Գազի հերթական թանկացմամբ մենք վճարում ենք հեղափոխությամբ ինքնիշխան դարձած պետականության համար. Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազի հերթական թանկացմամբ մենք վճարում ենք հեղափոխությամբ ինքնիշխան դարձած պետականության համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրառում է կատարել ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հուլիսի 19-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: Հայաստանի բնակիչների անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: Սակայն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը կբարձրանա, ՀԾԿՀ որոշմամբ այն 212 դոլարից կդառնա 224 դոլար։

«Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր այս խմբի համար գազի սակագինը դարձնել 283․1 դոլար։ Ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս կմնա նույնը՝ 139 000 դրամ 1000 խ/մ-ի համար։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր սակագինը դարձնել 135 909 հազար դրամ։ Իսկ ամսական 10 000 խմ-ը գերազանցող սպառողների համար հուլիսի 19-ից կբարձրանա՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն դառնալով 255 դոլար։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտով 10 000 խմ-ից ավելի սպառողների համար ևս առաջարկվում էր 283․14 դոլար։ Արդյունքում, սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի աճը գործող միջին կշռութային սակագնի նկատմամբ կկազմի 4․5 %, ոչ թե 11%՝ ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Այսպիսով, կարող ենք արձանարգել, որ չնայած ՀԾԿՀ–ն «Գազպրոմ Արմենիայի» հայտը բավարարել է մասամբ, այդուհանդերձ Հայաստանում սպառվող գազի միջինացված գինը բարձրացել է։ Ընդ որում գազի սակագնի բարձրացման չափն այս դեպքում, երկրոդական, երրորդական նշանակություն ունի։ Խնդիրը գնի բարձարցումն է ինքնին, այն պայմաններում, երբ ամիսներ շարունակ էներգակիրների համաշխարհային շուկայում արձանագրվում է գազի գնի հետրողական անկում, իսկ Ռուսաստանը մի շարք երկրների համար նվազեցրել է գազի գինը։

Սա, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, ոչ բարեկամական քայլ է ռազմավարական դաշնակցի երկրի կողմից, որի արդյունքում զգալի վնաս է հասցվելու Հայաստանի՝ առանց այդ էլ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ծանր վիճակում գտնվող տնտեսությանը։ Գազի միջինացված գնի 4.5 տոկոսանոց աճը հանգեցնելու է այլ ապրանքների գնաճի, այսինքն՝ վնասելու է Հայաստանի տնտեսությանը։ Ակնհայտ է, որ գազի գնի թանկացման որոշումը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով և որևէ կապ չունի տնտեսական գործոնների ու հիմնավորումների հետ։

Սա Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ճնշման հերթական դրսևորումն է, որը ավելի գլոբալ իմաստով, Հայաստանին հասցվող հերթական հարվածն է 2018 թվականին իրականացված թավշյա հեղափոխության համար։

Ռուսաստանն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ նախկինում իր հետ վասալային հարաբերություն ունեցող երկրում հնարավոր եղան ժողովրդավարական փոփոխություններ, Ռուսաստանում վախենում են, որ դա կարող է վարակիչ լինել ԵԱՏՄ երկրների ու առաջին հերթին Ռուսաստանի համար ու այդ պատճառով չեն ներում Հայաստանին։ Այսինքն՝ գազի հերթական թանկացմամբ մենք ըստ էության վճարում ենք հեղափոխության, դրա շնորհիվ ինքնիշխան դարձած պետականության համար։

Ռուսաստանը գազային սպառնալիքն ու լծակը շնորհիվ 2013 թվականին Հայաստանի նախորդ հանցավոր իշխանության կողմից կնքված հակապետական գազային համաձայնագրի, որով ռուսական «Գազպրոմը» մենաշնորհ է ստացել ինչպես մեր երկրին գազի մատակարարման, այնպես էլ գազասպառման ներքին համակարգերում։

Հետևաբար մեր՝ որպես ինքնիշխան երկրի պատասխան քայլը պետք է լինի վերանայել կամ ընդհանրապես չեղարկել այդ խայտառակ համաձայանգիրը, որը հակասում է ինչպես մեր ազգային ու պետական շահերին, այնպես էլ Սահմանադրությանը։ Իսկ դա նշանակում է, որ գազային այս խայտառակ համաձայանգրի վերանայման մասին կարող են մտածել միայն երկրում առկա սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու ու ազգային–պետական շահերով առաջնորդվող Սահմանադրական դատարան ունենալու դեպքում, որը հակասահամանադրական կճանաչի 2013 թվականի գազային համաձայնագիրը։ Դա կլինի մեր՝ ինքնիշխան երկրի ինքնիշխան պատասխանը Ռուսաստանի կայսերապետական նկրտումներին»։




Լրահոս