրյա ռեժիմով։  «Այսօր մշտադիտարկումներ իրականացվել են Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։ Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում մշտադիտարկում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը՝ մանկապարտեզների հոսող տաք եւ սառը ջրով ապահովված լինելը, փակվող կափարիչով աղբամանների առկայությունը, սպասքի լվացման կանոնների պահպանումը եւ այլն», – հայտնում են տեսչությունից։

 

 




Լրահոս