Օրենքով գող Արսեն Երևանսկին կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքով գող Արսեն Մկրտրյանը՝ Արսեն Երևանսկին, կմնա կալանքի տակ, ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նրա խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Գրել էինք, որ օրերս «օրենքով գողին» տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտման, սակայն ավելի ուշ կրկին հետ են տարել դատապարտյալների հիվանդանոց՝ քրեակատարողական հիմնարկ: Մեզ հայտնի դարձավ, որ վաղը ՀՀ վերաքննիչ դատարանը կհրապարակի Արսեն Երևանսկու պաշտպանների բողոքը վերջինիս խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ բացահայտելու մասին։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել այսպես կոչված «օրենքով գողե, «Արսեն Երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք:

Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ք.Մ.




Լրահոս