Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր: Այս որոշումով, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի շատ ներկայացուցիչների կամ գերակշիռ մեծամասնության համար, քանի որ բոլորի համար ակնհայտ էր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ավելի խաղաղ էր դատական համակարգի համար, քան նրա՝ ազատության մեջ գտնվելը: Իսկ ո՞րն է դատավորների մտավախությունը. Հայաստանի քաղաքական իշխանությունը մի անգամ արդեն դատարաններին պատժելու եւ անկախ դատական համակարգ ունենալու ձգտումներով կազմակերպեց դատարանների շրջափակման գործընթաց, եւ, կարելի է ասել, փորձ արվեց մի շարք դատավորների հասկացնել իրենց «ճիշտ» գործառույթները: Հիմա Հայաստանի երրորդ իշխանության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ քայլեր կհաջորդ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ հասարակության մի զգալի հատվածի կողմից անընդունելի վճիռ է կայացվել: Արդյոք արդարացված է եղել Վերաքննիչ դատարանի որոշումը, թե ոչ՝ սպասենք զարգացումներին: Հավելենք, որ փաստաբանները Վերաքննիչ դատարան ներկայացված դիմումով վիճարկում էին Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր պաշտպանների միջնորդությունը Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորություն դիմաց: Միեւնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը: Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: Անցած ամիս վարչական դատարանի կայացրած որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ կորոնավիրուսի համաճարակի ավարտը մնալու է հիվանդանոցում՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Կորոնավիրուսը փրկեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին։ Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չեղարկեց հանրաքվե անելու գործընթացը։ Սակայն ՍԴ-ի «գորդյան հանգույցը» պետք է իր հանգուցալուծումը ստանա՝ սկսած գործը կիսատ չեն թողնում սկզբունքին հավատարիմ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հաջորդ շաբաթվա ընթացքում համապատասխան նախագծով ՍԴ երկարամյա անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ կտան դատավորի պաշտոնին՝ իրենց տեղը զիջելով երիտասարդներին։ Այդպես հանգուցալուծում է ստանալու ՍԴ կազմի հարցը։ Սակայն Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ առնվազն դատավոր, եթե ոչ ՍԴ նախագահ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նաեւ ակտիվ քննարկում են, թե ով կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից ՍԴ գործուղվել է դատավոր Վահե Գրիգորյանը, բայց անգամ «Իմ քայլում» նրան չեն դիտարկում՝ որպես ՍԴ նախագահ: Ըստ տեղեկությունների՝ Վահե Գրիգորյանը, չաշխատելով, բայց պետբյուջեից վարձատրվելով, այնուամենայնիվ, իրեն չի արդարացրել, ինչի համար էլ իշխանությունները Հրայր Թովմասյանին փոխարինող են փնտրում այժմ։ Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցին լուծում տալու համար: Վենետիկի հանձնաժողովը մինչ այս բանավոր կերպով էր ներկայացրել իր կարծիքը, իսկ այսօր կհրապարակվի վերջնական որոշումը: Սակայն, մեր տեղեկություններով, Վենետիկի հանձնաժողովը կողմ է այս տարբերակին:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկած փոփոխությունը ոչ միանշանակ է ընկալվել խորհրդարանական խմբակցությունների կողմից: Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում: Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Եվ, ըստ էության, նրա փոփոխություններով՝ ավելանալու են ԱԺ նախագահի լիազորությունները, իսկ խմբակցություններին տրված իրավունքը վերանալու է: Ասել է թե` ԱԺ վերահսկողությունը փոխարինվելու է ԱԺ նախագահի մասնակցությամբ ընդամենը: Պատգամավորն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել եւ մեկը եւ ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդում։ Այդ նպատակի համար ԱԺ նախագահը ձեւավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է նաեւ Աժ ներկայացուցչից՝ բոլոր խմբակցություններից կոնսենսուսով առաջարկված, սակայն դրա փոխարեն հենց Միրզոյանը կլինի այդ խորհրդում:
Հայաստանում անասնագլխաքանակն ավելացել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Մասնագետների խոսքերով՝ անասնագլխաքանակն ավելացել է վերջին երեք տարում՝ անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ որի՝ ֆերմերներին վարկային միջոցներ են տրամադրվում տոհմային կենդանիներ ներկրելու համար: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում անասնագլխաքանակը թեեւ, 2019 թվականի համեմատ, 2020-ին ավելացել է, սակայն 2018 եւ 2017 թվականների համեմատ՝ այն զգալի պակասել է: Մյուս կողմից պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 0.6 տոկոսով ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ չնչին աճը թռչնամսի արտադրության ծավալների ավելացման հաշվին է (թռչնամսի արտադրության ծավալները աճել են 14.6 տոկոսով): Փոխարենը նվազել են տավարի եւ խոզի մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 4.6 տոկոսով: Ասել է թե՝ անգամ պետական աջակցության ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա: