Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագծի ընդունման պարագայում կդադարեն պաշտոնավարել ՍԴ այն անդամները, որոնք այդ պաշտոնին են արդեն 12 տարուց ավելի:
Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն ցանկանում է դիմել Սահմանադրական դատարան եւ վիճարկել նախագծի սահմանադրականությունը: Սակայն նկատենք, որ դրա համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանում ունի 25 պատգամավոր (առանց Տիգրան Ուրիխանյանի), եւ նրանց դա անելու համար պակասում է երկու ձայն:
ArmLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ այս պահին դիմել-չդիմելու հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են եւ ավելի շատ հակված են նման գործընթաց սկսելուն: Պատգամավորը մեզ հետ զրույցում եւս ընդգծեց, որ իրենց դա անելու համար պակասում է երկու պատգամավորի ստորագրություն:
ArmLur.am-ը փորձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պարզել՝ պատգամավորները կմիանա՞ն իրենց ընդդիմադիր գործընկերոջը, թե ոչ: Սակայն նրանցից մեկնաբանություն ստանալ առայժմ չհաջողվեց: Մինչ այդ, ժամեր առաջ, խմբակցության պատգամավորները հայտարարել էին, թե դեռ չեն քննարկել այդ հարցը:
Հավելենք, որ փոփոխությունների ընդունման պարագայում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կդառնա շարքային անդամ, իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը: Խորհրդարանում այսօր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծն ընդունեց միաձայն՝ 89 կողմ ձայնով: