«ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻ ՆՄԱՆ ՖՈՐՄԱՏԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ». ԳՐԻԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հումորիստ, դերասան Գրիգ Գեւորգյանը երկար դադարից հետո կրկին վերադարձել է  «Շանթ»-ի եթեր նոր  շոուով `«Երեկոն Շանթում՝ Գրիգի հետ» նախագծով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դերասանը խոսել է նախագծի գաղափարի, հաջողության հասնելու մասին:

 

-Գրի՛գ, ինչպե՞ս ստեղծվեց «Երեկոն Շանթում՝ Գրիգի հետ» հաղորդաշարի գաղափարը:

-Գաղափարը ստեղծվել է կոնկրետ իմ եւ «Շանթ» հեռուստաընկերության կողմից, քանի որ «Շանթ» հեռուստաընկերության եւ իմ կողմից կար ցանկություն միասին համագործակցությունը շարունակել արդեն առանձին նախագծով, այդպես բանակցություններ սկսեցինք, ու շատ երկար չտեւեց, քանի որ շատ արագ եկանք  երեկոյան ծրագրի վրա, եւ քանի որ «Շանթ»-ը չուներ երեկոյան ֆորմատի հաղորդում, ես էլ ցանկություն ունեի նման ֆորմատի հաղորդում ունենալ, ու այդպես շատ արագ որոշումը կայացվեց, որին հաջորդեցին ամիսների շատ մանրակարկիտ աշխատանք, որպեսզի մշակենք շոուի ձեւը, ձեւաչափը, որ այն Հայաստանում եղած շոու-ծրագրերին չնմանվի: Ես դեռ կարծիք չեմ լսել, որ մի նախագծի նմանացնեն, Հայաստանում հիմնականում կլասիկ ֆորմատի երեկոյան նախագծեր են եղել՝ աթոռ, սեղան, կողքը` հյուր բազմոցի վրա, որը շատ հայտնի ֆորմատ է: Մենք քանի որ ուսումնասիրել ենք մեր դաշտը ու տեղյակ ենք, թե աշխարհում որքան բազմաթիվ ձեւերի երեկոյան նախագծեր կան, եւ այս նախագիծը նրանով է տարբերվում, որ ինքը ոչ միայն հայկական  իրականությունում չկա, այլ դրսից նման նախագծերում եւս շատ բաների չեք հանդիպի, որ հաղորդավարը հաղորդման վերջում շատ մեծ ստենդափ կունենա: Շատ քիչ դեպքերում է, երբ այդքան հյուրեր են լինում տաղավարում, եւ այդպես:

-Հաղորդման մասին ինչպիսի՞ արձագանքներ եք լսել:

-Արձագանքները շատ լավն են, մարդկանց, ում մենք հանդիպում ենք, նրանց տպավորությունները եղել են շատ դրական: Այն քոմենթներին, որ ես հասցնում եմ տեսնել ինստագրամում, քանի որ ժամանակս շատ սուղ է,  մարդիկ գրում են, որ  շատ լավ նախագիծ է, եւ նման ֆորմատի կարիքն իսկապես կար: Իհարկե, ես չեմ հանդիպել, բայց հավատում եմ, որ բացասական արձագանքներ էլ կլինեն, եւ ցանկացած բացասական քննադատություն, որն առողջ է, մենք ընդունում ենք, քանի որ այդ քննադատություններն իրականում օգնում են ինչ-որ մի բան ավելի շտկելու, ավելի լավացնելու, բայց այն բացասական կարծիքները, որոնք արվում են, որ զուտ լինի բացասական կարծիք, չար մտքով, այդ ամենին բացարձակ ուշադրություն չեմ դարձնում:

-Գրի՛գ, նախագծում պարային բեմադրությունները վստահված է Ձեր կնոջը` պարուհի Սոնային. դժվար չէ՞ միասին աշխատելը: Ինչպե՞ս է ստացվում Ձեր համագործակցությունը:

-Սոնայի հետ առաջին նախագիծը չէ, որ միասին ենք համագործակցում որպես ամուսիններ, իսկ գործնական առումով գործնական ենք: Այս նախագծը լիներ, թե չլիներ, Սոնայի ցանկացած գործից, ինչ-որ բան, որ նա ցանկանում է անել, ես տեղյակ եմ, զբաղվում եմ: Մենք միասին են որոշումներ կայացնում, ամեն ինչ միասին ենք անում: Նախագծի հետ կապված առաջարկը կոնկրետ եղել է «Շանթ»-ից, որ Սոնան եւ իր թիմը նույնպես ընդգրկվեն նախագծում, ընդունել ենք, ու ինձ թվում է՝ շատ ճիշտ որոշում է դա եղել: Այսօր Սոնայի գլխավորությամբ փորձում ենք պարային շոուներն ուրիշ մակարդակի վրա բարձրացնել հեռուստատեսությունում, փորձում ենք անել այնքան, ինչքան մեր հայկական իրականության մեջ ֆինանսները ներում են, իհարկե եթե այդ ամեն ինչը շատ լիներ, շատ ավելի լուրջ մտքեր կիրագործեինք, բայց փորձում ենք, ինչքան հնարավոր է, նոր, ավելի հետաքրքիր բան անել:

-Գրի՛գ, Սոնայի պարային համարները բավականին կրեատիվ են, եւ, կարծես թե, Սոնան փորձում է որոշակի արմատացած կարծատիպեր կոտրել մեր իրականության մեջ: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է դա նրա մոտ հաջողվում:

-Հաջողվելն իհարկե մենք չպետք է գնահատենք, այլ պետք է գնահատեն հեռուստադիտողները: Կարծում եմ՝ այդ ամեն ինչը գալիս է նրանից, որ Սոնան, երբ տանն է, իսկ տանը նրան քիչ եմ հանդիպում, քանի որ նա անընդհատ նոր պրպտումների մեջ է, նայելու, գտնելու, դիտելու, տեղյակ լինելու մեջ է: Նա համաշխարհային շոուներից, մինչեւ անգամ միջին մակարդակի շոուներից  տեղյակ է, գիտի` ինչ է պետք, ինչն է նոր, ու փորձում ենք ինչ-որ բաներ հայկական իրականության մեջ անել, իհարկե Սոնայի ֆակտրը ավելացնելով նաեւ: Երբեք մեզ մոտ չեք հանդիպի մի բան, որ, օրինակ, տեսած լինեք համաշխարհային դեմքի մոտ: Ոճային ցանկացած բան, որ մենք անում ենք, թրենդային է: Նա արդեն ունի իր ուրույն ոճը, եւ  եթե չասենք էլ, որ Սոնան է, շատ շատերն արդեն կհասկանան նրա ձեռագիրը:

-Գրի՛գ, այս նախագծից բացի, առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:

-Առաջիկայուն կլինեն նոր նախագծեր, եթե մենք մի քիչ ուրիշ իրականությունում ապրեինք, բայց այսօր շատ դժվար է: Մենք ինչքան բարդություններ որ պլանավորել էինք, որ պետք է լիներ նախագծում, կարանտինային ռեժիմը քառապատկել է, ու այս պահի դրությամբ ամբողջությամբ կենտրոնացել ենք այս նախագծի վրա: Իսկ երբ արդեն ամեն ինչ վերջանա, նոր նախագծեր ենք կյանքի կոչելու: Չեմ ուզում չակերտներ բացել, խոսել այն նախագծերի մասին, որոնք դեռ հերթի մեջ սպասում են:

 

 

«ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ». ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Անուշիկ Ալավերդյանի հետ  անցկացրել է բլից հարցազրույց՝ փորձելով պարզել երգչուհու թույլ ու ուժեղ կողմերը, բնավորության այնպիսի գծեր, որոնք միայն երգչուհուն են բնորոշ:

 

 -Անուշի՛կ, Երեւանում սիրելի, գողտիկ վայր ունե՞ք:

-Իմ ամենասիրելի վայրը Երեւանում Սարյան փողոցն է, Կասկադը:

-Սովորաբար ո՞ւմ հետ զրույցն է Ձեզ հանգստացնում, ներդաշնակ դարձնում ինքներդ Ձեզ հետ:

-Ամուսնուս հետ զրույցը:

-Ե՞րբ  է եղել Ձեր կարիերայի պիկը:

-Կարծում եմ՝ դեռ առջեւում է:

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Ձեր ոլորտում:

-Ամեն բան կարգին է եւ, կարծես թե, հարթ է ընթացել:

-Ո՞վ կարող է Ձեզ խոցել:

-Կարող են խոցել ընկերներս, բայց ժամանակի ընթացքում մաղվում են նրանք, եւ լավ է, որ մնում են իրականները:

-Ե՞րբ են վերջին անգամ Ձեզ թիկունքից հարվածել:

-Մի քանի տարի առաջ ընկերներիցս մեկն էր:

-Ինչպես ե՞ք պայքարում Ձեր «չուզողների» դեմ:

-Կարծում եմ, որ նրանք շատ չեն, եւ պայքարելու կարիք էլ չկա:

-Ավելի շատ լռակյա՞ց եք, թե՞ բարձրաձայնող:

-Անձնական հարցերում բարձրաձայնող եմ, իսկ մնացած այլ հարցերում չեզոք եմ:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր բնավարության ամենաանտանելի կողմը:

-Նյարդային եմ:

-Իսկ ո՞րն է ամենադրական կողմը:

-Շատ պոզիտիվ եմ:

-Ամենաշատը ո՞ր հարցում եք ծուլանում:

-Ծուլանում եմ, երբ պետք է շանը զբոսանքի տանել:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Երազում եմ խաղաղության եւ երջանիկ կյանքի մասին եւ ցանկանում եմ, որ այն միշտ լինի:

-Ձեր ամենասիրելի ֆիլմը:

-Շատ եմ սիրում «Հին օրերի երգը» ֆիլմը:

-Չեք կարող ներել, երբ…

-Չեմ կարող ներել, երբ երբեք չգիտեմ`  ինչու:

-Ո՞ր գույնն եք համարում Ձերը:

-Ինձ համար իմ գույնը սեւն է:

-Ո՞րն է Ձեր թալիսմանը:

-Թալիսմաններ չունեմ:

-Կինը գրավիչ է, երբ…

-Կինը գրավիչ է, երբ համեստ է:

Նյութերը՝  ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Իտալական «Ռոմայի» հոլանդացի հարձակվող Ջաստին Կլույվերտը հույս է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը թիմում վարձակալությամբ հանդես եկող անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգն ու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում եւս կլինեն «Ռոմայում»: «Սմոլինգն ու Մխիթարյանը հարմարվել են «Ռոմային»: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, որոնք մեծ օգուտ են տալիս ակումբին: Լիահույս եմ, որ հաջորդ մրցաշրջանում եւս Սմոլինգն ու Մխիթարյանը կխաղան «Ռոմայում»»,- Կլույվերտի խոսքը մեջբերում է Goal.com-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» պատրաստ է ձեռք բերել «Ռոմայի» հարձակվող Ջաստին Կլույվերտին եւ Մխիթարյանի տրանսֆերը ներառել նույն գործարքում։ 21-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 35-40 միլիոն եվրո, որից կհանվի Մխիթարյանի տրանսֆերային գինը. հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

 

ՆՈՐ ՏՐԱՆՍՖԵՐ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մրցելույթների մասին: «Այս մրցաշրջանը շատ ծանր ստացվեց Պոգբայի համար: Նա արդեն ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է խաղադաշտ վերադառնալ, սակայն մենք չենք ցանկանում ռիսկի դիմել նրա հարցում: Կարծում եմ՝ նա արդեն հաջորդ շաբաթ որոշ չափով վերականգնած կլինի իր մարզավիճակը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Calciomercato-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պոլ Պոգբան մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել իր նախկին ակումբ՝ «Յուվենտուս»: Պոլ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ. հունիս:  Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016թթ.։ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա համար վճարել է 105 միլիոն եվրո։

 

ՊԱՀՈՒՄ ԵՆ

Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն» ցանկանում է ամեն գնով թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերին: «Մենք ցանկանում ենք ամեն գնով թիմում պահել Վիսամին: Նա «Մոնակոյի» առանցքային ֆուտբոլիստներից մեկն է, որի հեռանալը շատ ծանր հետեւանքներ կունենա մեզ համար»,- «Մոնակոյի» փոխնախագահ Օլեգ Պետրովի խոսքը մեջբերում է RMC-ն: Վիսամ Բեն Յեդերը Ֆրանսիայի արդեն ավարտված առաջնությունում դարձել է 18 գոլի հեղինակ: 29-ամյա հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են «Լայպցիգն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

 

ՄԵՂԱԴՐՈՒՄ Է

Դատարանը Ֆրանսիական ՊՍԺ-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարին պարտավորեցրել է իր նախկին ակումբին՝ «Բարսելոնային» վճարել 6.7 միլիոն եվրո. տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Գործի քննությամբ պարզ է դարձել, որ «Բարսելոնան» կատարել է բոլոր անհրաժեշտ վճարումները, իսկ Նեյմարն ակումբին պարտք է 6.7 միլիոն եվրո: Բրազիլացի հարձակվողը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկել դատարանի վճիռը:

 




Լրահոս