Արցախի նախագահն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ամենամսյա աշխատավարձը կտրամադրի բարեգործության: Այս մասին Հարությունյանը հայտնում է սոցցանցի իր էջում:

«Այսօր որոշում եմ կայացրել կանոնակարգված կերպով մինչև տարեվերջ ամեն ամիս աշխատավարձիցս 150 հազար ՀՀ դրամ փոխանցել Իվան Աթայանի անվան կրթական հիմնադրամին բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար, իսկ մնացած մասն ամբողջությամբ կուղղեմ Արցախի ազատամարտիկների միության ֆոնդին, որի վարչության անդամ եմ հանդիսանում և լիովին վստահում եմ կառույցի աշխատանքի թափանցիկությանը: Գումարը կծառայի առաջին կարգի զինհաշմանդամների տարբեր սոցիալական խնդիրների լուծման նպատակով»,- գրել է Հարությունյանը:

Նախագահը հիշեցրել է, որ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատած տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձը պարբերաբար տրամադրել է տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը:

«Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին բազմիցս խոսել եմ, երբևէ ո՛չ աշխատավարձ եմ ստացել, ո՛չ էլ արտասահմանյան գործուղումներիս ժամանակ օգտվել եմ պետական միջոցներից»,- նշել է Արցախի նախագահը:




Լրահոս