ՊԵԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԻՆԳ ԾՐԱԳԻՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2021-2025 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Այն ներկայացնում է առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները եւ այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները: Հիմնավորման մեջ նշվում է, որ սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային եւ մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը:

 

2020 թվականի պետական բյուջեի պլանավորման գործընթացների շրջանակում ՊԵԿ կողմից ներկայացված արդյունքային ցուցանիշների մեջ 2025 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը թիրախավորվել է 23.6 տոկոս, որը հանդիսանում է ծրագրային բյուջետավորման շրջանակներում ՊԵԿ կողմից ներկայացված երկու ուղենիշային ցուցանիշներից մեկը (երկրորդը՝ հարկային վարչարարության արդյունավետության ցուցանիշն է, որը 2025 թվականի համար թիրախավորվել է 1.37 տոկոս):

Ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջեւ դրել է 5 զարգացման ռազմավարական նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների, եւ որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում (գործողություն)։

Առաջին ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրականացման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապատասխանեցված եւ անվտանգության բարձր մակարդակ ապահովող ենթակառուցվածքների ներդրմամբ հարկ վճարողներին որակյալ ծառայությունների մատուցումը, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը եւ հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագործումը:

Երկրորդ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համահունչ նորագույն լուծումներով հարկային եւ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը եւ ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ (աննկատ) վարչարարության իրականացում եւ ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյունավետ հսկողության իրականացում:

Երրորդ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչպես նաեւ ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային եւ մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության ապահովման համար, նաեւ ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ եւ արդյունավետ հսկողական գործընթացներ:

Չորրորդ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսության մթնոլորտի ձեւավորումն է, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային վարչարարության մասնակիցների միջեւ փոխհարաբերությունների բարելավումը, որը կնպաստի ՊԵԿ գործունեության նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը եւ հարկային կարգապահության բարելավմանը: Հինգերորդ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համապատասխանում եւ նպաստում է սահմանված գործառութային նպատակների արդյունավետ իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների եւ աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուցման՝ վարձատրության եւ մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնագիտական զարգացումը եւ աշխատանքային արդյունավետությունը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ

ՀՀ սահմանադրական դատարանը Սահմանադրության հոդվածներին հակասող է ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը եւ «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից։ «Նախագահի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի եւ «Բանկային գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշել է Ազգային ժողովի կողմից ընդունված` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող: Ազգային ժողովի կողմից ընդունված` «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75, 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն հունիսի 18-ին ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին. մանրէազերծող նյութերի, լուծույթների տարողությունները մակնշված չեն, նյութի անվանումը, խտությունը, պատրաստման ամսաթիվը, պիտանելիության ժամկետը նշված չեն, գրանցամատյանները չեն համապատասխանում սահմանված ձեւաչափին, որոշ դեպքերում թափոնների վարման գրանցամատյանը բացակայում է, դրանց տարաները մակնշված չեն։

 

 

ԶՐՈՒՑԵԼ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, որը վարակվել է նոր կորոնավիրուսով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախագահը նրան մաղթել է առողջություն եւ շուտափույթ ապաքինում:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, ըստ որի՝ շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել: Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Հենց այս նույն քրեական գործով անցնում է նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Սակայն Աբրահամ Մանուկյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ էր համարվել. թե ինչ է սպասվում խափանման միջոցի ընտրության հարցում, դեռ պարզ չէ:

 

 

ՄԱՐՎԵԼ Է

Խոսրովի անտառ պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհը մեկուսացված է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը. «Կրակը տարածվել է 4֊5 հեկտար տարածքի վրա։ Վերոնշյալ տարածքի բուսականության 50%֊ը, նախնական տվյալներով, վնասվել է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են արգելոցի ավելի քան 40, ԱԻՆ շուրջ 25, ՎԲՄԱՊ հիմնադրամի 5 աշխատակիցներ»։ Ըստ Դ. Գրիգորյանի՝ այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ։ Իրավիճակը վերահսկելի է, վնասները հաշվարկվում են։

 

 

ԽՈՒԶԱՐԿԵԼ ԵՆ

Ազգային անվտանգության ծառայությունը երեկ խուզարկություն է իրականացրել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդան Ղուկասյանի եւ Վարդեւան Գրիգորյանի տներում։ Վարդեւան Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ խուզարկությունն իրականացվել է նախօրեին, սակայն պատգամավորը եղել է ոչ թե տանը, այլ Երեւանում: «Տարել են իմ նոթբուքը եւ երեխաների՝ թոռներիս հեռախոսները, երկու հատ: Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ», – նշեց նա: Վարդան Ղուկասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն նրա տան խուզարկությունը եւս նույն ժամանակահատվածում  է եղել: Այսպիսով, չի բացառվում, որ առաջիկայում այլ ԲՀԿ-ականների տներում եւս խուզարկություններ արվեն:

 




Լրահոս