Այսօր Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արկադի Արշավիրի Ղուկասյան (հունիսի 22, 1957, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ) ՀՀ և ԱՀ պետական և քաղաքական գործիչ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ։ Պաշտոնը զբաղեցրել է 1997-2007 թվականներին:

Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Ստեփանակերտում: Հայրը զբաղեցնում էր Ղարաբաղի գլխավոր բժիշկի պաշտոնը, իսկ մայրը ուսուցիչ էր։ 1974 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1979 թվականին` Երևանի պետական համալսարանը: Անցել է պարտադիր ծառայություն ԽՍՀՄ բանակում որպես սպա։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1980 թվականին «Սովետական Ղարաբաղ» թերթում` սկզբում որպես թղթակից, իսկ 1981 թվականից` գլխավոր խմբագրի տեղակալ: 1988 թվականից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից է: 1992 թվականին Արկադի Ղուկասյանն ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր: 1992 թվականի սեպտեմբերին Արկադի Ղուկասյանը նշանակվում է ԱՀ Պաշտպանության Պետական Կոմիտեի (ՊՊԿ) նախագահի քաղաքական հարցերով խորհրդական: Միաժամանակ նա կատարում է Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավարի գործառույթները:

1993 թվականի հուլիսին ԼՂՀ-ում ստեղծվում է արտաքին գործերի նախարարություն, և այդ գերատեսչության առաջին ղեկավար է նշանակվում Արկադի Ղուկասյանը: Նրա` ԱՀ ԱԳՆ ղեկավար աշխատելու ժամանակ, ղարաբաղյան դիվանագիտությունը բանակցային գործընթացում հասել է ԼՂՀ-ի համար լուրջ դրական արդյունքների: Հատկապես նշանակալի է Ղուկասյանի ներդրումը Արցախի Հանրապետության` որպես հակամարտության կողմի, փաստացի միջազգային ճանաչման գործում: Որպես ԼՂՀ արտաքին գործերի նախարար, Ղուկասյանը ելույթներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում (Պառլամենտ), Մինսկում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում կապված ԱՊՀ (СНГ) ստեղծման հնգամյակին և այլն։

1997 թվականի սեպտեմբերին անցկացված ԱՀ արտահերթ նախագահական ընտրություններում Ղուկասյանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվում է Արցախի Հանրապետության նախագահ։ 2000թ-ի մարտի 22ին Ղուկասյանի վրա կատարվում է մահափորձ, որը հետևանք էր նրա պայքարի կոռուպցիայի և ամենաթողության դեմ։ 2002 թվականի օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրություններում նա վերընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ: Որպես ԼՂՀ նախագահ, Ղուկասյանը բազմիցս այցելել է Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պրահա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել բարձր պետական ​​մակարդակով:

2002թ-ի դեկտեմբերին Ադրբեջանի իշխանությունները Ղուկասյանի դեմ հետախուզություն են հայտարարում՝ ոիպես «գլխավոր սեպարատիստ»-ի։ 2009թ-ին Ղուկասյանը նշանակվում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման և պարգևատրվել «Ոսկե Արծիվ» շքանշանով:




Լրահոս