Ի՞ՆՉ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ԿԱՐԿՈՒՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մենք կարկուտի պատճառած վնասների մասին տեղեկություն ստացել ենք միայն Գյումրի եւ Ախուրյան համյանքներից։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ տեղացած կարկուտի հետեւանքով առաջացած վնասներին։ Նշենք, որ երեկ հանրապետության մի շարք մարզերում եւ առանձին բնակավայրերում տեղացել էր ուժգին քամի եւ կարկուտ, ինչի հետեւանքով վնասվել են մի շարք համայնքների ցանքատարածություններ, պտղատու այգիներ։

 

«Թերեւս ամբողջական տեղեկատվությունը դեռեւս հավաքվում է, բայց այս փուլում, կարծես թե, հենց կենտրոններն այդ երկու բնակավայրերն են։ Վնասները գնահատելու համար համայնքները նախ գնահատում են իրականացնում, որը ստանալուց հետո մարզպետարանի համապատասխան հանձնաժողովներն են գնում շրջայցի։ Իսկ այս պահին կոնկրետ վնասների չափի մասին չեմ կարող ֆիքսել»,-նշում է մարզպետը։

Ըստ մարզպետի՝ վնասների չափերի արձանագրությունների փաթեթը մինչեւ վաղը կկազմվի ու կներկայացվի կառավարությանը։ «Մինչ կարկուտը, մարզում քամու հետեւանքով մեծ խնդիրներ են առաջացել, հանձնաժողովի անդամները տուն առ տուն վնասների չափերի արձանագրությունները կազմել են եւ դիմելու են կառավարությանը»,- հավելում է Շիրակի մարզպետը։

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Գեղարքունիքի մարզի տասից ավելի համայնքներում  եւս կարկուտ է տեղում: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը, ապա նշեց, որ կարկուտից հիմնականում տուժել են Ճամբարակ քաղաքում:

«Ցավոք, վերջին մի քանի օրվա ընթացքում մարզի տարբեր համայնքներում կարկտահարության դեպքեր ենք ունեցել: Խոսքը 10-ից ավելի համայնքների մասին է, բայց կարկուտի հասցրած վնասի չափերը տարբեր աստիճանի է: Որպես կանոն, համայնքում կա հանձնաժողով, առաջին աշխատանքը սկսում է համայնքի հանձնաժողովից, որոշակի աշխատանք տանելուց հետո միայն հանձնաժողովը դիմում է մարզպետարան: Ապա մարզպետարանի համապատասխան վարչությունը համայնքի բաժնի հետ սկսում են աշխատել այդ ուղղությամբ: Մեր հիմնական աշխատանքը ոչ թե կարկուտին հաջորդող ժամերի կամ օրվա ընթացքում է, այլ սկսվում է առնվազն երեք օր հետո, որովհետեւ տվյալ հանձնաժողովը պետք է գրանցի, թե կարկուտն ինչ վնաս է պատճառել, եւ տոկոսներով պետք է ամրագրի, որ, ենթադրենք, ցանքատարածության կամ բերքի ասյքան տոկոսն է վնասվել»,- տեղեկացրեց մարզպետը:

Մեր զրուցակցի պատմելով՝ կարկտահարության դեպքեր գրանցվել են Գավառում, Ճամբարակում, Վարդենիսում, Գեղամասարում: «Ճամբարակում բավականին խոշոր դեպքեր ենք ունեցել, Վարդենիսում եւս: Որպես կանոն, մենք մեկ ժամ հետո չենք կարող ճիշտ գնահատական տալ, թե կարկուտն ինչ չափի վնասներ է պատճառել, դրա համար, ըստ կանոնի կարգի, երեք օր հետո սկսվում է գրանցման այդ գործընթացը»,- փոխանցեց Գնել Սանոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ նախնական տվյալներով ինչ վնասներ են կրել բնակիչները, մարզպետն արձագանքեց. «Բազմաթիվ վնասներ ունենք, դեպք ունենք Ճամբարակում, որ ոչխարներ են վնասվել եւ նույնիսկ սատկել, բայց այս պահին ընդհանուր գնահատական չեմ կարող տալ, հանձնաժողովն աշխատանքը ամփոփի, հետո»:

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ հիմնականում վնասնվել են կարտոֆիլի ցանքատարածությունները:

«Վարդենիսում պտղատու այգիները վնասվել են կարկտահարությունից:  Այն, ինչ որ ունեն մարդիկ իրենց տնամերձ հողատարածքում, վնասվել է: Դաշտերում ուսումնասիրություն ենք արել, ցորենն ու գարին այդքան էլ չեն վնասվել, բայց կարտոֆիլի ցանքատարածությունները վնասել է: Կարտոֆիլի տերեւները կտրել է, հուսով ենք՝ կվերականգնվի: Մի ուղղությամբ է կարկուտը տեղացել, ինչպես ասում են՝ երակային ամբողջ քաղաքի միջով ու դաշտերի վրայով, դեպի Սոթք, Գեղամասար համայնքներ վնասել է: Վերականգնելու ժամանակ կա»,- ներկայացրեց Վարդենիսի քաղաքապետը:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ կարկտահարությունից հետո Վարդենիսում հանձնաժողով չի կազմվել. «Այս պահին չունենք, բայց երկուշաբթի կունենանք, մարզպետարանին տեղյակ պահել ենք: Բայց արձանագրություն կազմում ենք: Մարդիկ չեն բողոքում, որովհետեւ վերականգնվող է»:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ հակակարկտային կայաններ տեղադրված չեն եղել կարկտահարված տարածքներում. պարզվում է՝ տարիներ առաջ մարզային իշխանությունը փորձեր արել է հակակարկտային կայան տեղադրելու, բայց չի հաջողվել, կիսատ է մնացել: «Հիմա հասկանում ենք, որ հակակարկտային կայան է պետք մեզ, եւ հույս ունենք, ավելին՝ վստահ ենք, որ կառավարությունը մեզ այս հարցում կաջակցի»- հույս հայտնեց վարդենիսցի քաղաքապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՐՔԱ՞Ն ԵԿԱՄՈՒՏ ՈՒՆԻ ԱԺ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Այսօր կանդրադառնանք Աժ-ի ղեկավար կազմին՝ ներկայացնելով, թե ինչ են հայտարարագրել Ազգային ժողովի նախագահը եւ երեք փոխնախագահները:

 

Այսպիսով, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019-ի վերջին երկու բնակարանի համասեփականատեր է եղել, որոնցից մեկը գտնվում է Շենգավիթ, մյուսը՝ Աջափնյակ վարչական շրջաններում։ 2016 թվականին Միրզոյանը նվեր է ստացել KIA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը անցած տարեվերջին առկա չէր։ ԱԺ նախագահի բանկային հաշվին անցած տարեվերջին 10 միլիոն դրամ է եղել, իսկ կանխիկ 2 միլիոն 220 հազար դրամ է ունեցել։ Արարատ Միրզոյանը, որպես աշխատավարձ, 2 միլիոն 119 հազար դրամ ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 15 միլիոն 696 հազար դրամ՝ ԱԺ-ից։ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2019 թվականի վերջին համասեփականատեր է եղել Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Անցած հունիսին Աբաջյանը ձեռք է բերել KIA մակնիշի ավտոմեքենա՝ 6 միլիոն 200 հազար դրամով։ Բանկային հաշվին տարեվերջին ունեցել է 450 հազար դրամ, կանխիկ՝ 70 000 դրամ։ Գոհար Աբաջյանը աշխատում է «ՎՕԼՕ» ՍՊԸ-ում, որտեղից ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ աշխատավարձ, եւ 4 միլիոն 424 հազար դրամ «Ինեկոբանկից»՝ որպես վարկ:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, 2019 թվականին առուվաճառքի առումով բավական ակտիվ են եղել։ Ալեն Սիմոնյանը 2019 թվականին 125 մլն դրամով վաճառել է Կենտրոնում գտնվող իր բնակարանը եւ 114 մլն դրամով գնել մեկ այլ բնակարան՝ կրկին Կենտրոն վարչական շրջանում։ Չնայած նա ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա։ Դրա փոխարեն նրա կինն է ավտոմեքենա գնել։ Խոսքը 2012 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենայի մասին է, որը նա գնել է 7 մլն դրամով։ Ալեն Սիմոնյանը բանկում ունեցել է 1 մլն 794 հազար դրամ, առձեռն՝ 9 մլն դրամ եւ 3400 դոլար։ Պատգամավորի եկամուտները գոյացել են 12 մլն դրամ՝ աշխատավարձից, 998 հազար դրամ՝ ՊԵԿ-ից, 25 մլն դրամ, որը պատգամավորը վերցրել է բանկից որպես վարկ։ Իսկ կինը բանկում ունեցել է 8 հազար դրամ, կանխիկ՝ 6 մլն դրամ եւ 19 հազար դոլար։ Նա «ՄեդիաՆյուզ» ՍՊԸ-ից որպես աշխատավարձ ստացել է 1 մլն 560 հազար դրամ եւ 398 հազար դրամ որպես փոխառություն։

ԱԺ փոխնախագահ  Լենա Նազարյանը իր բանկային հաշիվներին տարվա սկզբում ունեցել է 1 մլն դրամ, տարեվերջին՝ 3 մլն դրամ։ Կանխիկ գումար Նազարյանը չի հատարարագրել, իսկ որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարում՝ ստացել է 12 մլն 437 հազար դրամ։

Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը որեւէ անշարժ գույքի մասին տվյալ չի նշել: Ըստ հայտարարագրի՝ նա չունի նաեւ տրանսպորտային միջոց: Ըստ հայտարարագրի՝ Էնֆիաջյանը բանկում գումար չունի, իսկ որպես կանխիկ նշել է 9 մլն դրամ եւ 9500 դոլար: Որպես եկամուտ՝ նա հայտարարագրել է միայն պատգամավորական աշխատավարձը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ

Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ավագանու անդամ  Կարեն Ղազարյանն  ասաց, որ  Աճարկուտ համայնքի ղեկավար Մանվել  Ավետիքյանի հրաժարականից հետո՝ հունիսի 8-ին, համայնքի ավագանին դրա վերաբերյալ արձանագրություն է կազմել, որից հետո Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պետք  է 5 օրվա ընթացքում  համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեր։ Մարզպետի  համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել  դրանից  8 օր հետո՝ հունիսի 17-ին, ինչը  ՏԻՄ օրենքի խախտում  է։ Տավուշի մարզպետարանի ինտերնետայաին կայքում մարզպետի այդ որոշումը հրապարակված չէ։  Ի դեպ,  Աճարկուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված 23-ամյա Հարություն Հարությունյանը Աճարկուտում  հայտարարել  է, որ ինքը մինչեւ յոթ տարեկանն է բնակվել Աճարկուտում, որից հետո՝  Իջեւան քաղաքում։

 

 

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆԵՐՈՎ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի դպրոցի երկարամյա տնօրեն Սիլվա Խոջայանը դպրոցում տիրող  հակամարտության պատճառով հրաժարական էր տվել, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է  նշանակվել Հայկ Ազարյանը։  Զորականի միջանակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Մարինե  Պողոսյանը հայտնեց, որ հունիսի 23-ին տեղի կունենա Զորականի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, դպրոցի տնօրենի հավակնորդները երկուսն են՝ Զորականի դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիներ Արեւիկ Բաղիրյանը եւ Ռուզաննա Ազարյանը։

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՔԱՐԱԹԱՓՈՒՄ ԱՐԵՑԻՆ

Վերջերս  Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղի տարածքում քարաթափում  էր եղել, առկա էր Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին նոր քարաթափման վտանգ։ Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտնեց, որ  Հայաստանի Փրկարար ծառայության աշխատակիցները, Հ. Երմիշյանի գլխավորությամբ, ժամանել են Պտղավան,  դոմկրատների՝ ամբարձիչների միջոցով արհեստական քարաթափում են կատարել։  Առկա է մեկ այլ, ավելի մեծ քարերի թափման վտանգի  օջախ։  Այրում  քաղաքի տարածքում միջպետական ավտոճանապարհին կախված ժայռերից հսկա քարերի թափման վտանգը մշտապես կախված է այդ ճանապարհով երթեւեկողների գլխին: ԱԻՆ փրկարար ծառայության մասնագետները  պատրաստակամ  են  այդ հատվածում պայթեցում  կատարելու, սակայն դրա համար հարկավոր է  ներքեւում հողից 2  հարթակ կառուցել, որպեսզի պայթյունից հետո  առաջացած  ժայռաբեկորները   խրվեն մնան այդ հարթակներում, վնասներ չպատճառեն։ Այդ հարթակների կառուցման համար Այրում համայնքի ղեկավարը մտադիր է դիմել այդ տարածաշրջանում ճանապարհաշինական աշխատանքներ կատարող ընկերություններին, որպեսզի նրանք  աջակցեն  շինարարական տեխնիկայով։

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս