ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանն իր գումարները բանկում է պահում. ինչ ունեցվածք ունեն փոխնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այսօր կներկայացնենք Առողջապահության նախարարի, փոխնախարարների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացրել են:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականին որևէ անշարժ գույք չի գնել: Սակայն Թորոսյանն ունի անհատական բնակելի տուն Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա ձեռք էր բերել դեռ 2011 թվականին: Հայտարարագրի համաձայն, նախարարը ավտոմեքենա չունի եւ ոչ էլ գնել է: Արսեն Թորոսյանը կանխիկ որևէ գումար չի հայտարարագրել եւ ստացվում է, որ նա ամբողջ գումարները պահում է բանկային քարտերի վրա: Ըստ այդմ, նա տարվա սկզբում բանկային քարտի վրա ունեցել է 1 մլն 925 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 հազար 897 դրամ: Տարվա սկզբում նա ունեցել է 22 հազար եվրո, իսկ վերջում՝ 31 հազար եվրո:  Մեկ տարվա ընթացքում որպես եկամուտ նա հայտարարագրել է պատգամավորական աշխատավարձը՝ 18 մլն դրամ եւ տրված փոխառություններից ստացված գումար՝ 573 դոլար:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ևս 2019 թվականին բնակարան չի գնել, սակայն ունի երկու  բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, մեկ ամառանոց՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում: Թեև փոխնախարարն ավտոմեքենա էլ չի գնել, սակայն հայտարարագրել է 2015 թվականին գնված FORD մակնիշի ավտոմեքենա:  Փոխնախարարը բանկային հաշիվների վրա ունի 2 մլն 850 հազար դրամ, 600 եվրո, իսկ կանխիկ 1 մլն 500 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն՝ 12 մլն դրամ եւ 11 մլն դրամի շահաբաժին “Աբովյան 39” ՍՊԸ-ից:

Իսկ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը չունի անշարժ գույք, ոչ էլ տրանսպորտային միջոցներ: Ամեն դեպքում հայտարարագրում նման տվյալներ չկան: Նա բանկային հաշիվներում ունի 4 մլն 724 հազար դրամ, իսկ որպես կանխիկ գումար՝ 7 մլն դրամ եւ 4 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է 9 մլն  դրամ՝ աշխատանքի վարձատրություն եւ 430 հազար դրամ Սևանի Հոգեկան Առողջության Կենտրոն ՓԲԸ-ից՝ կրկին որպես աշխատանքի վարձատրություն:

Իսկ փոխնախարար Լենա Նանուշյանը ունի մեկ բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, սակայն ավտոմեքենա չունի: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 24 հազար դոլար եւ 6 մլն դրամ՝ բանկային հաշիվներում, իսկ մեկ տարվա ընթացքում ունեցել է 12 մլն դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն առողջապահության նախարարությունում եւ 600 հազար դրամ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից՝ կրկին որպես աշխատավարձ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս