ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ավելի քան 5 տասնյակ պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Նախագիծը նախատեսում է, որ դադարեն այն ՍԴ անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, եւ նրանց փոխարեն նշանակվեն ՍԴ նոր անդամներ:
Առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը.
Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է:
- Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
- Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
- Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Նշենք, որ այս նախագծի ընդունման պարագայում դադարելու են ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները: Հիմնավորման մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ 12 տարի պաշտոնավարելուն, կապ չունի՝ անընդմեջ է եղել, թե ոչ: Եվ այս պարագայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ալվինա Գյուլումյանը, հակառակ պարագայում այն կազդեր միայն Նազարյանի եւ Թոխյանի վրա: Այս փոփոխության պարագայում Հրայր Թովմասյանը կմնա ՍԴ շարքային անդամ:
Ալվինա Գյուլումյան
Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել դեռ 1996 թվականից, պաշտոնավարել մինչեւ 2003 թվականը, այուհետեւ՝ 2014-ից, նա կրկին նշանակվել է դատարանի անդամ: Ստացվում է, որ Գյուլումյանը այս պաշտոնին է արդեն 13 տարի: Ուստի, չնայած որ նա երկրորդ ժամկետում պաշտոնավարել է 6 տարի, սակայն հեռացող դատավորներից մեկը կլինի նա, որովհետեւ Սահմանադրության 7-րդ գլխում ասվում է, որ ՍԴ անդամը պաշտոնավարում է 12 տարի՝ չտարանջատելով՝ այդ տարիները մեկ նշանակ
ման արդյունք են, թե երկու:
Հրանտ Նազարյան
Նազարյանը ՀՀ նախագահի հրամանագրով ՍԴ անդամ է 1996 թվականի փետրվարի 5-ից, այսինքն՝ նա արդեն այս պաշտոնին է 24 տարի եւ կարող է լինել երկրորդ հեռացողը:
Ֆելիքս Թոխյան
ՍԴ անդամ է նշանակվել 1997 թ. սեպտեմբերի 23-ին։ Այս պաշտոնին է արդեն 23 տարի: Նա կարող է դառնալ երրորդ հեռացողը:
Ահա, նման սցենարի պարագայում ՍԴ գործող կազմում կմնա 6 անձ՝ Աշոտ Խաչատրյանը (նշանակվել է 2010-ին եւ դեռ 2 տարի ունի), Արեւիկ Պետրոսյանը (նույնպես 2010-ին է նշանակվել եւ 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյանը (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյանը (նշանակվել է 2014-ին եւ դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու), Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից), Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից):
Ինչպես հայտնի է, գործող Սահմանադրության հեղինակները անցումային դրույթներում ամրագրել են, որ 12 տարվա սահմանափակումը վերաբերի միայն 2018-ից հետո նշանակվածներին: Մյուսների պաշտոնավարման ժամկետը մինչ թոշակի անցնելն է:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հենց այս տարբերակի վերաբերյալ է հարցեր ուղղել Վենետիկի հանձնաժողովին: ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ պարզաբանել էր այս տարբերակի իրագործման պարագայում սպասվող իրավիճակը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՆԴԻՊԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարը բարձր է գնահատել դեսպանի հետ հանդիպումները՝ նշելով, որ դրանց ընթացքում քննարկվում են համագործակցության շրջանակում իրականացվող կարեւորագույն հարցեր։ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւս կարեւորել է նախարար Բադասյանի հետ հանդիպումը եւ քննարկել ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Հայաստանի արդարադատության համակարգի հավակնոտ բարեփոխումներին, այդ թվում՝ հակակոռուպցիոն հաստատությունների ձեւավորմանն ու ոստիկանության բարեփոխումներին։ Ռուստամ Բադասյանը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության բարեփոխումներին եւ ընդգծել, որ դրանք զարգանում են ճիշտ ուղղությամբ ու մեծ արագությամբ։
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղեւորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան եւ 2700 լիտր ձեռքի եւ երեսի ախտահանիչ հեղուկ։ «Օդանավակայանում ուղեբեռի ճանապարհմանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պավել Յաբլոնսկին, բարձրաստիճան դիվանագետներ, «Համերաշխություն» հիմնադրամի ներկայացուցիչներ եւ լրագրողներ», – ասվում է հաղորդագրության մեջ:
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԶԳՈՆ ԼԻՆԵԼ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ազգ» թերթին, սփյուռքահայ «Պայքար» եւ Armenian Mirror-Spectator պարբերականներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Բոլորին հորդորում եմ լինել չափազանց զգոն: Կորոնավիրուսը դեռ շարունակելու է մեզ հետ լինել։ Այսօր առաջնայինը պայքարն է մարդկանց կյանքի եւ առողջության համար: Մեզ համար կարեւորագույն հարցեր են դառնում Covid-19-ի դեմ պայքարի ռազմավարության, ճգնաժամի կառավարման եւ բժշկական անձնակազմի համալրման հարցերը: Այսօր եւ կորոնավիրուսից հետո պետք է գիտակցենք, որ առողջապահությունը եւ առողջությունը համաշխարհային մասշտաբով եւ նաեւ Հայաստանում դառնում են առաջնահերթ»,- ասել է ՀՀ նախագահը:
ԴԻՄԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020 թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են եւ տարածվել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ. հայտնում են ԲԴԽ-ից: «Ստացված դիմումի քննարկման համար դատավորը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ բավարարեց Քոչարյանի պաշտպանների բողոքը, եւ նա ազատ արձակվեց գրավի դիմաց:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկել ՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում մեքենայից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50 հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը: Բեռնատարի բեռնախցիկներից մեկից էլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, բանալի պատրաստելու համար նախատեսված ձեւանմուշներ՝ ընդհանուր 142 կգ քաշով: Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:
ՖԻՐԴՈՒՍԻ ՀԱՐՑԸ
«Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում»,- հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության եւ Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժեւորել շենքերի ետնամասի ֆասադները եւ տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով եւ հուշարձան շենքերի միջեւ 200մ հետիոտնային ճանապարհով: Այս տարածքում 1-ին եւ 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից եւ հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ եւ 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ»,- գրել է նա: