Ո՞Ր ՈԼՈՐՏՆԵՐԸ ԿՏՈՒԺԵՆ ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Ազատան գյուղում գործող «Իգիթ» կաթնամթերքի գործարանի տնօրինությունը, գազի սակագնի սպասվող բարձրացման հետ կապված, պատրաստվում են հաշվարկներ իրականացնել:

 

Տեղեկացնենք, որ հուլիսի 19-ից գազի սակագինը բարձրանալու է: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:

ArmLur.am-ի հետ զրույցում «Իգիթ» կաթնամթերքի արտադրության աշխատակից Արամ Կրոյանն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի արտադրանքը չթանկանա: «Կարող է կարողանանք մի բան անել, արտադրանքը չթանկացնենք: Հուսանք՝ գնային թանկացում չի լինի: Փորձենք մեր եկամուտի հաշվին տեղավորվել, բայց լուրջ հաշվարկ է պահանջում, ո՛չ մեկ օրվա է, ո՛չ էլ երկու»,- նկատեց ընկերության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ գազի կիրառումը կաթնամթերքի արտադրության մեջ փոքր մաս չի կազմում:

Զրույցի ընթացքում նա նշեց նաեւ, որ վերջին շրջանում «Իգիթ»-ի արտադրանքը չի թանկացել:

Հարցին՝ հնարավոր է արդյոք ընկերությունն աշխատողներ կրճատի կամ աշխատավարձերը նվազեցնի, Արամ Կրոյանն ասաց. «Աշխատողների քանակը իրացման ծավալներով է պայմանավորված, իսկ իրացումն էլ տնտեսության այսօրվա վիճակի հետ է կապված: Մեր եկամուտի հաշվին ենք փորձում այդ ամեն ինչն անել»:

Նրա խոսքով՝ մյուս կողմից՝ իրացման ծավալները նվազել են: «Ենթադրենք՝ մարդն ուտում է մեկ կիլոգրամ պանիր ամսական կտրվածքով, կորոնավիրուսի պայմաններում չի կարող, օրինակ, 5 կգ պանիր ուտել: Այսինքն՝ տանը մնալով՝ այնպես չէ, որ մարդիկ պահանջվող պանրի չափն ավելացրել են, չի բացառվում, որ պակասեցրել են, սկսել են քիչ պանիր ուտել»,- նկատեց ընկերության աշխատակիցը:

«Չանախ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ իրենք գազ քիչ են օգտագործում: Գործարարի խոսքով՝ կաթնամթերքի իրացման ծավալները անփոփոխ են մնացել:

«Գազի սակագնի բարձրացումը մեր գործունեության վրա այդքան էլ չի ազդի, որովհետեւ մենք արեւային տաքացուցիչ ենք դրել, գազ քիչ ենք օգտագործում: Բայց մի քիչ կդժվարանան տնտեսվարողները, որոնք գազով են գործունեություն ծավալում: Մենք աշխատում ենք նման դեպքերում ծախսերը կրճատել, իրենց էլ խորհուրդ կտամ այդպես վարվեն: Նման դեպքերում մեծ ծախսերը պետք է պակասեցնել, բայց դրա հաշվին այնպես անել, որ ժողովուրդը չզգա իր գրպանի վրա: Բայց ես վստահացենում եմ՝ մենք ժողովրդին չենք նեղացնելու, հանգի՛ստ մնացեք»,- հայտարարեց գործարարը:

Հավելենք, որ հունիսի 19-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության հետ շուրջ 2 ժամ քննարկման արդյունքում սահմանեց ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները: Հուլիսի 19-ից Հայաստանում գազը կթանկանա։ Նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը:

Ներկայացնելով ընկերության հայցի հիմնավորումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

«Մենք ներկայում գազը սահմանին գնում ենք 1000 խմ-ը 165 դոլարով եւ վաճառում միջինը շուրջ 255 դոլարով: Տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե, «Գազպրոմ Արմենիային» մնում է 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, եւ մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը եւ այլն, ինչը անիրական է»,- ասաց Թադեւոսյանը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում էր սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:

Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը՝ հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն, ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:

Հանձնաժողովն առաջարկում էր նաեւ թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴԱՏՎԱԾԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ

Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի դատավարությունը։ Գ. Սարհատյանը 397 բնակիչ ունեցող Լուսահովիտ համայնքը ղեկավարում է 2018թ. դեկտեմբերի 2-ից։ 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Արման Խոջայանի կողմից ապօրինի ծառահատումներ կատարելը, այդ նպատակով նրան է տրամադրել իրեն պատկանող  «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան։ Արման Խոջայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գ. Սարհատյանի կազմակերպմամբ 2019թ. հոկտեմբերի 19-ին բենզասղոցով Գ. Սարհատյանի համար ապօրինի հատել է 6 հատ հաճարենի տեսակի կանգուն ծառեր՝ ՝պետությանը պատճառելով 168 հազար 300 դրամի վնաս։ Գրիգոր Սարհատյանին եւ Արման Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առաց թույլտվության տեղափոխելը, որոնք կատարվել են  խոշոր վնաս  պատճառելով»)։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Գրիգոր Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա  Սարհատյանի որդին է: Գ. Սարհատյանը 2016թ. մարտի 5-ին 2 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել Խաշթառակ գյուղի մի ընտանիքի 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը գողանալու համար։ Գ. Սարհատյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճառաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն դրանք մերժվել են։ 2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում  դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննելով  Գ. Սարհատյանի դիմումը՝ դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, վերջինս բողոք կամ պահանջ չունի ու նպատակահարմար չի գտնում  Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը, որոշել է Գ. Սարհատյանի ազատազրկման ձեւով պատիժը փոխարինել այլընտրանքային պատժատեսակով եւ որպես հիմնական պատիժ նշանակել հանրային աշխատանքները՝ 2200 ժամ ժամկետով:

 

 

ՍԵՅՍՄՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ այս տարի Տավուշի մարզի տարբեր համայնքներում կնվերանորոգվեն 28 բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Դրանցից 13-ի վերանորոգմանը զուգահեռ կկատարվեն շենքերի սեյսմունակության մեծացման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կիրականացվեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ։ Այդ շենքերի  տանիքները կնորոգվեն, կլուծվեն  շենքերի պատերի, նկուղային հարկերի ջերմամեկուսացման խնդիրները, նաեւ հին այդ շենքերի արտաքին տեսքը  կփոխվի,  էսթետիկ դիզայն կարվի։

Ոսկան Սարգսյան

Տավուշ

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այսօր կներկայացնենք առողջապահության նախարարի, փոխնախարարների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացրել են:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թվականին որեւէ անշարժ գույք չի գնել, սակայն Թորոսյանն ունի անհատական բնակելի տուն Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, որը նա ձեռք էր բերել դեռ 2011 թվականին: Հայտարարագրի համաձայն՝ նախարարը ավտոմեքենա չունի եւ ոչ էլ գնել է: Արսեն Թորոսյանը կանխիկ որեւէ գումար չի հայտարարագրել, եւ ստացվում է, որ նա ամբողջ գումարները պահում է բանկային քարտերի վրա: Ըստ այդմ, նա տարվա սկզբում բանկային քարտի վրա ունեցել է 1 մլն 925 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 114 հազար 897 դրամ: Տարվա սկզբում նա ունեցել է 22 հազար եվրո, իսկ վերջում՝ 31 հազար եվրո:  Մեկ տարվա ընթացքում որպես եկամուտ նա հայտարարագրել է պատգամավորական աշխատավարձը՝ 18 մլն դրամ, եւ տրված փոխառություններից ստացված գումար՝ 573 դոլար:

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը եւս 2019 թվականին բնակարան չի գնել, սակայն ունի երկու  բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, մեկ ամառանոց Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում: Թեեւ փոխնախարարն ավտոմեքենա էլ չի գնել, սակայն հայտարարագրել է 2015 թվականին գնված FORD մակնիշի ավտոմեքենա:  Փոխնախարարը բանկային հաշիվների վրա ունի 2 մլն 850 հազար դրամ, 600 եվրո, իսկ կանխիկ 1 մլն 500 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատանքի վարձատրություն՝ 12 մլն դրամ եւ 11 մլն դրամի շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից:

Իսկ նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը չունի անշարժ գույք, ոչ էլ տրանսպորտային միջոցներ: Ամեն դեպքում, հայտարարագրում նման տվյալներ չկան: Նա բանկային հաշիվներում ունի 4 մլն 724 հազար դրամ, իսկ որպես կանխիկ գումար՝ 7 մլն դրամ եւ 4 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է 9 մլն  դրամ՝ աշխատանքի վարձատրություն, եւ 430 հազար դրամ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից՝ կրկին որպես աշխատանքի վարձատրություն:

Իսկ փոխնախարար Լենա Նանուշյանը ունի մեկ բնակարան՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, սակայն ավտոմեքենա չունի: Որպես դրամական միջոց նա հայտարարագրել է 24 հազար դոլար եւ 6 մլն դրամ՝ բանկային հաշիվներում, իսկ մեկ տարվա ընթացքում ունեցել է 12 մլն դրամ եկամուտ՝ որպես աշխատանքի վարձատրություն Առողջապահության նախարարությունում եւ 600 հազար դրամ՝ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից՝ կրկին որպես աշխատավարձ:

Ն.Հ.




Լրահոս