Ինչպես հայտնի է, քիչ անց՝ 13:00-ին, տեղի է ունենալու Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի սահմանադրական փոփոխությունների հայտնի նախագիծը: Եվ ահա, քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրապարակվել է նաեւ Վենետեիկի հանձնաժողովի եզրակացությունն այս մասով: Եվ նկատենք, որ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում փորձ է արվում ավելի մեղմ ներկայացնել եզրակացությունը, սակայն նաեւ ընդդիմախոսներն են բարձրաձայնում, որ իրականում կարծիքն այնքան էլ դրական չէ:
Նախ նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում առավոտից բուռն քննարկումներ են եւ այս իրավիճակի պատասխանատու որակվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում մեղադրում են ավելորդ շտապողականության մեջ: Վերջինս պատգամավորներին վստահեցրել է, թե որեւէ խնդիր չի լինի եւ եզրակացությունը դրական կլինի, սակայն փաստորեն ամեն դեպքում բացասական դրույթներ եւս կան եւ հիմա ամենակարեւորը. այս պահին նրանք քննարկում են, թե ինչպես շրջանցեն Սահմանադրական դատարան դիմելու թեման, քանի որ մյուս խմբակցություններից հետաքրքրվելու են, թե ինչու չեն դիմում ՍԴ՝ նախագծի սահմանադրականությունը ստուգելու համար:
Այժմ ներկայացնենք հատված Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից, որը հրապարակված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: «Վերջին պահին Հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում Հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով Կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև Հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե Կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավել պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը»։
Սակայն նկատենք, որ ընդդիմադիր հատվածը այս նույն պարբերության այլ տարբերակն է տարածում՝ ասելով, որ իրականում այսպես է ասվել. «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»: