Վերականգնվել է Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերականգնվել է Արարատի մարզի Նորաշեն և Դվին համայնքների միջով անցնող 2.7 կմ երկարությամբ ճանապարհը։ Այն վերականգնվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են Արարատի մարզ‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Շինարարությունն իրականացրած «Արարատ ճանշին» ընկերության ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքի մանրամասները։

Հանձնաժողովի նախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցում կարևորել է վերականգնված ճանապարհի հետագա պահպանման և սպասարկման խնդիրը‚ որպեսզի այն ավելի երկար ծառայի բնակչությանը։

Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանը նշել է‚ որ գոհ են ճանապարհաշինական աշխատանքներից. «Որակով աշխատանք է արվել։ Այսուհետև մարդիկ կքայլեն բարեկարգված մայթերով‚ կերթևեկեն վերանորոգված ճանապարհով։ Որակյալ ճանապարհը նպաստավոր պայման է նաև գյուղատնտեսական մթերքը տեղափոխելու և իրացնելու համար»։

Նշենք‚ որ վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, կառուցվել են կողնակներ, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, իրականացվել են մայթերի, իջատեղերի և մուտքերի կառուցման աշխատանքներ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։




Լրահոս