ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր դաշտում խոստացված կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Միասնական ճակատով հեղափոխական իշխանության դեմ պայքարի չեն գնա ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտարարվեց, թե շուտով հուշագիր կստորագրվի ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ միասնական պայքարի համար: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին ու չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պնդել է, թե անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր միանան իրենց ճակատին, որպեսզի ազդեցիկ միավորում լինի, ու դա լինի Գագիկ Ծառուկյանի շուրջ:  Մյուս կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չեն համաձայնել` ասելով, թե պետք չէ «մանր-մունր» կուսակցություններին ներգրավել այդ գործընթացին: Ու այդպես հուշագիր ստորագրելու գրծընթացը կասեցվել է կամ չեղարկվել ընդհանրապես: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերը նշված ուժերն այնուամենայնվիվ մի հարցի շուրջ համաձայնության եկել են, այն է` հին դեմքերը, Հանրապետական կուսակցության որեւէ ներկայացուցիչ չպետք է երեւա ընդդիմության գործողություններում եւ չպետք է խառնվի նոր ընդդիմության գործերին, այսինքն՝ այս ուժերը կարողացել են դեռեւս համաձայնության հասնել միայն այս հարցում: Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչն է խանրագարում միավորմանը. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել», – նշեց Տոնոյանը: Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, եւ քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձեւաչափի եւ առաջիկա ռազմավարության մասին»: Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով, որի լիդերը հայտարարել էր, թե հուշագիր ոչ մի դեպքում չի ստորագրելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են եւ չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին, նա շատ բան իմանում է լրատվամիջոցներից: Հավելենք, որ երեկ ողջ օրը խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ տեղեկություններ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու մասին: Մասնավորապես, պարզեցինք, որ Աղաջանյանի որդու հետ կապված՝ ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, Աղաջանյանի որդին ամիսներ առաջ զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ազատվել է ծառայությունից: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ, այն ուղարկել Զինվորական քննչական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից: «Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ»: Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, թե որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, որ խնդիրներ ունեցող տղան զորակոչվել է բանակ: Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը, որին մենք կհետեւենք, եւ չի պարզվի, որ բժշկական եզրակացությունները սարքովի են:

 

 

 

Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ եւ ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները: Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, եւ 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի: Ընդ որում, այս փոփոխությունները բավականին արագ են կատարվելու, եւ Ազգային ժողովի կողմից նախագծի հրապարակումից հետո պատգամավորները խորհրդարանում արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ՍԴ նոր անդամներ ընտրել: Հավելենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են մինչեւ այդ ունենալ ՍԴ նոր կազմ, որպեսզի խուսափեն անակնկալներից, քանի որ չի բացառվում՝ այժմյան կազմով այն հակասահմանադրական ճանաչվի, եւ այդ դեպքում քրեական գործը կկարճվի: Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ երեկվա դրությամբ իմքայլականները չունեին թեկնածուներ եւ այդ առումով բուռն քննարկումների մեջ էին՝ այդպես էլ չիմանալով՝ ում առաջադրել միանգամից երեք տեղի համար: Ընդ որում, ընտրությունը պետք է կայանա նույն օրը:

 

 

 

«Միջազգային էներգետիկ կորպորացիա» եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋէկ)» ընկերությունները ապրիլի 17-ի եւ ապրիլի 21-ի գրություններով դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունները խնդրել են համաձայնություն տալ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 մլն 597 հազար 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի՝ բանկերից մեկում գրավադրման գործարքի կնքմանը։ Սակայն պարզվել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հունիսի 12-ի գրությամբ ՀԾԿՀ-ին ներկայացրել է կառավարության դիրքորոշում, որտեղ նշվել է, որ գործարքի կնքումը նպատակահարմար չէ։ Իսկ հանձնաժողովը գործարքի կնքմանը համաձայնություն չի տալիս, եթե այն ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին: Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը մերժել է, ի ապահովումն «Լիսմարթ» ընկերության վարկային պարտավորությունների կատարման, «ՀրազՋԷԿ»-ին պատկանող 1 597 430 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի գրավադրման գործարքի կնքմանը համաձայնության տրամադրումը։

 




Լրահոս