ԴԻՄԱԿՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ԿՆՎԱԶԻ. ՆԵՐԿՐՈՂ ՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, իսկ ներմուծվածը՝ մինչեւ 150 դրամ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը։ «Արդեն մեծածախ գինը նվազել է, դարձել է 60 դրամ։ Ընդ որում, տեղական արտադրության երկու ընկերությունն էլ գինն իջեցրել են։ Երբ նոր խմբաքանակն ստանանք, երկու հատի գինը առավելագույնը կդառնա 150 դրամ, այսինքն՝ մեկ դիմակը 70-75 դրամի շրջանակներում կվաճառվեն»,- նշեց նա։

 

ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ շուտով կավարտվի վարույթը բոլոր խոշոր դեղատնային ցանցերում։ «Եթե գերիշխող դիրքի չարաշահումները հաստատվեն, ապա նրանք նաեւ պատասխանատվության կենթարկվեն։ Բայց կրկնում եմ, որ չկա նման երեւույթ, որ ՀՀ-ում առկա է եղել ներմուծված կամ արտադրված 20 դրամանոց դիմակ, որը վաճառվել է 200-220 դրամով։ Նման բան բացառում եմ։ Այո, ժամանակին դիմակները եղել են 20-30 դրամ, բայց ներմուծման արժեքն է ցածր եղել։ Համաշխարհային դեֆիցիտի պատճառով դիմակի գները բարձրացել են»,- ասաց նա։

Ըստ Գեւորգյանի՝ նաեւ տարածաշրջանի կտրվածքով են ուսումնասիրվել դիմակների գները, այլ երկրներում Հայաստանից բարվոք վիճակ չէ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե որն է կանանց շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մեծ լինելու պատճառը:  «Դրա համար կա երկու պատճառ. մեկն այն է, որ  տեքստիլի ոլորտում կանայք են հիմնականում աշխատում: Երկրորդը ներշենքային շփումներն են: Կանայք ներշենքային շփումներում առավել ակտիվ են, եւ այս հանգամանքը նույնպես էական դեր է խաղում: Մենք պետք է ուշադրություն հրավիրենք այս խնդրի վրա»,- նշեց նա:

Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վարակվածության տեմպերի աճը պայմանավորեց բակերում մեծ կուտակումների հետ. դեպքերը հաճախ նույն փողոցում են։ Նախարարը կառավարության նիստում նշեց, որ կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում մեծ հնարավորություն ունեն վերահսկել դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության պահումը, իսկ բակերում շատ դժվար է:  «Չեմ պատկերացնում այլ գործիք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը։ Երբ նայում ենք զրուցարանում նարդի խաղացող մեր քաղաքացիներին, միայն դիմակն է, որ իրենց պաշտպանելու է միմյանց վարակելուց: Ակնհայտ է, որ մենք մյուս առումներով ավելի լավ ենք, բայց վատ ենք այդ հատվածում։ Նաեւ ուզում եմ հիշեցնել սգո արարողությունները, նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում դրանց մասնակիցների նկատմամբ»,- նշեց նախարարը:

Թորոսյանը խոսեց նաեւ դիմակներ կրելուց: Նա խնդրեց բոլորին չկրել կտորե դիմակներ, եթե հնարավոր է, կրել բժշկական եռաշերտ դիմակներ: Թորոսյանը հիշեցրեց ավելի վաղ հնչած խնդրանքը՝ եթե կան ֆինանսական խնդիրներ, հնարավոր չէ գնել բժշկական դիմակներ, կարելի է կրել նաեւ կտորե դիմակներ, որոնք, սակայն, չեն կարող փոխարինել բժշկականին. «Մենք հիմա տեսնում ենք, որ մոդայիկ է դարձել կտորե դիմակ կրելը: Ես խնդրում եմ կտորե դիմակ չկրել, եթե հնարավոր է, կրել բժշկական դիմակ, քանի որ այն մի քանի անգամ ավելի լավ է պաշտպանում:

 

Այսինքն, կտորե դիմակ կրելը միայն պետք է ֆինանսական խնդիրներով հիմնավորված լինի, ոչ թե գեղեցկության, հարմարավետության կամ այլ պատճառներով: Նույնիսկ ԱՀԿ-ն ասում է, որ 60-ից բարձր տարիք ունեցողները պետք է պարտադիր կրեն բժշկական եռաշերտ դիմակներ», – նշեց նա:

Հավելենք, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18 698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած: Վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավելի են, քան տղամարդիկ։ Կորոնավիրուսով հիվանդներից 444-ը՝ ծանր, 131-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 728 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 89 992  թեստավորում: Այսպիսով, կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք եւ 746 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 309 դեպք:

Ն.Պ.

 

 

20 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ՏՈՒԳԱՆԵԼ Է

ՏՄՊՊՀ-ն  ավելի քան 20 մլն դրամով տուգանել է «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ին մենաշնորհ դիրքի չարաշահման համար եւ նախազգուշացում տվել Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մասնավորապես, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար  նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ եւ մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068  ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի  նկատմամբ:

 

Նշված ընկերության հետ 2012 թվականին նախարարությունը կնքել է համագործակցության պայմանագիր, որով ձեւավորել է միասնական հսկողական համալիր համակարգ, եւ դրա շրջանակում ընկերությունը  բացառիկ իրավունքով մատուցել է օպերատորային, ինչպես նաեւ օբյեկտներում  հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի տեղադրման, սպասարկման եւ մոնիթորինգի ծառայություններ:

Հարկ է նշել, որ վարչական վարույթը հարուցվել է ԱԻՆ-ի գրության հիման վրա միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով: Վարույթի շրջանակում հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ պայմանագրի կնքման եւ դրա շրջանակում «Սօս Սիսթեմս» ընկերությանը բացառիկ իրավունք տալու, մատուցված ծառայություններից գումար ստանալու  գործընթացները սահմանափակել, կանխել կամ արգելել են տնտեսական մրցակցությունը։

Միաժամանակ  արձանագրվել է, որ «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն  չարաշահել է մենաշնորհ  դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման եւ (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով: ՏՄՊՊՀ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերացնել արձանագրված օրենքի խախտումը՝ 3-ամսյա ժամկետում ապահովելով տնտեսվարող սուբյեկտների՝ մրցակցային պայմաններով հասանելիությունը միասնական հսկողական համալիր համակարգում ծառայություններ մատուցելու գործընթացին:

Ն.Պ.

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանում փոքր համայնքներից  է,  ունի 50 ընտանիք, 177 բնակիչ։ 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ  ընտրություններում Աճարկուտի համայնքի ղեկավար է ընտրվել 1988թ. ծնված Մանվել Ավետիքյանը։ Վերջինս 2020թ. հունիսի 5-ին  համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել։ Մանվել Ավետիքյանն իր հրաժարականի պատճառների մասին որոշակի բան չհայտնեց՝ ասելով, որ չի  ցանկանում այլեւս պաշտոնավարել։ Հունիսի 8-ին համայնքի ավագանին համայնքի ղեկավարի հրաժարականի կապակցությամբ արձանագրություն է կազմել։ Աճարկուտ համայնքի ավագանու անդամ, 1990թ. ծնված Կարեն Ղազարյանը հայտնեց, որ իրենց հայտնի է դարձել, որ հունիսի 17-ին մարզպետը որոշում է ընդունել Իջեւան քաղաքի բնակիչ, 23-ամյա Հարություն Հարությունյանին  Աճարկուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում  այդ նշանակման մասին հրապարակում չկա։ Հարություն Հարությունյանը  Աճարկուտի թոռ է, Իջեւան քաղաքի  բնակիչ, սովորում է Մոսկվայում, ներկայումս կորոնավիրուսի համավարակի հետ կապված հեռավար ուսուցում է  անցնում։ Կարեն Ղազարյանը, ով հավակնում էր Աճարկուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվել, ում թեկնածությանը կողմ է  համայնքի բնակիչների մեծամասնությունը, նշեց, որ   Աճարկուտ համայնքում չբնակվող Հարություն Հարությունյանի պաշտոնի նշանակման պատճառ է դարձել այն, որ նրա հորեղբայրը՝ Մոսկվայում բնակվող գործարար Գեւորգ Հարությունյանը, Աճարկուտում  500 հոգու համար նախատեսված ռեստորան է կառուցում։ Ռեստորանի շինարարության տարածքը  մեծ է, անցյալ տարի Գեւորգ Հարությունյանը փոքր Աճարկուտի  գյուղի կենտրոնում  գնել է   հողամաս։ Մանվել Ավետիքյանն ասաց, որ  Գեւորգ Հարությունյանը նաեւ Սեւքարի անտառտնտեսությունից  խարխուլ  շինության՝ ճաշարանի  տարածք է գնել։ Կարեն Ղազարյանը հայտնեց, որ ռեստորանի շինարարության տարածքն ավելի մեծ է, քան Աճարկուտ համայնքից եւ Սեւքարի անտառտնտեսությունից Գեւորգ Հարությունյանի գնած տարածքները, այսինքն՝ տեղի է ունեցել նաեւ ինքնակամ  շինարարություն։ Մ. Ավետիքյանն ասաց, որ Գեւորգ Հարությունյանը   գյուղի  փողոցների գիշերային լուսավորության վճարն է հոգում (ամսական 15-20 հազար դրամ), նաեւ բարեկարգել է դեպի Աճարկուտի գերեզմանատուն տանող ճանապարհը։ Կարեն Ղազարյանը հայտնեց, որ մահացել էր Գեւորգ Հարությունյանի հարազատը, եւ նրա հուղարկավորությունը  կատարելու, ավտոմեքենաների անցումն ապահովելու համար  գերեզմանատուն տանող ճանապարհին  «բուլդոզերով» հարթեցում է արել, դա բարեգործությո՞ւն է։ Աճարկուտը փոքր, խաղաղ  կենցաղով  համայնք է, 500 հոգու համար նախատեսված ռեստորանի կառուցումը կխախտի գյուղի ավանդական կյանքը, ուր հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս