Ավարտվել են Արարատի մարզում գտնվող Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այգեզարդի բնակիչները համոզված են, որ այսուհետև իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնան‚ և վերականգնված ճանապարհը դրական ազդեցություն կունենա համայնքի զարգացման համար։
Տասնամյակներ ի վեր չնորոգված ճանապարհը վերականգնվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքներն ամփոփեց տեղում: Ծրագրի շրջանակներում ճանապարհն ասֆալտապատվել է, վերակառուցվել է ջրահեռացման համակարգը, կառուցվել են մայթեր, իջատեղեր և մուտքեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ, արվել են նշագծումներ և այլն։
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանն ընդգծում է‚ որ ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև գյուղերի հանրային նշանակության օբյեկտներ՝ համայնքապետարան, մանկապարտեզ, դպրոց, բուժկետ տանող իջատեղերը։ Այգեզարդում ևս ասֆալտապատվել են համայնքապետարան, մանկապարտեզ և դպրոց տանող փողոցները՝ դրանք դարձնելով ոչ միայն անվտանգ, այլև բարեկարգ ու գեղեցիկ։ Տիկին Աղաբեկյանը նկատեց նաև‚ որ կապալառու կազմակերպությունը՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ համայնքի համար‚ նաև համայնքի որոշակի ներդրմամբ‚ կատարել է լրացուցիչ աշխատանքներ։
Բնակիչները‚ որ անհամբերությամբ էին սպասում շինարարության ավարտին‚ փաստում են ճանապարհաշինարարների պատասխանատու մոտեցումն աշխատանքին։ «Երեսուն տարի փոշու մեջ ապրել ենք‚ ո՞նց կարող ենք գոհ չլինել։ Շատ շնորհակալ ենք ֆինանսավորողից էլ‚ կառուցողից էլ»‚- ասաց Այգեզարդի բնակիչ Սերոժ Մանուկյանը՝ ավելացնելով‚ որ նախկինում ճանապարհը գրեթե անանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, այսօր‚ սակայն‚ ունեն բարեկարգ ճանապարհ։