2 ամիս անց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի նախկին պետ Կարապետ Թումասյանը նոր պաշտոնի է նշանակվել: Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին ֆեյսբուքյան իր էջում Կարապետ Թումասյանը գրել էր իր աշխատանքից ազատման մասին: «Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը:
Ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ և ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ և որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ Ոստիկանությանը և եթե կրկին բախտ վիճակվեր ԲՈՒՀ և մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս: Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել և հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության և Աստծո դատին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու և շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս: Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության և անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»։
Եվ ահա դեռես 2 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը Կարապետ Թումասյանի ազատումից որոշ մանրամասներ էր հայտնել : Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ: Նկատենք, որ 2 ամիս անց մեզ հայտնի դարձավ որ Կարապետ Թումասյանը նոր պաշտոնի է նշանակվել : Մասնավորապես նա նոր պաշտոնի է անցել Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ նշանակվել է նախարարության ստորաբաժանումներից մեկի բաժնի պետ :
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան