Արդեն մի քանի օր է, ինչ լայն քննարկման թեմա է դարձել ընդդիմադիր դաշտում մեկ ճակատի ձեւավորումը: Խոսքը ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների համագործակցության մասին է, որոնք նաեւ պետք է հուշագիր ստորագրեին: Հիշեցնենք, որ այս ուժերի ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ գրասենյակում եւ հայտարարել, որ իրենց մոտ կա փոխըմբռնում:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ այժմ այդ ուժերի միջեւ վերջնական պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չի բերվել, հնարավոր է՝ այդպես էլ ընդդիմադիր բեւեռ չձւավորվի: Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են հունիսի 20-ին, որի ժամանակ ընդհանուր համաձայնության չեն կարողացել գալ, եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե չի ցանկանում հուշագիր ստորագրել, այսինքն՝ ուժերի միջեւ ընդհանուր եզրեր չեն գտնվել: Սակայն, մեր տեղեկություններով, միակ հարցը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ՀՀԿ-ի հետ համագործակցության հարցն է եղել, եւ, մեր տեղեկություններով, միասնական որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակից լինի հուշագրի ստորագրմանը կամ սատարի այս ուժերին: Նաեւ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ դրական չի վերաբերվում ՀՅԴ-ի հետ հուշագրի ստորագրմանը՝ հաշվի առնելով վերջինիս նախկինում արված հայտարարությունները իրենց մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձել է հասկանալ, թե ինչ ընթացքի մեջ են այս ուժերի հետ համագործակցության ծրագրերը, եւ արդյոք ընդհանուր հայտարարի կարողացել են գալ: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ինչպես գիտեք, այն օրերին, երբ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բողոքի ակցիաներ էին տեղի ունենում Երեւանում, եւ այդ օրերին «Հայրենիք», ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ նշեցին, որ այս ամենը ունի քաղաքական ենթատեքստ, եւ հայտարարեցին, թե պատրաստ են միասնական օրակարգով առաջ ընթանալ: ԲՀԿ-ն էլ հայտարարեց, թե ողջունում է արտախորհրդարանական ուժերի առաջարկը», – նշեց Տոնոյանը:
Նա ընդգծեց, որ այս պահին քննարկումները դեռ ընթացքի մեջ են, եւ երբ 100 տոկոսանոց պայմանավորվածություն լինի, կասեն այդ մասին: «Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել: Այսօր կա խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանը դեռ հունիսի 5-ին էր հայտարարել, որ ցանկանում է համազգային պլատֆորմ ստեղծել», – հավելեց նա:
Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, եւ քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձեւաչափի եւ առաջիկա ռազմավարության մասին։ Ինչ վերաբերում է հակասությունների մասին խոսակցություններին, ապա դրանք բամբասանքի ժանրից են։ Մենք մեզնից կախված ամեն բան անելու ենք այս իշխանության ստեղծած տնտեսական, հումանիտար, իրավական եւ բարոյական կոլապսից մեր պետությունն օր առաջ դուրս բերելու համար»:
Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինիս նախագահ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են եւ չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին: Փորձեցինք նրանից պարզել, թե ինչ փուլում են գտնվում բանակցությունները, եւ ինչու են նրան անտեսում, որից էլ վերջինս դժգոհում է: Սակայն նա երեկ տարբեր հանդիպումների մեջ էր, եւ այդպես էլ նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, նա մասնավոր զրույցներում դժգոհել է, թե շատ բաների մասին մամուլից է իմանում:
Այսպիսով, ինչ կլինի այս համագործակցության վերջը, արդյոք կստորագրվի հուշագիր, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում մեկնարկել են 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծով նախարարությունների ներկայացրած հայտերի քննարկումները: Դրանց շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվելու համապատասխան ոլորտներում կանխատեսվող ցուցանիշներին եւ բյուջետային շրջանակին, նախատեսվող ծրագրերին: Հայտերը ներկայացվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով եւ հնարավոր զարգացումներով: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայտերը հաստատվելու են՝ հաշվի առնելով նախարարությունների՝ նախորդ տարիների եւ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում արձանագրած կատարողական ցուցանիշները:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում Դավթաշենի շինանյութի խանութներում, բենզալցակայաններում ու գազալցակայաններում խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Արձանագրված հիմնական խախտումները վերաբերել են Զովունիում տեղակայված գազալցակայաններին ու բենզալցակայաններին, որտեղ բացակայել են ջերմաչափերը, ջերմաչափման գրանցամատյանները, ինչպես նաեւ դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանները: Փակցված չեն եղել նաեւ դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկներ: Կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվելու են պարետատուն: Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ստուգումները շարունակվում են:
ԸՆԿԵԼ ՈՒ ՄԱՀԱՑԵԼ Է
Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին չպարզված հանգամանքերում 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել: Շտապ օգնության կայան զանգել էին ականատեսները: Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռեւս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել եւ տեղում մահացել: «Շտապ օգնության բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- նշեց Գյումրու Շտապ օգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐ ԵՆ
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը կապված է իր քաղաքական հայացքների եւ «Հայաստանի հանրապետական» կուսակցությանն անդամակցելու հետ: «Անգործության համար համայնքի ավագանու վեց անդամի լիազորություններ եմ դադարեցրել դեռեւս հոկտեմբեր ամսին, այդ 6 անդամներն էլ ՔՊ-ականներ են եւ նրանք շինծու դիմում-բողոքներ են ներկայացնում, նաեւ ունեն մարզպետարանի օգնությունն ու ՔՊ-ական իրենց խմբի աջակցությունը»,- ասաց Մկրտչյանը: Նա վստահեցրեց, թե արդեն մեկուկես տարի է, ինչ որոշ ճնշումներ է նկատում, եւ իր բոլոր որոշումները բողոքարկվում են: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ Քասախ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով նշված համայնքում ապօրինի կառուցվող շինության մասին, չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները:
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԵՆ ՈՒՂԱՐԿԻ
Ազգային ժողովում երեկ ընդունվեց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ընդունվեց 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Այս նախագծով մինչ այս Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է: Եվ ինչպես հայտնի է, բոլոր դեպքերում նախագծերը համարում են ընդունված, երբ այն ստորագրվում է ՀՀ նախագահի կողմից, ապա հրապարակվում: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է այդքան չսպասել, եւ քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ մի նախագիծ, որով այս օրենքում փոփոխությունը չի ուղարկվի նախագահ Արմեն Սարգսյանին եւ կհամարվի ընդունված ու կմտնի ուժի մեջ խորհրդարանի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո: Այդ փոփոխությունը եւս առաջարկել է իմքայլական Վահագն Հովակիմյանը: Նրա առաջարկած նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն անել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ Դատական օրենսգրքում: Եվ այս բոլոր փոփոխությունները կապ ունեն Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրելու գործընթացի հետ: Նախ՝ ինչպես հայտնի է, վերը նշված նախագծի ընդունման պարագայում Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Ալվինա Գյուլումյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Եվ, ահա, Հովակիմյանի նախագծերի փաթեթի ընդունման պարագայում Սահմանադրական դատարանի թափուր անդամներին ընտրելու են մեկ օրում: