Ով է Դատավորների ընդհանուր ժողովի ՍԴ անդամի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ակնկալվում է, որ  Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Ամեն դեպքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, դատական համակարգում հենց նրան են հակված առաջադրել այդ պաշտոնի համար, համարում են պարկեշտ եւ փորձառու անձնավորություն: Բացի այդ, նա Սահմանադրական դատարանում աշխատելու փորձ ունի:

Մասնավորապես, Հակոբյանը 1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: Իսկ 2003 թվականին էլ  աշխատել է ՀՀ սահամանդրական դատարանում, որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ: Նա վարչական դատարանի դատավոր նշանակվել է 2013 թվականին: Հավելենք, որ 2015 թվականին նա դիմել էր նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ ընտրվելու համար, սակայն մրցույթը չէր հաղթահարել:

Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» խմբակցությունը  արտահերթ նիստում միանձնյա քվեարկեց և ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Միաժամանակ, կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ։ Նա կշարունակի կատարել ՍԴ դատավորի լիազորությունները։

Եվ ահա ԱԺ նախագահի կողմից հրապարակելուց հետո՝ Սահմանադրության 7-րդ գլխի 3-րդ մասի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի թափուր տեղերի համար առաջադրումները կկատարեն հաջորդաբար կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։




Լրահոս