Կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է 33-ամյակի, դերասանների համար թատրոնում առաջացած խնդիրների մասին:
-Նոննա, ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ եք նշել Ձեր 33-ամյակը։
-Ծննդյանս տարեդարձը նշել եմ ընտանիքիս հետ: Գնացել ենք Գառնի, Գեղարդ, որոշեցինք անպայման եկեղեցի գնալ, քանի որ 33 տարեկան եմ դառնում: Շատ լավ շրջեցինք, հետո վերադարձանք եւ գնացինք ծնողներիս տուն։ Ես այդ օրը սիրում եմ նրանց հետ անցկացնել, որտեղ նաեւ ինձ հաճելի անակնկալ էր սպասվում, տորթ, ծաղիկներ, որից հետո ես, ամուսինս, իմ մի քանի ընկերների հետ նշեցինք:
-Ի՞նչ անակնկալներ, նվերներ էին ակնկալում :
-Շատ անակնկալներով լի օր էր: Ինձ համար նվերների չափը, քանակը, ձեւը կապ չունեն, կարեւորն այդ մարդն ինձ հիշել է, կամեցել եւ նվիրել է:
– Տարեդարձին ինչ նվերներ եք նախընտրում ստանալ: Սիրում եք նվիրե՞լ, թե՞ ստանալ։
-Ինչպես նվերներ տալ եմ սիրում, այնպես էլ սիրում եմ ստանալ, քանի որ կին եմ ու կարծում եմ յուրաքանչյուր կին երկուսն էլ սիրում է :
-Քանի որ երկրում համաճարակ է, եւ արդեն շուրջ 4 ամիս է, ինչ թատրոնները փակ են, և չեք աշխատում։ Ինչպե՞ս եք հաղթահարում այս բարդ շրջանը։
-Իսկապես, շատ ճիշտ նշեցիք` պետք է հաղթահարել այս համաճարակային բարդ շրջանը՝ չաշխատելով, մնալով տանը: Կոնկրետ դերասանների դեպքում չաշխատելով թատրոնում, քանի որ ինձ համար թատրոնը կյանք է, եւ չգիտեմ դերասան, ով աշխատում է թատրոնում եւ վերաբերվում է որպես աշխատավայրի կամ ինչ-որ հիմնարկի: Թատրոնը մեր տունն է, որտեղ մենք ապրում եւ դրսեւորվում ենք: Բառեր չեմ կարողանում գտնել, քանի որ հիմա շատ էմոցիոնալ եմ վերաբերվում այդ հարցին։ Հիմա չափից դուրս կարոտել եմ իմ աշխատանքը, չգիտեմ` ինչպես կարելի է այս համավարակի օրերին ապրել առանց թատրոնի:
-Կամերային թատրոնում փորձեր կամ գուցե օնլայն ներկայացումներ բեմադրելու մտադրություն կա՞։
-Կամերային թատրոնում առանց հանդիսատեսի որեւէ ներկայացում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ մեր բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցը հենց հանդիսատեսն է: Հանդիսատեսը խաղում է մեր ներկայացումներում, եւ առանց հանդիսատեսի շնչի, ձայնի, նույնիսկ դիրքորոշման ներկայացումներ պարզապես չեն կարող լինել: Մեզ համար շատ կարեւոր է, թե հանդիսատեսն ինչ կարծիք ունի մեր ասածի վերաբերյալ։ Առանց նրանց հնարավոր չէ:
Իհարկե մենք կարող ենք ներկայացումը տեսագրել եւ ցուցադրել, բայց չեմ կարծում դա ճիշտ տարբերակ է: Վայր դնել բոլոր զենքերը եւ աշխատել միայն օնլայն հարթակում: Դա ինձ համար սինթետիկ կյանքի ձեւ է դառնում բոլոր առումներով: Մենք ունենք շատ նոր մտահղացումներ, տարբերակներ, թե ինչպես կարելի է աշխատել այս պայմաններում, դեռեւ համբերատար սպասում են, որ Կառավարությունը մի օր էլ կանդրադառնա մեզ`տարբերակ առաջարկողներիս, թեեւ կարծում եմ հիմա նրանք շատ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Մենք սպասում ենք լուռ, մինչեւ կկարողանան անդրադառնալ մեզ գտնելու համար ճիշտ լուծումներ թատրոնին աջակցելու համար: Կարծում եմ սա դանդաղ մահ է թատրոնի համար:
-Ինչպե՞ս եք գնահատում այսօր դերասանների վիճակը:
-Ունեմ բազմաթիվ դերասան ընկերներ, որոնց հետ մշտապես կապի մեջ եմ, բոլորս էլ շատ պասիվ եւ անորոշ վիճակում ենք: Թատրոնն անվերջ փորձ անելով չի կարող գոյատեւել, թատրոնի սրտի երակը ներկայացումներն են, որոնք սնուցում են թատրոնին։ Այնպես որ կարծում եմ, որ դերասաններն այսօր անջատել են իրենց, քանի որ թատրոնը մեզ համար միակ կարեւոր կենդանի օրգանիզմն է: Սպասենք, տեսնենք, թե աշնանն ինչ կլինի:
-Դուք, լինելով բեմի, թատրոնի մշակույթ կրող դերասանուհի, հաճախ Ձեզ չեն տեսնում էկրաններին։ Ինչու՞։
-2007 թվականից աշխատում եմ թատրոնում եւ աշխատում եմ լիաթոք: Բազում սքեթչերում եւ սերիալներում եմ նկարահանվել, նաեւ գեղարվեստական ֆիլմերում: Բայց բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում սերիալներն ու ֆիլմերն այն աստիճանի չեն հասել, որ ափսոսեմ ինչ-որ մի սերիալում կամ ֆիլմում չնկարահանվելու համար: Նույնիսկ լինում են առաջարկներ, որոնցում դու չես ուզում նկարահանվել: Էկրաններին շատ երեւացել եմ ավելի երիտասարդ տարիքում, երբ նոր էի սկսում դերասանական կարիերաս, եւ դրանք քիչ չեն եղել իմ կյանքում:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հեռանալ թատրոնից՝ աշխատավարձի չնչին լինելը, թե՞ ֆիլմերում կամ սերիալներում նկարահանվելու գայթակղությունը։
-Այդ գայթակղությունը երբեք չի կարող ինձ հեռացնել թատրոնից: Կարծում եմ` ոչինչ չի կարող ինձ հեռացնել թատրոնից, այն իմ կենսակերպն է: Եթե ես 33 տարեկան եմ, ապա թատրոնն իմ կյանքում գոյություն ունի 17 տարեկանից: Ես թատրոնին շատ ամուր եմ կապված:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը