Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, Արտաքին գործերի նախարարության, Լիբանանում Արցախի մշտական ներկայացուցչության համատեղ ջանքերով ու նախաձեռնությամբ մոտ օրերս ձեռնամուխ ենք լինելու Արցախի Հանրապետության իշխանության և քաղաքացիների անունից մեր համեստ օգնությունն ու աջակցությունը հայտնել Լիբանանի հայ համայնքին, լիբանանահայ մեր քույրերին ու եղբայրներին, ովքեր այժմ գտնվում են ծանր և տագնապալի վիճակում` կապված Լիբանանի Հանրապետությունում տիրող քաղաքական, տնտեսական և ընկերային ճգնաժամի և դրան գումարված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:
«Արցախի Հանրապետության իշխանության և անձամբ Նախագահի համոզմունքն է. « Մեզ անհրաժեշտ են համազգային ջանքեր՝ համազգային պատասխանատվությամբ: Արցախը մեկ միասնական հայկական աշխարհի անբաժանելի մասնիկն է, ավելին՝ հայության ինքնության ու արժանապատվության համար թերևս ամենակարևոր մասնիկը ներկա դարաշրջանում:Սակայն, մյուս կողմից, մենք կրում ենք լրացուցիչ պատասխանատվություն համայն հայության առջև: Ուստի, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի այդ հնարավորությունն ու պատասխանատվությունը՝ հետևհետևողականորեն ամրապնդելով Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ համագործակցությունն ու ինտեգրացիայի աստիճանը, ներգրավելով բոլոր հնարավոր ջանքերն ու ռեսուրսները Արցախի անվտանգության ու զարգացման ուղղությամբ: Բոլոր դեպքերում պարտավոր ենք մենք էլ ձեռք մեկնել հայության այս կամ այն հատվածին՝ ցանկացած մարտահրավեր համատեղ չեզոքացնելու նպատակով: Մեր համազգային պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն հայոց միացյալ հայրենիքի անվտանգությունը և համազգային արժանապատվությունը պահելով առաջնագծում, փոխարենը՝ մենք կիսում ենք պատասխանատվությունը համազգային բոլոր խնդիրների լուծման համար»:
Ահա Արցախի Հանրապետության Նախագահի որդեգրած հավատամքն ու սկզբունքը` նորովի դիտարկելով Արցախ և Սփյուռք հարաբերությունների առանցքն ու Արցախի ստանձնած դերը:
Ուստի այս օրերին, չնայած աշխարհին տիրել է նոր մարտահարավեր` ի դեմս նոր կորոնավիրուսի համաճարակի, չնայած երկիր մոլորակի ամեն մի անկյունում ապրող մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրները բոլորինս են, մենք որպես մեկ և միասնական ազգ, հասել ենք այնտեղ ուր եղել է ճգնաժամայաին ու ծանր վիճակ, ձեռք ձեռքի ենք տվել ու հաղթահարել խնդիրները: Լիբանանի հայ համայնքը միշտ ակտիվ դերակատար ու հանձնառու է եղել մայր հայրենիքում` Հայաստան և Արցախ, տեղի ունեցող խնդիրներին ու առաջիններից է եղել, որ օգնության ձեռք է մեկնել ու նեցուկ կանգնել Արցախին ու Հայաստանին: Այս անգամ հերթը մերն է և Արցախն անում է իր առաջին քայլը` միասին կհաղթահարենք այս մարտահրավերը ևս, Արցախը լիբանանահայ համայնքի կողքին է»: