Ինչ անցյալ ունի Ծառուկյանին ազատ թողած դատավորը. հետաքրքիր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում բավական հայտնի դարձավ իր կողմից կայացված միանգամից երկու որոշումների շնորհիվ: Նախ դատավոր Պապոյանը ոչ իրավաչափ ճանաչեց ԲՀԿ ներկայացուցիչ Աբրահամ Մանուկյանին ձերբակալելու որոշումը՝ կայացված ԱԱԾ կողմից: Ապա օրեր անց նույն դատավորը, քննելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մերժեց այն՝ Ծառուկյանին թողնելով ազատության մեջ: Ուշագրավ է այն փաստը, որ երկու բավականին աղմկահարույց և հանրության լայն շրջանակների կողմից ոչ միանշանակ ընդունված որոշումներն անմիջական կապ ունեն Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողությունների հետ:

Ռ.Պապոյանի պաշտոնական կենսագրությունն ուսումնասիրելիս պարզեցինք, որ նա բավական հարուստ կենսագրություն ունի, իր աշխատանքային կարիերան սկսել է 2001թ-ից՝ աշխատելով Վայոց ձորի մարզի դատախազությունում: Այնուհետև նշված է, որ 2002թ.-ից աշխատել է Կոտայքի մարզի քննչական բաժնում, իսկ 2005 թվականին դարձյալ վերադարձել է Վայոց ձորի մարզի դատախազություն: Պաշտոնական կենսագրության մեջ, բնականաբար, ոչ մի տվալ չկա, թե դատախազության աշխատակից Ռ.Պապոյանը ինչու է տեղափոխվել Ոստիկանության համակարգ և ինչպես է նրան հաջողվել 2005-ին կրկին վերադառնալ դատախազություն, որտեղ աշխատել է մինչև 2011 թվականը, որից հետո նույն մարզում նշանակվել է դատավոր:

Դժվար է պատկերացնել, թե դատախազությունում մեկ տարի աշխատելուց հետո անձը ինչու պետք է կամավոր տեղափոխվեր ոստիկանության համակարգ, քանի որ սովորաբար ոստիկանական համակարգից են ձգտում տեղափոխվել դատախազություն: Մարզում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 2001թ-ին Վայոց ձորի դատախազությունում աշխատելու ընթացքում Ռոբերտ Պապոյանը փորձել է ներգրավվել մի ուշագրավ գործընթացում:

Մարզի գյուղապետերից մեկի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար ինչ-ինչ պահանջներ է ներկայացրել, որից, սակայն գյուղապետը հրաժարվել է: Կարճ ժամանակ անց դեպքի մասին տվյալներ են ստացվել ԱԱԾ-ում ու քանի որ հանցագործություն, ըստ էության, տեղի չէր ունեցել, երիտասարդ դատախազի վարքագծի մասին անմիջապես տեղյակ է պահվել այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազին, ում հանձնարարականով էլ Պապոյանը ազատվել է աշխատանքից:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Պապոյանի գործողությունների մասին քաջատեղյակ է եղել Վայոց ձորի մարզի երկարամյա դատախազ Գրիշա Միքայելյանը, ում գործադրած ջանքերի շնորհիվ էլ 2005 թվականին Պապոյանը դարձյալ վերադարձել է դատախազության համակարգ: Ի դեպ, Գրիշա Միքայելյանն այն նույն դատախազն է, ով 2012թ-ին անցնում էր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանի դեմ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով /դարձյալ կաշառքի գործ/ հենց նույն տարում նրա դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ապա նա հեռացվել է դատախազական համակարգից:

Նման իրավիճակներում նախկինում հայտնված դատավորի կողմից Ծառուկյանի նման խոշոր գործարարի վերաբերյալ առանցքային որոշման կայացումը, մի շարք հարցեր է պարունակում, որը թերեւս պետք է մանրակրկիտ քննարկման առարկա դառնա իրավասու մարմինների կողմից: Իհարկե, գուցե միջնորդության մերժումը ոչ մի ռիսկ էլ չի պարունակում, այլ ընդամենը պարզունակ վրեժխնդրությու՞ն էր ԱԱԾ-ից:

Սոնա Գրիգորյան




Լրահոս