ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը ներկայացրել են նախագիծ, որը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն։ Հենց այդ օրենքն է սահմանում, թե որ ովքեր պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն իրենց տարեկան հայտարարագրերը։
Նոր փոփոխությամբ նրանք ցանկանում են ամրագրել, որ հայտարարագիր ներկայացնելու պահանջը պարտադիր է «Հանրային ծառայության մասի» օրենքով սահմանված անձանց եւ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց իրական սեփականատերերի, հիմնադիրների (մասնակիցները), գործադիր մարմնի համար օրենքով նախատեսված դեպքերում:
Որպես հիմնավորում նշվում է, որ հանրային ծառայությունների ոլորտի կազմակերպությունների գործունեությունը պետք է համահունչ լինի հաշվետվողականության եւ թափանցիկության լավագույն չափորոշիչներին, քանի որ այս գործոնները հավելյալ վստահություն են ձեւավորում սակագների մասով գնագոյացման գործընթացի նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորություն են տալիս իրականացնել հանրային վերահսկողության համապատասխան գործիքակազմ:
Հանրային հաշվետվողականության լրացուցիչ մեխանիզմի ներդրման գործիքներից մեկը կարող է լինել նշյալ ընկերությունների բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրումը: Տվյալ մեխանիզմը կարող է նպաստել համակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչն անհրաժեշտ նախապայման է օրինակ դրանց հետագա բաժնետիրացման համար:
Վերոհիշյալ նպատակների համատեքստում, սույն օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների ղեկավար կազմի համար, ովքեր հայտարարագրեր կներկայացնեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: