Այս պահին մենք կարկուտի պատճառած վնասների մասին տեղեկություն ստացել ենք միայն Գյումրի եւ Ախուրյան համյանքներից։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն, անդրադառնալով երեկ տեղացած կարկուտի հետեւանքով առաջացած վնասներին։
«Թերեւս ամբողջական տեղեկատվությունը դեռեւս հավաքվում է, բայց այս փուլում ,կարծես թե, հենց կենտրոններն այդ երկու բնակավայրերն են։ Վնասները գնահատելու համար համայնքները նախ գնահատում են իրականացնում, որը ստանալուց հետո մարզպետարանի համապատասխան հանձնաժողովներն են գնում շրջայցի։ Իսկ այս պահին կոնկրետ վնասների չափի մասին չեմ կարող ֆիքսել»,-նշում է մարզպետը։
Ըստ մարզպետի՝ վնասների չափերի արձանագրությունների փաթեթը մինչեւ վաղը կկազմվի ու կներկայացվի կառավարությանը։
«Մինչ կարկուտը, մարզում քամու հետեւանքով մեծ խնդիրներ են առաջացել, հանձնաժողովի անդամները տուն առ տուն վնասների չափերի արձանագրությունները կազմել են եւ դիմելու են կառավարությանը»,-հավելում է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ երեկ հանրապետության մի շարք մարզերում եւ առանձին բնակավայրերում տեղացել էր ուժգին քամի եւ կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ։
Լիդա Եղիազարյան