ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ երեկ շրջանառության մեջ են դրել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ առաջիկայում՝ կարճ ժամանակում, իշխանությունները նպատակ ունեն նաեւ խորհրդարանում լուծել Սահմանադրական դատարանի հարցը: Եվ, ահա, նախագիծը պատրաստ է, որով կդադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ: Այդ մեթոդի իրագործման պարագայում Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ արդեն որպես ՍԴ անդամ: Եվ նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը (նշանակվել է 2010-ին եւ դեռ 2 տարի ունի), Արեւիկ Պետրոսյանը (նույնպես 2010-ին է նշանակվել եւ 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյանը (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյանը (նշանակվել է 2014-ին եւ դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու), Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից), Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից): 1997 թվականից Սահմանադրական դատարանի անդամ հանդիսացող Ֆելիքս Թոխյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, թե վատառողջ է, դեռեւս չի հասցրել ծանոթանալ իմքայլականների կողմից ներկայացված նախագծին: «Վատառողջ եմ, աչքերիս հետ է կապված: Չեմ ծանոթացել նախագծին, մեկ շաբաթից խոսենք, ծանոթանամ՝ նոր», – նշեց նա: Ալվինա Գյուլումյանը, չնայած ընդմիջումներով է ՍԴ անդամ եղել, (1996-2003թթ է եղել, ապա նշանակվել 2014 թվականին) սակայն ընդհանուր առմամբ 13 տարի է պաշտոնավորում, եւ այս փոփոխությունը տարածվում է նաեւ նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՍԴ դատավորը նշեց, թե նախագծի մասին իմացել է լրատվամիջոցներից. «Նախագիծը չեմ կարդացել, չեմ ցանկանա մեկնաբանել: Թեմային կանդրադառնանք ավելի ուշ»: Այլ մեկնաբանություն այս պահին Գյուլումյանը չցանկացավ տալ, իսկ Նազարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նկատենք, որ մասնագետները բարձրաձայնում են նախագծում առկա մի շարք խնդիրների մասին, մասնավորապես, որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ եւ պետք է վերաբերի միայն օրենքի ընդունումից հետո ՍԴ դատավոր դարձածներին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների՝ ՍԴ նոր մոդելը: Այս մասին երեկ ասվել է իշխանության ներկայացուցիչներին, եւ հենց դա է պատճառը, որ նախագիծը հրապարակվեց խորհրդարանի կայքում: Այն պատրաստ էր վաղուց, պարզապես սպասում էին Վենետիկի հանձնաժողովի պատասխանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի պաշտպանության բանակից պաշտոնատար աձանց տեղափոխում են ՀՀ Պաշտպանության նախարարություն եւ բարձր պաշտոնների նշանակում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 24-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Համբարձումյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Եվ, ահա, 1 տարի անց որոշում է կայացվել Միքայել Համբարձումյանին բերել ՀՀ պաշտպանության նախարարություն եւ նշանակել ՀՀ ՊՆ վարչության պետ, իսկ թե կոնկրետ որ վարչության, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Ի դեպ, այս փոփոխությունները սկսվեցին այն պահին, երբ հունիսի 16-ից 17-ը աշխատանքային այցով Արցախի հանրապետություն եւ ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ Օնիկ Գասպարյանը նախ հյուրընկալվել են հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա մասնակցել ՊԲ-ի սննդի մատակարարման թեմայով անցկացված աշխատանքային խորհրդակցությանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու, եւ առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից այլ տեղափոխություններ եւս կլինեն ՀՀ ՊՆ. Միքայել Համբարձումյանն առաջին նշանակումն էր:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր: Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարադության հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ կրթության համակարգի մասով նախարար Հարությունյանի հաշվետվությունը ՀՀ վարչապետը խայտառակություն է որակել՝ համարելով, որ որեւէ ռազմավարական, կրթական փոփոխություն նախարարությանը չի հաջողվել իրականացնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար: Դումանյանն ասաց, որ որեւէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»:
Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով: Նշենք, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը: Օրինակ՝ ջերմոցատեր Գագիկ Բաբախանյանին, որը 1400 քմ ջերմոց ունի, խիստ զայրացրել է գազի գնի բարձրացումը. «Ես անընդհատ այդ մասին եմ մտածում, չգիտեմ՝ զայրույթս ինչպես մեղմեմ, առանց այն էլ թանկ էր, սպառածի դիմաց մի կերպ ենք վճարում: Ճգնաժամային վիճակ է ստեղծվելու: Ես արդեն մտածում եմ չզբաղվել լոլիկի մշակությամբ. ավելի լավ է չմշակես, որովհետեւ վնասով ենք դուրս գալիս: Այս տարի էլ վատ սկսվեց՝ արտակարգ դրություն, ամբողջ աշխարհում ճգնաժամ. մարդիկ չեն աշխատել, գնողունակ չեն, տներից չեն կարողացել դուրս գալ, փակ են նաեւ ռեստորանները, հանրային սննդի այլ օբյեկտներ, որոնք լոլիկի սպառողներից են, չենք կարողացել իրացնել»: