Ազգային ժողովում այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց կողմ 89, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով: Այս նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված եւ պաշտոնավարումը դադարում է:
Եվ ուշագրավ է, որ այս նախագծի՝ առաջին ընթերցումից հետո, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ եւ առաջարկում է փոփոխություն անել ԱԺ կանոնակարգ օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» եւ Դատական օրենսգրքերում: Եվ այս բոլոր փոփոխությունները կապ ունեն Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրելու գործընթացի հետ:
Նախ ինչպես հայտնի է, վերը նշված նախագծի ընդունման պարագայում Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Եվ ահա, Հովակիմյանի նախագծերի փաթեթի ընդունման պարագայում Սահմանադրական դատարանի թափուր անդամներին ընտրելու են մեկ օրում: Նախագծում այսպիսի դրույթ է ամրապնդվում. «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով:»:
Իսկ մեկ այլ փոփոխությամբ ասվում է. «Սահմանադրական դատարանի դատավորի միաժամանակ թափուր երկու եւ ավելի տեղերի համար թեկնածուների առաջադրումները կատարվում են Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու մասին սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցողների կողմից:»: