ՈՐՔԱ՞Ն ԿՎՃԱՐԵՆ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը:

 

Ներկայացնելով ընկերության հայցի հիմնավորումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

«Մենք ներկայում գազը սահմանին գնում ենք 1000 խմ-ը 165 դոլարով եւ վաճառում միջինը շուրջ 255 դոլարով: Տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե, «Գազպրոմ Արմենիային» մնում է 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, եւ մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը եւ այլն, ինչը անիրական է»,- ասաց Թադեւոսյանը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում է գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն՝ հասցնելով 165 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիա»-ի առաջարկը՝ հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն, ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Հանձնաժողովն առաջարկում է նաեւ թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:

Աշոտ Ուլիխանյանի խոսքով` ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները եւս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:

139 դրամ կվճարեն նաեւ խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչեւ 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յորաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91 դոլար:

Կառավարությունն առանձնացրել է նաեւ տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:

Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա համար:

«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում հանձնաժողովի առաջարկը, բայց ոչ բավարար «Գազպրոմ Արմենիա»-ի ստանձնած պարտավորույունները կատարելու համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տեւած քննարկման արդյունքում հաստատեց ՀՀ սպառողների համար գազի նոր՝ վերոհիշյալ սակագները:

Դրանք սկսեն գործել 2020թ-ի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք՝ վերջին անգամ ՀՀ ներկրվող գազի սակագինը թանկացել էր 2017թ-ի հունվարի 1-ից: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիա»-ն մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով:

Ն.Պ.

 

 

Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՐԵՆՔՈՒՄ

Երեկ՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում քննարկվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը:

 

Նշենք,  որ Հանրային մուլտիպլեքսում գործում են 8՝ հանրապետական ծածկույթով, 10՝ մայրաքաղաքային, եւ 15 մարզային ծածկույթով հեռուստածրագրեր։ Մարզերում ցուցադրվում են 8 հանրապետական ալիքները եւ տվյալ մարզի մարզային ալիքները, իսկ մայրաքաղաքում՝ 8 հանրապետական եւ 10 մայրաքաղաքային ալիքները։

Նշված ցանկից օտարերկրյա հեռուստածրագրերն են «ՀՏրրՌÿ ՀՁՀ», «ՀՏրրՌÿ – ՍցսՖՑցՐՈ», «կպՐՉօռ ՍՈվՈս», «CNN»։  Հեռարձակվում է նաեւ «ԾՌՐ»-ը՝ ԱՊՀ երկրների միջպետական հեռուստառադիոընկերությունը, որի գործունեությունը կարգավորվում է ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջպետական պայմանագրով։

Օրինագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հայտնեց, որ ըստ գործող օրենքի՝ այդ օտարերկրյա հեռուստածրագրերը, ինչպես ՀՀ-ում գործող հեռուստածրագրերը,  2010 թվականին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից սլոթի օգտագործման լիցենզիա են ստացել։

«Համաձայն հոդված 45-ի 2-րդ կետի՝ նոր օրենքի նախագծի ընդունման դեպքում Հանրային մուլտիպլեքսում սլոթի (խմբ. մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է մեկ ծրագրային փաթեթ հեռարձակելու համար) օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող հեռարձակողները: Օտարերկրյա տեսալսողական ծրագրերը հանրային մուլտիպլեքսում առանց լիցենզիա կարող են վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա»:

Այսպիսով, հարկ է նշել, որ օրենքի նոր նախագծով օտարերկրյա հեռուստառադիոծրագրերը չեն բացառվելու հանրային մուլտիպլեքսից, ինչի մասին ահազանգում էին լրատվականները, այլ կարող են վերահեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Կարեւոր է շեշտել, որ օրենքը վերաբերում է օտարերկրյա բոլոր հեռուստառադիոծրագրերին, եւ չի թիրախավորում ռուսական ծրագրերը։

Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի եւ ցանցային օպերատորների կողմից օտարերկրյա հեռուստառադիոծրագրերի հեռարձակմանը, ապա վերը նշված կարգավորումը մասնավոր հատվածի մասին չէ։ Այսինքն՝ մասնավոր մուլտիպլեքսը եւ ցանցային օպերատորները կարող են վերահեռարձակել օտարերկրյա հեռուստառադիոծրագրեր։ Կարգավորումը վերաբերում է միայն հանրային մուլտիպլեքսում ցուցադրվող հեռուստառադիոծրագրեր հեռարձակողներին՝ բացառությամբ միջպետական պայմանագրով նախատեսված դեպքերի։

Հավելենք նաեւ, որ այսպիսի կարգավորումներ գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Ն.Պ.

 

 

ՍԱՏՄ ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՍՏՈՒԳԱՅՑԵՐ

Պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունն այսօր առավել խստացված ու թիրախային բնույթ է կրել Արմավիրի մարզում, մասնավորապես՝ Արմավիր քաղաքում գործող հանրային սննդի կետերում, խանութներում եւ արտադրական կազմակերպություններում: Խախտումների նվազումը նկատելի էր նաեւ այս մարզում: Հանրային սննդի կետերից եւ խանութներից մեկում ՍԱՏՄ տեսուչների ամենամանրակրկիտ դիտարկումն անգամ որեւէ թերացում չի հայտնաբերել:  Ավելին՝ խանութում ջերմաչափում էին բոլոր հաճախորդներին, ինչը, պարետի որոշմամբ, իրացման ցանցի համար պարտադիր չէ: Այդուհանդերձ, մի շարք տնտեսավարողների մոտ բացթողումներ հայտնաբերվել են՝ հիմնականում կապված գրանցամատյանների թերի լրացման հետ: ՍԱՏՄ մասնագետների կողմից ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում: Հայտնաբերված թերացումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:  ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առեւտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ, լացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ, ջերմաչափեր եւ ջերմաչափման գրանցամատյաններ: Բոլոր խանութներում փակցված են եղել պարտադիր դիմակներ կրելու մասին իրազեկման թերթիկներ: Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների եւ գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերը եւ ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները: Այսօր նաեւ հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է մի քանի տասնյակ սննդի շղթայում գործող կազմակերպությունների գործունեությունը: Ավելի վաղ նրանց մոտ հայտնաբերվել էին պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, չեն վարել ջերմաչափման եւ ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններ, չեն ապահովել սեղանների եւ անձանց սոցիալական հեռավորությունը եւ այլն: Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով:

 




Լրահոս