Կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը խոսել է 33֊ամյակի եւ թատրոնում առաջացած խնդիրների մասին:
-Նոննա՛, ինչպե՞ս եւ ո՞ւմ հետ եք նշել Ձեր 33-ամյակը։
-Ծննդյանս տարեդարձը նշել եմ ընտանիքիս հետ միասին: Գնացել ենք Գառնի, Գեղարդ, արշավեցինք անպայման եկեղեցի գնալ, քանի որ 33 տարեկան եմ դառնում: Շատ լավ շրջեցինք, հետո վերադարձանք եւ գնացինք ծնողներիս տուն: Ես այդ օրը սիրում նրանց հետ անցկացնել, որտեղ նաեւ սպասում էր ինձ համար հաճելի անակնկալ, տորթ, ծաղիկներ, որից հետո ես, ամուսինս իմ մի քանի ընկերների հետ փոքրիկ նշցինք:
-Ի՞նչ անակնկալներ, նվերներ էին Ձեզ սպասում:
-Շատ անակնկալներով լի օր էր: ԻՆձ համար նվերների չափը, քանակը, ձեւը կապ չունի, կարեւորն այդ մարդն ինձ հիշել է, կամեցել եւ նվիրել է:
-Ավելի շատ տարեդարձին ի՞նչ նվերներ եք նախընտրում ստանալ: Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ ստանալ։
-Ինչպես նվերներ տալ եմ սիրում, այնպես էլ սիրում եմ ստանալ, քանի որ կին եմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր կին սիրում է:
-Նոննա՛, քանի որ երկրում համաճարակ է, եւ արդեն շուրջ 4 ամիս է, ինչ թատրոնները փակ են, չեք աշխատում, ինչպե՞ս եք հաղթահարում այս բարդ շրջանը։
-Իսկապես, շատ ճիշտ նշեցիք` պետք է հաղթահարել այս համաճարակային բարդ շրջանը, չաշխատելով, մնալ տանը, կոնկրետ դերասանների դեպքում՝ չաշխատելով թատրոնում, քանի որ ինձ համար թատրոնը կյանք է, եւ չգիտեմ դերասան, ով աշխատում է թատրոնում եւ վերաբերվում է որպես աշխատավայրի կամ ինչ-որ հիմնարկի: Թատրոնը մեր տունն է, որտեղ մենք ապրում եւ դրսեւորվում ենք: Բառեր չեմ կարողանում գտնել, քանի որ հիմա շատ էմոցիոնալ եմ վերաբերվում այդ հարցին. հիմա չափից դուրս կարոտել եմ իմ աշխատանքը: Չգիտեմ` ինչպես կարելի է այս համավարակի օրերին ապրել առանց թատրոնի:
-Կամերային թատրոնում փորձեր կամ գուցե օնլայն ներկայացումներ բեմադրելու մտադրություն կա՞։
-Կամերային թատրոնում առանց հանդիսատեսի որեւէ ներկայացում չի կարող տեղի ունենալ, որովհետեւ մեր բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցը հենց հանդիսատեսն է: Հանդիսատեսը խաղում է մեր ներկայացումներում, եւ առանց հանդիսատեսի շնչի, ձայնի, նույնիսկ դիրքորոշման ներկայացումներ պարզապես չեն կարող լինել: Մեզ համար շատ կարեւոր են, թե հանդիսատեսն ինչ կարծիք ունի մեր ասածի վերաբերյալ, առանց նրանց հնարավոր չէ: Իհարկե, մենք կարող ենք ներկայացումը տեսագրել եւ ցուցադրել, բայց չեմ կարծում՝ դա ճիշտ տարբերակ է վայր դնել բոլոր զենքերը եւ աշխատել միայն օնլայն հարթակում: Դա ինձ համար սինթետիկ կյանքի ձեւ է դառնում բոլոր առումներով: Մենք ունենք շատ նոր մտահղացումներ, տարբերակներ, թե ինչպես կարելի է աշխատել այս պայմաններում, դեռեւս համբերատար սպասում ենք, որ Կառավարությունը մի օր էլ կանդրադառնա մեզ` տարբերակ առաջարկողներիս, թեեւ կարծում եմ՝ հիմա նրանք շատ ավելի կարեւոր գործերով են զբաղված: Մենք սպասում ենք լուռ, մինչեւ կկարողանան անդրադառնալ մեզ՝ գտնելու համար ռացիոնալ ճիշտ լուծումներ թատրոնին աջակցելու համար: Կարծում եմ՝ սա դանդաղ մահ է թատրոնի համար:
-Ինչպե՞ս եք գնահատում այսօր դերասանների վիճակը:
-Ունեմ բազմաթիվ դերասան ընկերներ, որոնց հետ մշտապես կապի մեջ եմ, բոլորս էլ շատ պասիվ եւ անորոշ վիճակում ենք: Թատրոնը, անվերջ փորձ անելով, չի կարող գոյատեւել, թատրոնի սրտի երակը ներկայացումներն են, որոնք սնուցում են թատրոնին, այնպես որ, կարծում եմ, որ դերասաններն այսօր անջատել են իրենց, քանի որ թատրոնը մեզ համար միակ կարեւոր կենդանի օրգանիզմն է: Սպասենք, տեսնենք, թե աշնանն ինչ կլինի:
-Դուք ինքներդ, լինելով բեմի, թատրոնի, մշակույթ կրող դերասանուհի, հաճախ չեք երեւում էկրաններին, ինչու՞։
-2007 թվականից աշխատում եմ թատրոնում եւ աշխատում եմ լիաթոք: Բազում սքեթչերում եւ սերիալներում եմ նկարահանվել, նաեւ գեղարվեստական ֆիլմերում: Բայց բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում սերիալներն ու ֆիլմերն այն աստիճանի չեն հասել, որ, օրինակ, ափսոսեմ ինչ-որ մի սերիալում կամ ֆիլմում չնկարահանվելու համար: Նույնիսկ լինում են առաջարկներ, որտեղ դու չես ուզում նկարահանվել: Էկրաններում շատ երեւացել եմ ավելի երիտասարդ տարիքում, երբ նոր էի սկսում դերասանական կարիերաս, եւ դրանք քիչ չեն եղել իմ կյանքում:
-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել հեռանալ թատրոնից՝ աշխատավարձի չնչին լինե՞լը, թե՞ ֆիլմերում կամ սերիալներում նկարահանվելու գայթակղությունը։
-Այդ գայթակղությունը երբեք չի կարող ինձ հեռացնել թատրոնից: Կարծում եմ` ոչինչ չի կարող ինձ հեռացնել թատրոնից, այն իմ կենսակերպն է: Եթե ես 33 տարեկան եմ, ապա թատրոնն իմ կյանքում գոյություն ունի 17 տարեկանից: Ես թատրոնին շատ ամուր եմ կպած:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԵՆ
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի «Էվերտոնի» դեմ հանդիպման արդյունքը: «Իսկական պայքարի ականատես եղանք: 2 թիմն էլ ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար: Մենք ավելի շատ էինք վերահսկում գնդակը, սակայն մրցակցին հաջողվում էր ավելի վտանգավոր պահեր ստեղծել»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ «Էվերտոն» – «Լիվերպուլ» հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: 30-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» ունի 38 միավոր եւ 12-րդ տեղում է: Իսկ Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտը նշեց. «Հանդիպումը շատ դժվար ստացվեց, սակայն անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան «Լիվերպուլը»: «Լիվերպուլը» վերահսկում էր գնդակը, սակայն մենք կարողանում էինք սուր հակագրոհներ ձեռնարկել ու վտանգավոր պահեր ստեղծել»: Նշենք, որ 30-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 83 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Էվերտոնը» ունի 38 միավոր եւ 12-րդ տեղում է:
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԱՃՈՒՄ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը յուրահատուկ նվաճման է հասել Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում: Լա Լիգայի 30-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում տարած հաղթանակով Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում գրանցած հաղթանակների թիվը հասցրեց 134-ի՝ գերազանցելով լեգենդար իսպանացի մասնագետ Վիսենտե դել Բոսկեի ցուցանիշը՝ 133 հաղթանակ: Այս ցուցանիշով առաջատարը Միգել Մունյոսն է, որը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1948-1958 թվականներին՝ ակումբի ղեկին գրանցելով 357 հաղթանակ:Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ էր տարել «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 2:1 հաշվով:
ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը Կիպրոսի «Էնոսիսից» տեղափոխվել է «Անորտոսիս»՝ պայմանագիր կնքելով մինչեւ 2022թ. հունիս: 29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը Կիպրոսի ընթացիկ առաջնության 23 խաղերում վաստակել է 46 միավոր եւ «Օմոնիայի» հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը: ««Էնոսիսի» հետ իմ պայմանագրի ժամկետն ավարտվել էր, եւ ես «Անորտոսիս» եմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Այս տեղափոխությունը, միանշանակ, քայլ առաջ է իմ կարիերայում: Շատ հաճելի է դառնալ Կիպրոսի ամենաուժեղ թիմերից մեկի մասնիկը: Պատրաստ եմ օգնել իմ թիմին հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել Կիպրոսում եւ հաջող մրցելույթներ ունենալ միջազգային ասպարեզում: Իմ տեղափոխության մեջ մեծ դեր է ունեցել «Անորտոսիսի» գլխավոր մարզիչ, Վրաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայան: Շուտով հավաքի կմասնակցեմ նոր թիմի կազմում»,- նշել է Համբարձումյանը: