Վարդենիսում հակակարկտային կայան չկա․ ինչ վնասներ են կրել վարդենիսցիները․ Արամ Մելքոնյանը մանրամասներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում երեկ տեղացած կարկտահարությունը վնասներ է հասցրել բնակիչներին: Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հիմնականում վնասնվել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

«Վարդենիսում պտղատու այգիները վնասվել են կարկտահարությունից: Այն, ինչ որ ունեն մարդիկ իրենց տնամերձ հողատարածքում, վնասվել է: Դաշտերում ուսումնասիրություն ենք արել, ցորենն ու գարին այդքան էլ չեն վնասվել, բայց կարտոֆիլի ցանքատարածությունները վնասել է: Կարտոֆիլի տերեւները կտրել է, հուսով ենք կվերականգնվի: Մի ուղղությամբ է կարկուտը տեղացել, ինչպես ասում են՝ երակային ամբողջ քաղաքի միջով ու դաշտերի վրայով դեպի Սոթք, Գեղամասար համայնքներ: Վերականգնելու ժամանակ կա»,- ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ կարկտահարությունից հետո Վարդենիսում հանձնաժողով չի կազմվել. «Այս պահին չունենք, բայց երկուշաբթի կունենանք, մարզպետարանին տեղյակ պահել ենք: Բայց արձանագրություն կազմում ենք: Մարդիկ չեն բողոքում, որովհետեւ վերականգնվող է»:
ArmLur.am-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետը դժվարացավ նշել՝ փոխհատուցում կտրվի՞, թե՞ ոչ. «Չեմ կարող ասել, ինձ թվում է վնասները շատ լուրջ չէ, որ փոխհատուցում տրվի»։

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, նաեւ, որ հակակարկտային կայաններ տեղադրված չեն եղել կարկտահարված տարածքներում. պարզվում է՝ տարիներ առաջ մարզային իշխանությունը փորձեր արել է հակակարկտային կայան տեղադրելու, բայց չի հաջողվել, կիսատ է մնացել: «Հիմա հասկանում ենք, որ հակակարկտային կայան է պետք մեզ եւ հույս ունենք, ավելին՝ վստահ ենք, որ կառավարությունը մեզ այս հարցում կաջակցի»,- հույս հայտնեց վարդենիսցի քաղաքապետը:

Ս.Հ.

 




Լրահոս