«ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՄՆԱԼ».ԱՆԻ ԼՈՒՊԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Անի Լուպեն այս տարի՝ հունիսի 15-ին, նշել է ծննդյան 36-ամյակը: Դերասանուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է տարեդարձի հյուրերին, անակնկալներին եւ ոչ միայն:

 

-Անի՛, ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ նշեցիր տարեդարձդ:

-Տարեդարձս այս տարի անցկացրել ենք մեր բակում. մենք շատ գեղեցիկ, մեծ բակ ունենք, նշել ենք ընկերներիս հետ միասին: Երեւի մի քսան տարի տանը ծնունդ չէի նշել, չնայած որ շատ հաճելի էր, այնպես չէր, որ ստիպված էի, բայցեւ ուրիշ տարբերակ էլ չկար: Վատն այն իմաստով էր, որ մի քանի հոգի էինք, շատ ընկերների չկարողացա հրավիրել, քանի որ ես պահպանում եմ անվտանգության բոլոր կանոնները, ոչ թե նրա համար միայն, որ այդպես է պահանջում օրենքը, այլ պարզապես ես շատ լուրջ եմ վերաբերվում այս ամենին: Միայն ցավում եմ, որ ոչ բոլոր ընկերներս էին իմ կողքին:

-Ի՞նչ անակնկալներ էին սպասում քեզ, առհասարակ սիրո՞ւմ ես անակնկալներ:

-Տարբեր հետաքրքիր անակնկալներ, նվերներ, ծաղիկներ եմ ստացել: Ես առհասարակ սիրում եմ անակնկալներ եւ սիրում եմ, որ նախապես չեմ իմանում, թե ինձ ինչ են նվիրելու: Յուրաքանչյուր նվեր ինձ համար պետքական է, եւ այն դառնում է իմը, չգիտեմ, ես անակնկալներից ուրախանում եմ, եւ ինձ համար հաճելի է այդ պահը:

-Այսպիսի մի տեսակետ կա, որ կինը հատկապես իմաստություն է ձեռք բերում 35 տարեկանից հետ: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Կարծում եմ՝ կինը իմաստությունը ձեռք է բերում տարիների ընթացքում, բայց ոչ հենց 35-ից հետո: Ես, անկեղծ ասած, նման բաների չեմ հավատում, քանի որ կանայք կան, որ այդպես էլ չեն իմաստանում: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել, համենայնդեպս միայն խնջույք եղավ փոքրիկ եւ անցավ:

-Սովորաբար տարեդարձին մարդիկ ավելի թախծոտ, ինքնամփոփ են դառնում…

-Ես երբեք չեմ ցանկանում միայնակ մնալ՝ անկախ տարեդարձից: Ես իմ տարեդարձը շատ եմ սիրում եւ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է գալու այդ օրը: Ես այդ տեսակին չեմ պատկանում՝ վա~յ, մի տարով էլ մեծացա: Այդ օրն ինձ համար եւս մեկ անգամ առիթ է ուրախանալու համար, ընդհանրապես ես շատ եմ սիրում տոներ, դա էլ մի տոն է, որտեղ դու ես գլխավորը, էլի կրկնվեմ, որ շատ եմ ափսոսում, որ չկարողացա բոլոր ընկերներիս, կոլեգաներիս հետ միասին նշել, նրանք էլ ինձ հետ միասին կիսեին իմ ուրախությունը: Հուսանք, որ մյուս տարի ամեն ինչ լավ կլինի, եւ բոլորի հետ միասին կանցկացնենք տարեդարձս:

-Անի՛, քանի որ արդեն ամառային վառ գույները ներխուժել են մեր կյանք, ի՞նչ ոճ եք նախընտրում կրել ամռանը:

-Ես միշտ նախընտրել եմ հագուստի մեջ հարմարավետությունը: Ավելի շատ նախընտրում եմ հանգիստ սպորտային հագուստներ, ջինսեր:

-Իսկ աքսեսուրաների մասին ի՞նչ կասեք, սիրո՞ւմ եք կրել:

-Աքսեսուրաներ շատ չեմ սիրում կրել, բայց շատ սիրում եմ ժամացույցներ: Չեմ  սիրում վրաս ավելորդ ծանրություն կրել: Առաջ կարողանում էի կրել, հիմա չեմ կարողանում: Ավելի նախընտրում եմ նուրբ, փոքր աքսեսուարներ: Իսկ երեկոյան հագուստների հետ, բնականաբար, կրում եմ, իսկ առօրյայում ոչ, նախընտրում եմ հանգիստ, սպորտային հագուստներ, ջինսեր:

-Անի՛, կցանկանայի անդրադառնալ նաեւ Ձեր ստեղծագործական կյանքին, գիտեմ, որ հիմա պասիվ շրջան է, այնուամենայնիվ պլաններ կա՞ն: Ինչո՞վ եք զբաղվում այս ժամանակահատվածում:

-Այս ժամանակահատվածում ոչ մի ստեղծագործական աշխատանք չեմ ծավալում, քանի որ համաճարակի պատճառով ամեն բան ստոպ է եղել: Պլաններ կային, բայց կրկին հետաձգվեցին, քանի որ ամեն օր նոր բան է փոխվում: Այսպես համբերատար սպասում եմ, տեսնեմ, թե ինչ կլինի: Հիմա դադար է ինձ մոտ: Այս համաճարակային ամիսների ընթացքում ոչնչով չեմ զբաղվում, սկզբնական շրջանում բավականին ծանր էր, հետո լավ է, որ եղանակները բացվեցին: Տանից հաճախ դուրս չեմ գալիս, միայն շատ անհրաժեշտության դեպքում: Լինում են երկու-երեք հոգով, որ քաղաքից դուրս ենք գալիս: Տարբեր ֆիլմեր եմ նայում, գրքեր եմ ընթերցում, բայց ոչ հաճախ, հատկապես սիրում եմ  դրամաներ: Կարդում եմ ըստ տրամադրության, հատուկ գրականություն չկա: Նույնը կարող եմ ասել նաեւ ֆիլմերի մասին, կոնկրետ ժանր չկա, որ շատ եմ նախընտրում, նայում եմ կրկին ըստ տրամադրության, սիրում եմ կորեական դրամաները, շատ թեթեւ են նայվում, շատ ռոմանտիկ են:

-Խոսենք նաեւ համաճարակի մասին. ի՞նչ կանխատեսումներ ունեք, ե՞րբ կավարտվի, եւ ինչպե՞ս կհաղթահարենք այն:

-ես այնքան լավատես եմ, վերջիվերջո ավարտվելու է այս իրավիճակը:  Պարզապես կցանկանայի, որ քիչ մարդ հիվանդանա, մահանա: Սովորաբար ասում են, թե մարդ պետք է 100 տարի ապրի: Ես ցանկանում եմ, որ բոլորս այս ամեն ինչը հաղթահարենք, 100 տարին բոլորենք, հետո մնացածը, ով ինչքան կապրեր, կապրեր: Ես չեմ կարող կանխատեսել, թե այս համաճարակն իսպառ երբ  կավարտվի, բայց նկատում եմ, որ աշխարհում վարակի տեմպը մի փոքր նվազել է, բայց որ ընդհանուր վիրուսը մաքրվի, ինձ թվում է, մինչեւ 2021 թվականը կձգվի:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ՍԱ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԵԼՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ». ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ

«Ես վտանգներ առայժմ չեմ տեսնում, ես հեղափոխության կողմնակիցն եմ: Հեղափոխությունը շարունակվում է եւ դեռ երկար կշարունակվի, սա արյուն թափելու հեղափոխություն չէր, եթե արյուն թափելով լիներ, կարող է տեւեր մի քանի ամիս, բայց մանրակրկիտ, կամաց-կամաց ընթանում է առաջ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործողություններին:

 

«Ես կանգնած եմ իմ բոլոր ընկերների կողքին, ովքեր կողմ են հեղափոխություն իրականացնելուն: Մենք կարող ենք՝ որպես քաղաքացի կողքից խոսել, բայց  նման գործողություններում շատ գաղտնիքներ կան՝ կա՛մ դատարանն է որոշում, կա՛մ քաղաքական որոշում է լինում: Բայց այն հանգամանքը, որ նրանք հավաքվել գնացել են, մեր ժողովրդի վրա օտար մարդ են կանչում, դա արդեն զզվելի է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՀԱՍՏԱՏԵՑ

ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է 2022թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի ձեւաչափը. հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 55 եվրոպական հավաքականները կբաժանվեն 10 խմբերի, որոնցից 5-ում հանդես կգա 6-ական, 5-ում՝ 5-ական հավաքական։ Խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր, երկրորդ տեղ գրաված 10 հավաքականները եւ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում ընտրական արգելքը հաղթահարած 2 հավաքականները փլեյ-օֆֆում կվիճարկեն մնացած 3 ուղեգրերը։ Այս ձեւաչափը պետք է հաստատի նաեւ ՖԻՖԱ-ն։ Աշխարհի առաջնությունը տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմի» 18-ամյա հարձակվող Տրոյ Պարոտի ծառայություններով. տեղեկացնում է Don Balon-ը: Արքայական ակումբում տպավորված են Պարոտի մրցելույթներով: Երիտասարդ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» հիմնական թիմի կազմում մասնակցել 4 հանդիպման, իսկ պատանեկան Չեմպիոնների լիգայում 4 խաղում խփել է 6 գոլ եւ կատարել 1 գոլային փոխանցում: Տրոյ Պարոտի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիս: Transfermarkt-ը Պարոտի տրանսֆերային արժեքը գնահատում է 3.5 միլիոն եվրո: Երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մյունխենի «Բավարիան» ու Թուրինի «Յուվենտուսը»:

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է առաջիկայում նոր պայմանագիր առաջարկել թիմի 17-ամյա հարձակվող Անսումանե Ֆատիին. տեղեկացնում է Sport.es-ը: Նոր պայմանագրով Անսուամեն Ֆատին «Բարսելոնա Բ»-ից կտեղափոխվի հիմնական թիմ, իսկ նրա հրաժարագինը կսահմանվի 400 միլիոն եվրո: Անսումանե Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի դիմաց: Ֆատին «Բարսելոնայի» սան է, Իսպանիայի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

 

 

ՆՈՐ ՏՐԱՆՍՖԵՐ

Մադրիդի «Ռեալի» մարոկկացի պաշտպան Աչրաֆ Հակիմին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Դորտմունդի «Բորուսիայում», կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: AS-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 6-7 միլիոն եվրո աշխատավարձ: Արքայական ակումբը պատրաստ է հրաժարվել Հակիմիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 60 միլիոն եվրո: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հակիմին մասնակցել է 32 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

 




Լրահոս