«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանն է: Մեզ հետ զրույցում նա անդրադարձել է ներքաղաքական մի շարք հարցերի, ինչպես նաեւ կորոնավիրուսի կանխարգելման դեմ կառավարության կողմից տարվող պայքարին:
«Կանխատեսելի իրավիճակ է, մենք գիտենք, որ Ծառուկյանը մի օր բացահայտվելու էր, եւ բոլորս էլ գիտեինք դրա մասին: Ուղղակի չեմ հասկանում իշխանության գործողությունները, քանի որ, մեկ է, դատական համակարգ գոյություն չունի: Ի՞նչ է անելու, հերթական անգամ բռնելու է թողնի, կամ տարիներով ձգվող դատավարությունների շղթա է լինելու, որը չի նպաստելու երկրի զարգացմանը: Անիմաստ բան է, այսինքն` պատերը չսարքած՝ տանիք են ուզում սարքեն, պետք է ռեֆորմներ անեն, դատական համակարգը փոխեն, նոր ընկնեն նման մարդկանց հետեւից, հիմա անիմաստ լարվածություն, խոսակցություններ են, իսկ Ծառուկյանն ինձ համար բացահայտում չէր»,-նշում է նա:
-Պարո՛ն Դանիելյան, Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում իր նկատմամբ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունը հենց այս փուլում գնաց նման կտուկ գործողությունների, արդյոք Դուք տեսնո՞ւմ եք նման միտում:
-Ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն է, այն հին իշխանության ներկայացուցիչ էր, որն ընդհանրապես չպետք է մտներ խորհրդարան: Ընդդիմությունն արտախորհրդարանական եւ խորհրդարանական է, եւ, որպես այդպիսին, ընդդիմություն խորհրդարանում չկա: Նրանք առիթավորվեցին, քանի որ ակնհայտ հակապետական գործողությունների էր գնում ընդդիմություն կոչվածը: Եվ եթե Ծառուկյանն այդքան «դուխ» է հավաքել, ուրեմն նա ունի շատ մեծ աջակցություն ոչ միայն ներքին ուժերից, այլ նաեւ դրսից, քանի որ մենք գիտենք, որ ինքը բավականին վախկոտ մարդ է, եւ բավական է մի անգամ բամփեն, եւ նա սուս կմնա, իսկ եթե նրան լ չի բամփե ստացվում, ուրեմն նա ունի լավ ուժ, իսկ այդ ուժը հաստատ Աշոտյանը չի էլի, դա ռուսական օլիգարխիան է, Լուկաշենկոն է, քանի որ նա երբեք իրենով ոչ մի բան չի արել, նա միայն եղել է կատարողը:
-Ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացումը հնարավոր համարո՞ւմ եք: Նշեցիք, որ Գագիկ Ծառուկյանին աջակցում են դրսից ուժեր, այս պարագայում ի՞նչ զարգացումերի սպասել:
-Այն, ինչ արվում է, դա իշխանության դեմ չէ արվում, այլ ժողովրդի դեմ: Այդ ուժերն ամեն գնով ուզում են գան իշխանության, իրենց հետաքրքիր չէ՝ ժողովուրդը կկոտորվի, թե ինչ կլինի, դրանք ուրիշ ծրագիր չունեն, միայն ուզում են գալ իշխանության: Ասենք որ այս իշխանության ներկայացուցիչներին փչացնեն, իրենք հիվանդանոցնե՞րն են ավելացնելու, թե՞ վիրուսներն են քչանալու, միայն ավելի վատ ենք գնալու, այսպես էլ արդեն վատ է: Կոպիտ ասած, պատերազմական իրավիճակում նման բան անելը չեմ հասկանում, դա նույնն է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դուրս գայինք Սերժի դեմ, բայց մենք սպասեցին, չէ՞, մինչեւ պատերազմը վերջացավ: Հիմա նույնն է, պետք է սպասենք՝ համաճարակն ավարտվի, հանրաքվե լինի, դատական համակարգը փոխվի, իսկ սրանք ուղղակի խառնվում են, որպեսզի ամեն ինչ փչացնեն: Եթե հիմա պատերազմ սկսվի, թշնամին մտնի Երեւան, նրանք ավելի կուրախանան, եթե պատերազմում կրվենք, էլի կուրախանան, այսինքն` վիրուսն ունի մի հատկություն, մտնում է օրգանիզմի մեջ, սպանում է, հետո ինքն է սատկում, այ նրանք այդ հատկությունն ունեն, այսինքն՝ իրենք իրենց ուզում են սատկացնեն: Գագիկ Ծառուկյանին բռնելուց բան չի փոխվում. ո՞վ է իրեն դատելու, եթե մենք դատական համակարգ չունենք: Այդ, ինչ որ իրենք ասում են, ես գիտեի, կարող էին ինձ ասել, ես կասեի, որ ընտրակաշառք է բաժանել, այս է արել, այն է արել:
-Ձեր դիտարկմամբ՝ ո՞րն էր մինչ այսօր լռության պատճառը:
-Դե մինչեւ հիմա Ծառուկյանը լռում էր: Այնքան մարդ կա, որի մասին լռում են, բայց քանի որ չեն մտել քաղաքականություն, հարկերն էլ մուծում են, լռում են, իսկ Ծառուկյանը դրսից կառավարվող ուժ է, ում, որպես ական, պահեցին խորհրդարանում, եւ հիմա այդ ականը պայթեցնում են Փաշինյանի ու ժողովրդի դեմ:
-Պարո՛ն Դանիելյան, երկիրն այս պառկատված վիճակից դուրս բերելու համար ի՞նչ ելքեր եք տեսնում:
-Այս իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները պետք է կազմեն հեղափոխական դատական իշխանություն ժամանակավոր, նորմալ մասնագետներին ներգրավվեն եւ ձեւավորեն նորմալ թիմ, արտակարգ մի կառավարություն, որը կկարողանա երկիրը դուրս բերել այս վիճակից, ինչի համար երկու տարին բավական էր, եթե ոչ, ապա այս կռիվը մենք տանուլ կտանք: Առաջին հերթին պետք է փոխենք դատական համակարգը, հիմա եթե բռնեն, յոթը տարի դատավարություն կգնա, էս ժողովուրդն էլ բան ու գործ չունի: Մեզ պետք են լուրջ քայլեր ձեռնարկել, հիվանդանոցներ կառուցել, դատական իշխանության շտապ փոփոխություն:
-Խոսելով կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արվել է ավելին, քան հնարավոր էր: Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս արվել է ամեն հնարավորը:
-Այս հարցին խիստ վիրուսոլոգների պատասխան է պետք: Ես անձամբ պահում եմ անվտանգության բոլոր կանոնները: Ընդհանուր նայելով այլ երկրների հետ՝ այնքան սարսափելի չէ, այն, որ ասում են՝ տապալված է բան: Մարդիկ էլ աշխատում են հետեւել կանոններին, ընդհանրապես մոլորակի բնակչությունն անորակ է, իսկ ովքեր որ չեն հասկանում, պետք է պատժել խիստ: Ոստիկանությունը պետք է ավելի խիստ լինի, բայց պետք է նորից վերադառնամ մեր խոսակցությանը, որ Ոստիկանությունը նույն Վովայի ժամանակվա քվեարկության տարվող Ոստիկանությունն է, որը բացի ժողովրդին ծեծելուց եւ ջեբները պլան քցելուց, ոչ մի բան չգիտի, որն արդեն երկու տարվա մեջ պետք է ռեֆորմների ենթարկված լիներ: Սա իմ երազած Ոստիկանության համակարգը չէ, որը որ պետք է լիներ հեղափոխությունից հետո:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ ԵՐԳԻՉ ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ
Նախօրեին երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան ինստագրամյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երգչի քիթը վիրակապված էր, ինչն էլ մեծ անհանգստություն էր առաջացրել վերջինիս երկրպագուների մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթրը փորձել է երգիչ Մգեր Արմենիայի հետ զրույցում փարատել նրա երկրպագուների անհանգստությունը, պարզել, թե ինչ է պատահել նրան, եւ որն է եղել վիրահատության պատճառը:
Սակայն վերջինս մեզ հետ զրույցում նշել է. «Ունեի քթի միջնապատի խնդիր, որի հետեւանքով առաջացել էին շնչառական խնդիրներ, այդ իսկ պատճառով դիմեցի վիրահատության, քանի որ լավ չէի շնչում»:
Երգիչը մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին անհանգստության համար եւ խոստանում է, որ շուտափույթ կերպով կապաքինվի եւ նոր երգեր կնվիրի նրանց:
Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ Մգեր Արմենիան նկատում է, որ մարդիկ սկսել են այլ աչքերով նայել հիվանդությանը եւ հնարավորինս պահպանել անվտանգության կանոնները:
«Մարդիկ մտահոգված են, վախ կա իրենց մեջ, որպեսզի չվարակվեն»,-հավելում է նա:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամի իր պաշտոնական էջում կատարած հրապարակմամբ շնորհավորել է իր ավագ որդու՝ Կրիշտիանու Ռոնալդու կրտսեր ծննդյան տարեդարձը: «Ժամանակը շատ արագ է անցնում: Չեմ կարողանում հավատալ, որ դու արդեն 10 տարեկան ես: Շնորհավոր տարեդարձդ, որդիս»,- գրել է Ռոնալդուն: Հրապարակման մեկնաբանություններում շնորհավորանքին միացել են «Յուվենտուսի» որոշ ֆուտբոլիստներ, այլ համաշխարհային աստղեր: