ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գրեթե բոլոր դատավորները սարսափած են. պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կիրառված 2 մլրդ դրամ գրավի միջնորդության բավարարումն էր: Այս որոշումով, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս վճիռն անակնկալ է եղել դատական համակարգի շատ ներկայացուցիչների կամ գերակշիռ մեծամասնության համար, քանի որ  բոլորի համար ակնհայտ էր՝ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ լինելն ավելի խաղաղ էր դատական համակարգի համար, քան նրա՝ ազատության մեջ  գտնվելը: Իսկ ո՞րն  է դատավորների մտավախությունը. նրանք սպասում են, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը, որը մի անգամ արդեն դատարաններին պատժելու եւ անկախ դատական համակարգ ունենալու ձգտումներով կազմակերպեց դատարանների շրջափակման գործընթաց, եւ, կարելի է ասել, փորձ արվեց մի շարք դատավորների հասկացնել իրենց «ճիշտ» գործառույթները:

 

Հիմա Հայաստանի երրորդ իշխանության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ քայլեր կհաջորդի Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը, քանի որ բոլորի համար էլ հասկանալի է՝ ինչպես Հայաստանի իշխանության, այնպես էլ հայ հասարակության մի զգալի հատվածի կողմից անընդունելի վճիռ է կայացվել: Արդյոք արդարացված է եղել Վերաքննիչ դատարանի որոշումը, թե ոչ՝ սպասենք զարգացումներին:

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն աննախադեպ համարեց այս օրերի դատական նիստերը՝ նշելով, որ նման ծավալի, բովանդակության դատական նիստ ինքը եւ իր գործընկերները չէին տեսել:

«Այս ժամանահատվածում առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր Վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի հետ կապված: Իհարկե, պետք է նշել, որ 2 միլիարդ դրամ գրավի չափն աննախադեպ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մի բան հստակ է՝ տվյալ գործով գրավը պիտի ճանաչվեր թույլատրելի:

Արամ Վարդեւանյանն ասաց նաեւ, որ որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան: «Բայց ես կարծում եմ, որ օբյեկտիվ ցանկացած դիտորդի համար այս մի քանի օրվա դատական նիստերն առավել ակնհայտ դարձրեցին, որ այս գործով կալանավորում չի կարող լինել»,- ընդգծեց փաստաբանը: Վարդեւանյանը, վերադառնալով գրավին, հատկանշեց, որ այն դատարանի դեպոզիտ հաշվին պետք է փոխանցվի, որից հետո Քոչարյանն ազատ կարձակվի: Հարցին՝ եթե գումարը չհավաքվի, ինչ պիտի լինի, Արամ Վարդեւանյանն արձագանքեց. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»: Քոչարյանի  պաշտպանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է ոչ թե պարզապես դատարանի որոշման հիման վրա, այլ հետվիրահատական վիճակում գտնվելու պատճառով: «Եվ առնվազն մինչեւ բժիշկները չգտնեն, որ այլեւս նման անհրաժեշտություն չկա, գտնվելու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում, Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի եւ Հայաստանի նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ Քոչարյանի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժել էր պաշտպանների միջնորդությունները, որի դեմ նրանք վերաքննիչ բողոք էին ներկայացրել:

Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարան էր ներկայացվել շուրջ երկու ամիս առաջ՝ մարտի 16-ին, սակայն դրանից հետո նիստեր տեղի չեն ունեցել։ Մարտի 17-ին նշանակված դատական նիստը հետաձվեց, ապա պարզ դարձավ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 17-ին, նա վերադարձավ աշխատանքի, սակայն նույն օրը նորից արձակուրդ մեկնեց՝ կապված առողջական խնդիրների հետ։ Այս երկու ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բազմիցս խոսել են այն մասին, որ դատավոր Դանիբեկյանի՝ առողջական խնդիրներ ունենալու պայմաններում խափանման միջոցի գործի քննությունը պետք է մակագրվի այլ դատավորի, սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այլ դատավորի չմակագրեց գործի քննությունը։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՇԻՆԾՈՒ ԳՈՐԾ

«Ես այսօր կարող եմ եւս մեկ անգամ հաստատել, որ սա շինծու գործ է, որն իմ ելույթից հետո է եղել: Այսօր երկիրը պահվում է ֆեյքերով» Երեկ՝ դատարանից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ միջնորդության նիստը դեռ չի ավարտվել, դեռ քննվում է: Ծառուկյանը հիշեցրեց, որ այս գործընթացը սկսվել է իր քաղաքական հայտարարությունից հետո, թե կառավարությանը կազմը պետք է 100 տոկոսով փախվի՝ տեսնելով երկրի ծայրահեղ վիճակը: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը խորհդակցական սենյակ է գնացել ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու: Ըստ փաստաբանի՝ չի ապահովվում այն երաշխիքը, որով դատավորի ընտրությունը պետք է պատահականության սկզբունքով լինի, սակայն դատարանը ընտրել է իր նախընտրած դատավորին: Սարգսյանը շեշտեց, որ ողջամիտ ժամկետ են ուզել լիարժեք պաշտպանվել կարողանալու համար: «Այս պահին բուն կալանքի քննությանը դեռ չենք հասել: Դատարանի պատասխանը մոտ 2-3 ժամից կլինի»: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի` 1. հաստատել՝ 1) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-230-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի. 2) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N2 հավելվածի»,-ասված է որոշման մեջ:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 36960  արձանագրություն, իսկ հունիսի 17-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1081 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նշենք նաեւ, որ հունիսի 16-ից ուժի մեջ է մտել ՀՀ պարետի որոշումը, ըստ որի՝ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ։

 

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ

Դատական հայց՝ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի դեմ: Մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Մանուչարյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ տնօրենի՝ պահանջելով, որ նա 2020թ. ապրիլի 20-ի հ.172-Ա հրամանն անվավեր ճանաչի, նախկին աշխատանքում վերականգնի եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար պատասխանողից աշխատավարը գանձի:

 

ՀԵՏԱՁԳՎԵՑ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշեց հետաձգել Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության գործով նիստը: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ խորհրդի անդամ Սերգեյ Չիչոյանն ընդմիջման ժամանակ հրատապ ստիպված է եղել մոր վատառողջության պատճառով մեկնել Գավառ քաղաք: Վարդազարյանը նշեց, որ ԲԴԽ նիստում կա քվորում, սակայն կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանում են նիստն այդ կազմով շարունակել։ Ազարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ Չիչոյանը քրեական գործերով պրոֆեսիոնալ դատավոր է, ուստի մասնակցությունը խիստ ցանկալի է: ԲԴԽ-ն, քննարկելով ստեղծված իրավիճակը, որոշեց հետաձգել նիստը՝ նշանակելով այն հունիսի 25-ին:

Ընդմիջումից հետո նախատեսված էր Աթանեսյանի ելույթը։ ԲԴԽ-ին պետք է պարզաբանումներ տար նաեւ դատավոր Ազարյանը: Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա: Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ Ազարյանը դրսեւորել է անհարգալից եւ անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի եւ վերջինիս վերադասի նկատմամբ, ինչպես նաեւ իր խոսքով կողմնակալության կամ խտրականության տպավորություն է ստեղծվել։ Նիստի ընթացքում Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կմիջնորդի ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար:

 

 




Լրահոս