«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը, թե պաշտոնատար անձանցից ում որդիները չեն ծառայել բանակում կամ ինչ հիմքով են ազատվել բանակից: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ բացահայտումներ է իրականացրել ՌՈ պետի ժամանակավոր պշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի որդու մասով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի որդու հետ կապված ՀՀ զինվորական քննչական բաժնում քրեական գործ է հարուցված, եւ քննություն է իրականացվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի որդին ամիսներ առաջ գնացել է պարտադիր ժամկետային զինծառայության, սակայն իր հայրիկի՝ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո նա ազատվել է պարտադիր ժամկետային զինծառայությունից, ինչը Ռազմական ոստիկանությունում խիստ կասկածների տեղիք է տվել, թե ինչպես եղավ՝ հայրը պաշտոն ստացավ, ու որդուն ազատեցին բանակից:
Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունը ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի որդու՝ բանակից ազատման մասով հարուցել է քրեական գործ եւ քրեական գործը ուղարկել է Զինվորական քննչական բաժին՝ քննության: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործով նշանակվել են փորձաքննություններ: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «2019թ. ամառային զորակոչի ընթացքում բժշկական հետազոտություններ իրականացնող բժիշկ-մասնագետները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, անփույթ վերաբերմունք են դրսեւորել ծառայության նկատմամբ, պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով ՀՀ ՊՆ Կոտայքի մարզի զինկոմիսարիատում հաշվառված, 2000 թվականին ծնված Դ. Աղաջանյանը, ունենալով առողջական խնդիրներ, 19.07.2019թ. զորակոչվել է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու, իսկ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի՝ 22.10.2019թ. եզրակացության համաձայն՝ զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր, ինչով անզգուշությամբ էական վնաս է պատճառվել զորակոչի սահմանված կարգին եւ անձի իրավունքներին ու օրինական շահերին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքրի 315-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ: Դ.Աղաջանյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: Որոշում է կայացվել Դ. Աղաջանյանի վերաբերյալ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
Ստացվում է, որ քննչական մարմինը հիմա ստուգում է այն հանգամանքը, որ բժիշկներն են սխալ եզրակացություն տվել, թե ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանի որդին առողջական խնդիր է ունեցել, եւ նրան ուղարկել են պարտադիր ժամկետային զինծառայության, մինչդեռ այս հանգամանքը խիստ կասկածների տեղիք է տալիս: Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք բժշկական հետազոտություններ իրականացնող բժիշկ-մասնագետները մինչ այդ չգիտեին, որ հետազոտվող անձը դեռեւս այն ժամանակ ՌՈ օպերատիվ բաժնի պետի տեղակալի որդին է, ու աչք փակելով առողջական խնդրի վրա՝ նրան ուղարկում են ծառայության, ինչպես եղավ, որ նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմ ընկեր Ալեքսանդր Աղաջանյանը նշանակվեց ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ու այդ ժամանակ նրա որդու առողջական խնդիրները առաջ եկան:
Իսկ միգուցե իրավապահները փորձում են ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատարի որդու՝ բանակից ազատման խնդիրը բարդել հանձնաժողովի բժիշկ- մասնագետների վրա եւ առողջական խնդիրները առաջ քաշելով՝ արդարացնել նրա՝ բանակից ազատման հարցը: Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա տարվող քննությունը, իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին:
ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀՔԾ
Armlur.am-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին ՀՔԾ են հրավիրել, որպեսզի առերեսվի իր դեմ հաղորդում ներկայացրած՝ Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հետ: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը եւ մի քանի ոստիկան գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը եւ ծեծի ենթարկել նրան, հորը եւ բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը եւ մինչ այս պահը չեն վերադարձրել։
Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը բերման էր ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու՝ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։ Ե՛վ առաջին, ե՛ւ երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ինչի արդյունքում էլ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, եւ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առերեսման ժամանակ Սիսիանի ոստիկանապետ Գարիկ Մուրադյանը պնդել է, որ ինքը ոչ մեկի չի ծեծել, իսկ, ահա, Գառնիկ Սիմոնյանն էլ հակառակն է նշել , որ իրեն ծեծել են:
Ըստ էության, այս հարցերի պատասխանը կտան քրեական գործով նշանակված փորձաքննությունները, որոնց եզրակացություները ցույց կտան, թե Գառնիկ Սիմոնյանի նկատմամբ բռնություն եղել է, թե ոչ:
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վանուշ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի աշխատասենյակում վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
2 ամիս անց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի նախկին պետ Կարապետ Թումասյանը նոր պաշտոնի է նշանակվել: Ինչպես հայտնի է, ապրիլի 17-ին ֆեյսբուքյան իր էջում Կարապետ Թումասյանը գրել էր իր՝ աշխատանքից ազատման մասին: «Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել եւ այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից եւ ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաեւ հաշվի առնելով իմ հանդեպ դրսեւորած ձեր վերաբերմունքը: Ետադարձ հայացք նետելով ոստիկանությանը նվիրած կյանքիս անցած 16 տարիներին՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչեւ Անձնագրային եւ վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվեցի որպես հանրային ծառայող, անվերապահորեն ընդունել եմ, ընդունում եմ եւ ընդունելու եմ մի պարզ ճշմարտություն, որ այդ տարիները հաջողված են եղել իմ՝ որպես մարդ եւ որպես մասնագետ կայացման հարցում, ինչի համար շնորհակալ եմ Ոստիկանությանը, եւ եթե կրկին բախտ վիճակվեր բուհ եւ մասնագիտություն ընտրելու հարցում, ապա կրկին կընտրեի հարազատ Կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունս:
Ընդգծված սրտացավություն՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել եւ հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության եւ Աստծո դատին: Վստահեցնում եմ, որ ցանկացած հարցում ուժերիս ներածին չափով կրկին Ձեր կողքին եմ լինելու եւ շարունակելու եմ ծառայել երկրիս ու ժողովրդիս: Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության եւ անկեղծ վերաբերմունքի համար: Աստված բոլորիս պահապան»։ Եվ, ահա, դեռես 2 ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը Կարապետ Թումասյանի ազատումից որոշ մանրամասներ էր հայտնել: Մասնավորապես՝ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ: Եվ, ահա, նկատենք, որ 2 ամիս անց մեզ հայտնի դարձավ, որ Կարապետ Թումասյանը նոր պաշտոնի է նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ որպես նախարարության ստորաբաժանումներից մեկի բաժնի պետ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ