Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի երեկ կայացրած վճիռը, ինչպես և սպասվում էր, բուռն քննարկումների առիթ է դարձել։ Այդ քննարկումներում գերակշռում են Քոչարյանին ազատ արձակելու վճռի արդարացիության, գրավի չափի վերաբերյալ հարցերը՝ երկրորդ պլան մղելով շատ ավելի կարևոր ու խորքային հիմնախնդիր։
Նախ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործում առկա են ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհաքաղաքական բազմաթիվ ու բազմաշերտ հետաքրքրություններ ու շահեր, որոնք որևէ դեպքում չպետք է անտեսվեն այս գործի հետ կապված այս կամ այն հարցը քննարկելիս։ Այս հարցում ամենավտանգավորն ու մտահոգիչը արտաքին շահերի հնարավոր գործոնն է, որն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կարող է ունենալ կայացվող այս կամ այն վճռի վրա։
Այսինքն՝ Քոչարյանի գործն իրականում շոշափում է մեր անկախությանը, ինքնիշխանությանն առնչվող ասպեկտներ, որոնք ավելի սուր են արտահայտվում դատական համակարգի ներկայիս խայտառակ իրավիճակի խորապատկերում։ Իսկ դատական համակարգում իրավիճակն առավել քան անթույլատրելի է, և դա ունի կոնկրետ պատասխանատուներ։ Դրանց թվում առաջինը պետք է նշել Բարձրագույն դատական խորհրդին՝ ի դեմս դրա նախագահ Ռուբեն Վարդազարյանի ու խորհրդի անդամների, որոնք անցած երկու տարիներին տապալել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու գործը՝ իրենց ուղղակի պաշտպանության տակ առնելով կոռումպացված ու հանցավոր դատավորներին։
Ընդհանրապես, Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ դատական գործը յուրօրինակ կատալիզատորի դեր է խաղում ու ցույց է տալիս ինչպես մեր դատական, այնպես էլ քննչական, դատախազական մարմինների ապիկարությունն ու ապաշնորհությունը։ Այս համակարգերի ներկայացուցիչները անցած երկու տարիներին ուղղակի մսխել են պետական բյուջեի միջոցները՝ դատական այս գործընթացը հասցնելով ուղղակի տապալման։ Մարտի 1-ի գործը մտել է փակուղի, դրանում որևէ տեսանելի, շոշափելի առաջընթաց չի արձանագրվում։ Ընդ որում, դա վերաբերում է նաև Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձին մասով քրեական գործին՝ կապված Մարտի 1-ի բուն 10 սպանությունների անմիջական կատարողների, դրանց ճարտարապետների, հեղինակների, պատվիրատուների, ուղղակի հրաման տվողների բացահայտման հետ: Այս երկու առանցքային, կարևորագույն գործերն իրավապահ մարմիններն ու դատական համակարգը տապալել են խայտառակ կերպով, նրանք անցած երկու տարիներին ցույց են տվել աշխատանքի զրոյական արդյունավետություն, ինչի համար պետք է լինեն կոնկրետ, հասցեական պատասխանատուներ։
Ահա այս լույսի ներքո Մարտի 1-ի գործը դիտարկելիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը դառնում է երկրորդական, երրորդական, որովհետև այնքան էլ էական չէ՝ դատավարության ընթացքում նա կգտնվի կալանավայրում, թե ազատության մեջ, կարևորը, առանցքայինը դատական գործընթացի վերջնարդյունքում հրապարակվելիք դատական ակտն է, որի՝ տեսանելի ապագայում ընդունման հեռանկար մենք ամենևին չունենք։ Իրականում, եթե անցած երկու տարիներին դատախազական ու դատավարական գործընթացներն ընթանային պատշաճ մակարդակով և դատավարությունը մտած լիներ բուն ապացույցների, ցուցմունքների հրապարակման, վկաների հարցաքննության փուլ, շատ հավանական է, որ Քոչարյանի խափանման միջոցի հարց ընդհանրապես չքննարկվեր՝ արդեն դատարանում ներկայացված իրողությունների ու փաստերի համատեքստում։ Բայց դատավարական գործընթացը, ինչպես վերը նշվեց, ամբողջությամբ տապալվել է, ինչը հնարավորություն է տալիս Քոչարյանի պաշտպանական խմբին ամենատարբեր իրավական, ընթացակարգային մանիպուլյացիաներով ձգձգելու դատավարությունը։ Այդ մարտավարությունն ակնհայտորեն կառուցված է ոչ թե իրավական, այլ քաղաքական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա, ինչը ընթացող դատավարությունը տեղափոխում է ամենևին ոչ իրավական հարթություն։
Հայաստանի դատական համակարգը գործնականում պատանդ է դարձել Մարտի 1-ի գործին ու Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ իրականացվող դատավարությանը։ Այս գործը դարձել է յուրատեսակ ինդիկատոր, որի այս կամ այն ընթացքին ակնդետ սպասում է ինչպես հասարակությունը, այնպես էլ ողջ դատական համակարգը։ Դա ուղղակի անթույլատրելի իրողություն է, և պետք է օր առաջ դատական համակարգն ազատագրել Քոչարյանի գործի, այսպես ասած, գերությունից։ Դատական համակարգի խնդիրներն իրականում պայմանավորված չեն այս կամ այն առանձին վերցրած դատավորով, դրանք համակարգային են ու համակարգաստեղծ։
Հետևաբար մենք պետք է կենտրոնանանք ոչ թե այս կամ այն դատավորի, նրա հրապարակած վճռի քննարկումների, այլ դատական համակարգի արմատական, խորքային բարեփոխումների վրա։ Մեզ անհրաժեշտ է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած առանց բացառության բոլոր վճիռները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ունեցող այնպիսի գործ, ինչպիսին Մարտի 1-ի գործն է, հասարակության շրջանում կասկած չհարուցեն և ընդունվեն միարժեքորեն։ Իսկ դրա համար, ինչպես բազմիցս նշել եմ, առաջին հերթին անհրաժեշտ է դատավորների շրջանում իրականացնել համատարած վեթինգ՝ զտում, որը դատական համակարգը կազատագրի կոռումպացված, նախկին իշխանությունների ու օլիգարխների հետ ամենատարբեր առնչություններ ունեցող դատավորներից։
Անկախ այս կամ այն փուլում կիրառված խափանման միջոցից՝ ի վերջո Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է կալանավայր։ Դա աներկբա է ու նույնիսկ չպետք է լինի քննարկելի։ Խնդիրը, մեծ հաշվով, Քոչարյանի գործը չէ, այլ դատական համակարգի ներկայիս վիճակը, որովհետև Քոչարյանի գործի ներկայիս ընթացքի վրա ազդող գործոնները կան, շարունակելու են լինել և ավելի խորանալ, քանի դեռ մենք վերջապես ձեռնամուխ չենք եղել դատական համակարգի արմատական, խորքային բարեփոխմանը։
Արման Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր
Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնության անդամ