Հանդիպումներ՝ Լիտվայից ժամանած բժիշկների թիմի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի,
փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները:

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց առաջին նմանատիպ համագործակցությունն է և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ է կրելու:
«Այս ամենի միակ նպատակը հայաստանյան գործընկերներին աջակցելն է և նման առաքելության իրագործումը բարդ խնդիր է՝ ինչպես ուղարկող, այնպես էլ ստացող կողմի համար», – նշել է դեսպանը:
Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսը ներկայացրել է իրենց երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը, 2020 թվականի հունվարից ձեռնարկված
նախապատրաստական աշխատանքները և վարակի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը: Մասնագետների խոսքով` դրական արդյունք է գրանցվել կառավարության, զանգվածային լրատվամիջոցների ու առողջապահական
համակարգի սերտ գործակցության շնորհիվ:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակը, կորոնավիրուսային հիվանդության բուժման կազմակերպման առանձնահատկությունները և մոտեցումները:
Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տրամադրված բժշկական պաշտպանիչ պարագաների և սարքավորումների համար, հավելելով, որ Լիտվայից ժամանած բժիշկների թիմն իր 14-օրյա առաքելությունն իրականացնելու է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոններում:




Լրահոս