Երեկ խորհրդարանում ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նիստին, սակայն, չէին մասնակցում ընդդիմադիր ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները: Այս նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: ՀՀ նախագահի կողմից այն ստորագրելու պարագայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Ալվինա Գյուլումյանը: Այս հարցերի շուրջ այսօր զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ:
-Պարո՛ն Ուլիխանյան, միայն Ձեր խմբակցությունը մասնակցեց Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը լուծելու վերաբերյալ քննարկմանն ու քվեարկությանը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ դա հեղաշրջում է նշանակում, եթե մասնակցեն այս քննարկմանն ու քվեարկությանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ ասում է, որ իրենք անակնկալի են եկել արտահերթ նիստի հրավիրման համար, այդ պատճառով չեն ցանկանում որեւէ կերպ մասնակցել։ Սա նաեւ հետագայում իրավական գործընթաց է ենթադրում։ Ի՞նչ կասեք։
-Խորհրդարանական ընդդիմության խոսքը չեմ լսել, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Բայց նաեւ հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքում կարեւորություն բերող, արդեն որերորդ կարեւորագույն փոփոխություն բերող նախագծի քվերակության կամ քնարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը բացակա է։ Այս բառը կարեւոր է՝ բացակա լինելը։ Եվ ընդհանարապես, իմ գնահատմամբ, իրենք սկսել են բացակա լինել որոշումների կայացմանը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժերը առնվազն խնդիր ունեն իրենց ընտրողների հետ կապված էլ։ Թող բացատրություններ ներկայացնեն, թե ինչու են կարեւորագույն հարցերի քննարկման ժամանակ դրսեւորում կրավորական վարքագիծ, քանի որ, այնուամենայնիվ, քաղաքական վերջնական որոշում կայացնողները չեն կարող խուսափել որոշման կայացումից: Նրանք պետք է մասնակից լինեն որոշման քննարկմանը, կողմ կամ դեմ արտահայտվեն որեւէ նախագծի։ Ես կարծում եմ, որ բացակայությունն ուղղակի անթույլատրելի է։
-«Իմ քայլը» ինչո՞ւ այդպես արագ կազմակերպեց այսօրվա արտահերթ նիստը։ Ի՞նչ խնդիր կար։ Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովը դա ընդունելի չէր համարել, որ առանց քայլեր ձեռնարկելու, ձեւաչափերին հետեւելու են նման ընտրություն կազմակերպել։ Ինչո՞ւ Դուք այս ամենն այդքան արագ կազմակերպեցիք։
-Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցերի հետ կապված կա համընդհանուր 100 տոկոսանոց կոնսենսուս Հայաստանի Հանրապետության իշխանությունների եւ Վենետիկի հանձնաժողովի միջեւ։ Հրատապության վերաբերյալ գնահատականները չեմ կիսում, որովհետեւ գոյություն ունի նաեւ հակառակ գնահատականը, որ ինչու այսքան ուշացրեցիք, եւ ես այդ գնահատականի կողմակիցն եմ։ Ես կարծում եմ, որ մենք հապաղել ենք։
-Ես նկատի ունեմ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը. էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց առավոտյան շատ անակնկալ տեղեկացել են, որ արտահերթ նիստ է, որի ընթացում այս հարցն է քննարկվելու։
-Ես չեմ ուզում մեկնաբանել իրենց խոսքերը եւ ընդհանրապես այլ քաղաքական ուժի որեւէ խոսք, որովհետեւ, իմ գնահատմամբ, իրենք բացակա են արդեն ներքաղաքական կյանքից, եւ հիմա վստահաբար ապագա ընտրությունների եւ ոչ միայն դրա ժամանակ հանրությունն իր վերաբերմունքով բոլոր քաղաքական ուժերին դնելու է իրենց տեղը; Եվ ես այս պահից անիմաստ եմ համարում անդրադառնալ այդ հայտարարություններին։
-Պահանջ կա նաեւ, որ այս հարցը պետք է ներկայացվի նաեւ Սահմանադրական դատարան։ Ինչպե՞ս եք շրջանցելու այդ հարցը։
-Մենք Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու վերաբերյալ դեռեւս որեւէ դիրքորոշում չենք հայտնել, եւ դրա ժամանակը դեռ չի եկել։ Մենք նման դիրքորոշում պետք է հայտնենք երկրորդ ընթերցումից առաջ։ Առայժմ զերծ կմնամ որեւէ վաղաժամ հայտարարություն անելուց, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում ուղիղ եթերում եւ հրապարակային, այսինքն՝ հանրությունից թաքցնելու որեւէ խնդիր չկա, եւ առաջիկա ժամերին, երբ կունենանք երկրորդ ընթերցումը, ԱԺ հերթական նիստը, ամեն ինչ պարզ կլինի։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկար ժամանակ է, ինչ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկանում է աշխատանքից ազատել Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին։ Ընդ որում, վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում է դեռ 2012 թվականից։
Ավելին, Հայկ Մարությանն ուներ նաեւ իր թեկնածուն՝ կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գոհար Փանաջյանը, որը մահացել է նախորդ ամիս։ Եվ Մարությանը երկար ժամանակ է՝ ցանկանում է փոփոխություն անել այդ վարչությունում, անգամ Կամսար Բաբինյանին ասել էին, որ վերջինս հրաժարական ներկայացնի եւ հեռանա, սակայն նա չէր հանձնվում, եւ դրանից է՛լ ավելի էին լարվել նրա եւ քաղաքապետ Մարությանի հարաբերությունները։
Դեռ ավելին, մեր տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից ի վեր, այսինքն՝ մարտ ամսից, քաղաքապետարանի առողջապահության վարչությունը գոնե մեկ անգամ նիստ չի արել, հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաների տնօրեններին՝ հանձնարարականներ տալու կամ խնդիրներ լուծելու համար։ Եվ, ահա, այդ հանդիպումը կայացավ միայն հունիսի 18-ին, երբ քաղաքապետարանում Հայկ Մարությանը հանդիպեց համայնքային ենթակայության պոլիկլինիկաների եւ բժշկական կենտրոնների տնօրենների հետ:
Իսկ ո՞րն է պատճառը, որ հենց հիմա այդպիսի հանդիպում եղավ, երբ իրավիճակը անհանգստացնող էր շատ վաղուց։ Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, այժմ Կամսար Բաբինյանը վարակված է կորոնավիրուսով եւ չի ներկայանում աշխատանքի, իսկ Մարությանն էլ, առիթից օգտվելով, իր մոտ կանչեց բժշկական կենտրոնների տնօրեններին, որպեսզի առաջ անցնի եւ շրջանցի Բաբինյանին։ Ստացվում է՝ Հայկ Մարությանը որոշեց տեղից շարժվել եւ աշխատել միայն երեք ամիս անց, իսկ Կամսար Բաբինյանն էլ նման նիստ չէր արել, քանի որ լարված հարաբերություններ է ունեցել քաղաքապետ Մարությանի հետ: Եվ, փաստորեն, այս ամենի եւ անձնական վատ հարաբերությունների պատճառով կարող է տուժել ոլորտը։
Ն. Հ.
ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ
Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Հրանտ Անանյանը հայտնեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործով գնացել է խորհրդակցական սենյակ, եւ Աբրահամ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու ԱԱԾ միջնորդության որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին՝ ժամը 10-ին: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը ներկայացնելիս գլխավոր դատախազը հիշատակել էր նաեւ Աբրահամ Մանուկյանի անունը. «Հայտնաբերված փաստաթղթերի կապակցությամբ «Երեւանշին» ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականին Գագիկ Ծառուկյանը հրավիրել է իրեն եւ առաջարկել, որ մասնակցի ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9000 ձայն Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն՝ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար դիմել է Սեդրակ Առուստամյանին եւ Աբրահամ Մանուկյանին։ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ֆինանսական հարցերով զբաղվել են վերջիններս։ Այսպիսով, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար, եւ երկու օրից պարզ կլինի, թե դատավոր Արտուշ Գաբրիելյանը կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը, թե կմերժի:
ԿՀԱՆՁՆՎԻ
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կհանձնվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ գործառույթների տեղակայման համար։ Տեղեկացնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա հունիսի 19-ի վճռի համաձայն՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը գտնվում է լուծարման գործընթացում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե: Այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը խնդրում է տրամադրել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող, Երեւանում գտնվող 1634,8 քմ շենքը եւ 0,18792 հա հողամասը: