«ՀԱՆԵՑ ԴԱՆԱԿԸ ՈՒ ԱՍԵՑ՝ ՀԵՍԱ ՄԵԿԻԴ ՍՊԱՆԵԼՈՒ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս միջադեպից։ Մասնավորապես, միջադեպի ականատես վկա Հասմիկ Գրիգորյանը, որի անուն-ազգանունը հարգելի պատճառներով փոխված է, մանրամասներ է պատմել միջադեպից: Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը՝ Ժամը 01։30-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։

 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանաձորի բնակիչ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի եւ Երեւանի բնակիչ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջեւ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետեւ իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետեւանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաեւ ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։

Իսկ ի՞նչն է եղել երկու անձանց միջեւ վիճաբանության պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Միհրան Սիմոնյանը վերոնշյալ օրը մտել է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» սննդի կետ, որպեսզի հաց ուտի, վերջինիցս պահանջել են դիմակ կրել, սակայն Սիմոնյանն ասել է, որ եկել է հաց ուտի, ապա ասել, որ հաց ուտի վերջացնի, դիմակը կկրի, ինչպե՞ս կարող է դիմակով հաց ուտել: Միհրան Սիմոնյանի եւ սննդի կետի աշխատակից Արտյոմ Աքուլյանի միջեւ վիճաբանություն է եղել դիմակի շուրջ, ինչի հետեւանքով էլ հնչել է կրակոց, եւ Միհրան Սիմոնյանին տեղափոխել են հիվանդանոց: Ցավալի է, սակայն փաստ, որ անգամ դիմակի շուրջ առաջացած խոսակցությունն այն աստիճան է թեժանում, որ երիտասարդները գործի են դնում զենք եւ փորձում զենքի միջոցով միմյանց միջեւ առաջացած կոնֆլիկտը լուծել:

Այսպիսով, մեզ հետ զրույցում Հասմիկ Գրիգորյանը պատմեց, որ Միհրան Սիմոնյանը բավականին գինովցած մտել է ռեստորան: Ռեստորանի ղեկավարությունը նրան խնդրանքով է դիմել եւ ասել, որ  ռեստորանը փակ է, ուստի ներողություն են խնդրում, որ չեն կարող սպասարկել. «Այս ամենից հետո սկսվեց հայհոյանք, վերջին աստիճանի հայհոյանքներ, ու մեկ էլ հանեց դանակը ու ասեց, որ հեսա մեկիդ սպանելու եմ, ահավոր գինովցած եմ: Ոչ մեկ չէր պատկերացնում, որ նման բան կլիներ: Արտյոմ Աքուլյանը նրան հանգստացնում էր, դանակով հարձակվեց Արտյոմի վրա ու անգամ Արտյոմի վզի շղթան է պոկում վզից, մի սարսափելի վիճակ: Այդ ժամանակ Արտյոմը, տեսնելով, որ նա դանակով հարձակվում է մարդկանց վրա, ու մարդիկ վախենում են, մեքենայի միջից որսորդական հրացանը հանեց, որ կարողանար կառավարել իրավիճակը, Միհրանը հրեց Արտյոմին, եւ այդ ժամանակ Արտյոմը ընկավ, ու այդ հրոցի ժամանակ զենքը կրակոց արձակեց:

Ձեզ վստահեցնում եմ՝ դա միտումնավոր չի արվել. եթե Արտյոմը այնտեղ չլիներ, այնտեղ հաստատ զոհեր էր լինելու: Ամեն ինչ սկսվել է Միհրանից: Միհրանն ասում էր՝ ես լավ տղամ եմ, տենց մարդ չկա Երեւանում, որ ինձ տեղը չբերի»: Ըստ վկայի՝ ինքը շատ լավ ճանաչում է Արտյոմ Աքուլյանին, որը ռեստորանի տիրոջ տղան է: Ավելին, ըստ վկայի, ռեստորանում շատ մարդիկ են եղել, որ տեսել են, թե ինչ է արել Միհրան Սիմոնյանն այդ օրը ռեստորանում, մարդիկ քարացած տեղներից չեն շարժվել: Արդյոք ճիշտ են վկայի խոսքերը, թե ոչ՝ կպարզի տարվող քննությունը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, խմբի կազմում, բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած չորս անձանց ինքնությունը: Քննությամբ պարզվել է, որ 2020թ. փետրվարի 21-ին Քեռու փողոցի շենքերից մեկի բակում Երեւան քաղաքի 23-ամյա բնակիչն իր երեք ընկերների հետ, խուլիգանական մղումներով` իրենց անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, խմբի կազմում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով  հասարակության նկատմամբ, առանց որեւէ պատճառի հայհոյել են նույն տարածքում գտնվող վարսավիրանոցներից մեկի աշխատակցին եւ նրա եղբորը, որից հետո երիտասարդները, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, եւ դիմել փախուստի:

 

 

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Առինջ համայնքի ղեկավարին եւ պաշտոնատար այլ անձանց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով  իրականացված լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ պարզվել են «Եուրոմոթորս» ՓԲ ընկերության ներկայացուցիչ, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության փոխտնօրենի կողմից խաբեությամբ «Սմարթ Քոնսրաքշն» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու,  ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելու, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի տեսուչի եւ «Թեքնո Քազա» ՍՊ ընկերության ճարտարապետի կողմից խմբի կազմում իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

 

ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների եւ լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող կեղծ օգտատերերին:

Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երեւանի մասին. մերը չէ» խորագրով մեկուկես րոպե տեւողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է. «Երեւանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել եւ զբաղվել են առեւտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ եւ միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը եւ բովանդակությունը: Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի՝ հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երեւանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա եւս մեկ փաստ է, որ «Իրեւան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին: Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երեւանը ներկայացնելու նպատակով:

Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երեւան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ. Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ ¥բայց ոչ ադրբեջանցիներ¤, եւ հայերը այցելել են այդ վայր առեւտուր անելու համար:

Նշված հանգամանքը մեկ անգամ եւս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ եւս հորդորում ենք լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութեր հայտնաբերման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:

 




Լրահոս