
Գավառ քաղաքում ապրիլի 28-ին տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Արմեն Միքայելյանն է ներկայացրել:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Միքայելյանի խոսքով՝ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Զոհրաբ Պարոնիկյանը և Վահե Ավետիսյանը ստացել են հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով էլ վրա է հասել մահը:
«Քրեական գործով հիմնավորվել է, որ նրանք մահացել են Արմեն Հայթյանի կրակոցների հետևանքով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»,- հայտնել է քննիչը: