Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական մի շարք հարցերի:
-Պարո՛ն Շահվերդյան, հետեւո՞ւմ եք Հայաստանում զարգացող իրադարձություններին: Ի՞նչ տպավորություն ունեք:
-Շատ լավ եմ արձագանքում եւ կարծում եմ, որ բոլորս պետք է միահամուռ կերպով աջակցենք մեր վարչապետին եւ օգնենք իսկապես նոր փոփոխություններ իրականացնել: Այն , ինչը տարիներ ի վեր գողացվել է վերադարձվի, եւ մեղավորները պատժվեն: Սատարում եմ ներկայիս իշխանությանը եւ համարում եմ, որ շատ ճիշտ որոշումներ են կայացնում, եւ իսկապես հավատում եմ Նիկոլ Փաշինյանին: Նրա ցանկությունը երկիրը փոխելն է եւ անել ամեն հնարավոր բան է, որպեսզի Հայաստանը դուրս գա ճգնաժամից եւ փոխվի, դառնա այն Հայաստանը, որի մասին բոլորս մտածում ենք:
-Օրեր առաջ հատնի դերասան, կինոռեժիսոր Միքայել Պողոսյանը մտավորականությանը կոչ արեց ներկա իշխանությունների կողքին կանգնել, քանզի նա վտանգներ է տեսնում նախկիների կողմից: Դուք կիսո՞ւմ եք արդյոք Միքայել Պողոսյանի այդ մտավախությունը, արդյոք նախկինների վերադարձի վտանգներ տեսնո՞ւմ եք:
-Այո, ես նույնպես կիսում եմ Միքայել Պողոսյանի մտավախությունը․ ես ինքս էլ բոլորին կոչ եմ անում միախմբվել, մեկ մարդ դառնալ: Ես տեսնում եմ նաեւ, թե այսօր ինչ առավել սուր խնդիր ունենք արտաքին թշնամիների հետ, եւ եթե մենք մի բուռ չդառնանք, պատմությունն անընդհատ կրկնվելու է, եւ կրկին փորձելու են ենթարկեցնել եւ անկախությունը մեզանից խլել:
-Երեկ «Իմ քայլը» խմբակցությունը արտահերթ նիստում միանձնյա քվեարկեց եւ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է, որ ՍԴ 3 դատավորների լիազորությունները կդադարեցվեն։ Միաժամանակ, կդադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես նախագահ։ Դուք ինչպե՞ս եք արձագանքում:
– Տարիներ շարունակ դատական համակարգում լուրջ խնդիրներ ունենք, եւ դա գաղտնիք չէ ․ բոլորն էլ գիտեն, որ դրամով որոշ մարդկանց հարցերը միանգամից լուծում են ստանում մեր դատավորների մոտ, եւ համարում եմ, որ մեր դատական համակարգը շատ վաղուց ռեֆորմների կարիք ունի։ Ի վերջո հույս ունեմ, որ որոշ դատավորներ իսկապես ճաղերի հետեւում կհայտնվեն, քանի որ տարիներ շարունակ կայացրել են որոշումներ, որոնք որ չպետք է կայացվեին՝ վստահաբար ելնելով իրենց բարեկեցությունից: Ես չեմ վախենում այդ բառն ասել, կարծում եմ, որ այդ ոլորտում 90 տոկոսը կաշառակերներ են եւ հարցեր են լուծվում որոշակի ճնշումներով կամ դրամով: Եթե ոլորտում լուրջ փոփոխություններ չլինեն ոչինչ չի ստացվելու , եւ արդարություն էլ չի լինելու, այսինքն նրանք, ովքեր գրպանում պարունակություն ունեն, իրենց հարցերը լուծելու են, այսպիսի արատավոր դատական ոլորտում:
-«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկայնին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու հոդվածով : Հետեւե՞լ եք նրա շուրջ կատարվող իրադարձություններին:
-Ես շատ լավ չեմ տիրապետում, թե ինչ է տեղի ունենում, բայց գիտեմ, որ մեծահարուստներն արդար ճանապարհով չեն դարձել այն, ինչ կան, դա ակնհայտ է. եթե փորձեն արդար ճանապարհներով հարստանալ, լրիվ այլ պատկեր կլինի: Այսօր ես մի հրապարակում եմ տեղադրել իմ էջում, թե ինչպես է Սահակաշվիլին պայքարել օլիգարխիայի դեմ, եւ կարծում եմ, որ մենք այդ խնդիրն ունենք, այս դժվարագույն ժամանակահատվածում մեր այսօրվա իշխանությունը փորձում է բյուջե վերադարձնել լուրջ գումարներ եւ փորձում է արդարությունը ջրի երես հանել, որն իսկապես շատ դժվար է, որովետեւ շատ միջոցներ ունեցող մարդիկ կարողանում են շատ արագ լուծել՝ կաշառելով մեր դատական համակարգը եւ բոլորին:
-Պարո՛ն Շահվերդյան, խոսենք նաեւ կորոնավիրուսի համավարակի տարածմանն ու կանխարգելմանն ուղղված Կառավարության քայլերի մասին: Ինչպիսի՞ գանահատական կտաք:
-Եթե մենք Առողջապահության նախարարի կերպարն այսօր փոխենք, ապա այսպիսի կերպար չէր լինի, որ չլիներ թիրախավորված: Մենք զոհն ենք մեր դիսցիպլինայի: Մարդիկ քայլեր են առաջարկում, որոնց մենք նայում են մատների արանքով, մինչեւ այդ հիվանդությունը մեր դուռը չի թակում, եւ նոր հասկանում ենք խնդրի լրջությունը: Իհարկե, շատ թերություններ կան, որը երեւի թե փորձի պակաս է: Կուզենայի , որ շատ ավելի խիստ միջոցներ ձեռնարկվեին, եւ ժողովրդի գիտակցությունը բարձրանար․ այն , ինչ ասում են , պետք է հետեւել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: Մենք դիմակ ենք կրում, երբ ոստիկանի ենք հանդիպում, կամ գիտենք, որ այս ինչ տեղում կան անցակտեր: Բակերում հավաքվում են տատիկներ, պապիկներ ազատ շփվում են միմյանց հետ: Առողջապահության նախարարը կապ չունի,թե ով է, ի՞նչ անի, բակ առ բակ ընկնի, ասի դիմակ կրեք, հետեւեք ձեր հիգիենային: Տա Աստված որքան հնարավոր է շուտ ավարտվի այս վիրուսը: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կազատվենք այս վիրուսից, եւ սահմանափակումները կհանվեն, քանի որ ես ամենատուժած ոլորտի ներկայացուցիչներից եմ: Ներկայացումներ չեն կարողանում խաղալ, բեմադրել: Ամեն ինչ կախված է յուրաքանչյուր գիտակցությունից եւ պատասխանատվությունից, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը