։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին։ Սյս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել անասնապահական համալիրի կաթնատու և մսատու կովերի ֆերմաներ, որտեղ պահվում և բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ, ծանոթացել կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, «Yeremyan Products» ապրանքանիշի կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրության գործընթացին:
Ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ նշելով, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության հիմքում «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը՝ սկսած կենդանիների ներմուծումից, կերի մշակումից մինչև արտադրություն և մատակարարում: Հայեցակարգի կարևոր մաս է կազմում ֆերմայի կենդանիների կերակրման գործընթացը:
Նախարարին ներկայացվել է նաև, որ ֆերմայում իրականացվում է մեքենայացված կիթ. կովերի մաքուր, ախտազերծված կաթն անմիջապես խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ այդպիսով զերծ մնալով արտաքին միջավայրի հետ շփումից և պահպանելով համային ու հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:
Մասնագետները նշել են, որ կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների կերակրման գործոնը. հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ կանաչ կերի և առվույտի վիտամիններով ու ֆերմենտներով հարուստ խառնուրդը, հատուկ կերախոհանոցում վերամշակում անցնելուց հետո, մատակարարվում է կենդանիներին: Ֆերմայում ավտոմատացված է նաև կերի բաժանումն ու կերակրման գործընթացը:
Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են գյուղատնտեսության ոլորտում ընկերության ներդրումային ծրագրերին, ֆերմերային տնտեսությունների նախագծերի զարգացման հեռանկարներին և ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը:
Դավիթ Երեմյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հատկապես այս ժամանակահատվածում կարևոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին և գործարարների ուշադրությունը հրավիրել այս հեռանկարային ոլորտի վրա։ «Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար 7-8 մլն դոլարի ներդրում է պահանջվել, որից 600,000 դոլարը պետական սուբսիդավորում է։ 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում այս ներդրումների իրականացման շնորհիվ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկեցինք խոզաբուծական և տոհմային տավարաբուծական ֆերմաները: Ձեռք բերեցինք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ և սկսեցինք կաթի ու կաթնամթերքի արտադրությունը: Ներկա պայմաններում գործարարների համար ավելի խելամիտ է ներուժն ուղղել դեպի հեռանկարային և զարգացման տեսլական ունեցող ոլորտներ, և այս տեսանկյունից ավելի եմ կարևորում հատկապես գյուղատնտեսության զարգացումն ու օրինակելի ֆերմերային տնտեսություններ հիմնելը: Մենք ունենք այս ճյուղը թռիչքաձև զարգացնելու բոլոր հնարավորությունները՝ շնորհիվ ներդրված ճիշտ կառավարման համակարգի ու բիզնես տեսլականի», – ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրենը:
Նախարար Տիգրան Խաչատրյանն, ամփոփելով այցն, ընդգծել է ․« Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մրցունակությունն առաջին հերթին արտադրողականություն է և առանց արտադրողականության շահութաբեր գործունեություն վարել հնարավոր չէ: Սա հենց այն օրինակն է, երբ այդ բոլոր հարցերը համատեղված են: Այս օրինակը պետք է շատ դեպքերում հասանելի լինի այն տնտեսությունների համար, որոնք ցանկանում են նույն ճանապարհն անցնել։ Կարևոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաև տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք, առավելությունները տեսնելով և գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել: Իսկ մենք մեր ծրագրերով շարունակում ենք աջակցել նաև տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը»:
Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ ուրախ է արձանագրել, որ այս տնտեսությունը նաև ակտիվ համագործակցում է պետական օժանդակության ծրագրերով և արդեն իսկ ունի արդյունքներ․ 207 գլուխ տոհմային մաքրացեղ կենդանիներ են ներկրվել տնտեսություն, որից 175 գլուխ ֆլեկվի ցեղատեսակի և 33 գլուխ անգուս ցեղատեսակի։ Փոխնախարարի խոսքով՝ այսօր իրենք համոզվեցին, որ ֆերմայում տեղայնացված է և կիրառվում է միջազգային լավագույն փորձը: Տիգրան Գաբրիելյանը նաև ընդգծել է ընկերության առավելություններից մեկը՝ ֆերմայի կթի սրահում իրականացվող մեքենայացված կիթը, ինչը որակյալ կաթի արտադրության համար հիմնական երաշխիքն է: