Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 20-ին մասնակցել է Փախստականների միջազգային օրվան նվիրված առցանց համաժողովին:
Փախստականներն օբյեկտիվորեն քիչ են իրազեկված իրենց իրավունքների վերաբերյալ, հետևաբար պետության պատասխանատվության նշաձողն ավելի բարձր է նրանց իրավունքների պաշտպանության հարցում»,- բացման խոսքում ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Նա տեղեկացրել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) վերջերս հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության նպատակով իրականացնում են մշտադիտարկման այցերին հատուկ հաստատություններ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի օմբուդսմանների աշխատակազմերի կողմից իրականացվում է սահմանային անցման կետերում համատեղ մշտադիտարկում:
Ոլորտում իրականացվում են շահագրգիռ կողմերի միջև վերապատրաստումներ ու քննարկումները, Պաշտպանն առանձին զեկույց է հրապարակել ախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ՝ կատարելով նաև օրենսդրության և Միգրացիոն ծառայության որոշումների վերաբերյալ առաջարկներ:
ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակի, ՀՀ Միգրացիոն ծառայության և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն համատեղ նախաձեռնած առցանց համաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը և այլք:
Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների գործակալության Հայաստանի գրասենյակին արդյունավետ համագործակցության համար, իսկ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին միջոցառման կազմակերպման և ոլորտն ուշադրության ներքո պահելու համար: