«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս վերաքննիչ դատարանը փոխեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը եւ կիրառեց գրավ՝ աննախադեպ՝ 4 մլրդ դրամի չափով։
Այս անգամ իշխանական շրջանակները, նախորդ դեպքերի համեմատ, հնարավորինս փորձում էին արտաքուստ թաքցնել իրենց «հոգու խռովքը»։
Ավելի ստույգ՝ հիմնականում այս որոշմանն արձագանքում էին ոչ այնքան իրենց, որքան ֆեյքերի ու մի քանի սատելիտների դեմքով:
Փոխարենը նկատելիորեն ակտիվ են իշխանությանը սպասարկող ՀԿ-ներն ու «փորձագիտական» սեկտորը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս շրջանակը հերթական անգամ առաջ է քաշում դատական համակարգի ամբողջական, համապարփակ վեթինգի անհրաժեշտության հարցը։
Այս թեման քննարկելու համար, մեր աղբյուրների փոխանցմամբ, օրերս ոլորտի պատասխանատուները հանդիպում են ունեցել, այսպես ասած, «սորոսական» ՀԿ սեկտորի հետ, որին մասնակցել է նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։
Նրանք փորձել են համոզել արդարադատության նախարար Բադասյանին, որ վերջինս կարողանա հստակ ներկայացնել ու համոզել Նիկոլ Փաշինյանին, որ դատական համակարգում լուրջ վիրահատական միջոցառումներ են հարկավոր։
Մասնակիցները հորդորել են, որ ոչ թե հատվածական քայլեր արվեն, այլ դատական համակարգի «առողջացման» նպատակով նոր քաղաքականություն մշակվի եւ համակարգային քայլեր կիրառվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում