Ես ընդհանրապես շատ բարձր ինտուիցիա ունեմ, եւ միշտ լսում եմ իմ ներքին ձայնին, բայց այս անգամ ներքին ձայնս ոչինչ չի հուշում, եւ ամեն բան համավարակի հետ կապված անորոշ է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասանուհի Նոննա Գրիգորյանը` անդրադառնալով կորոնավիրուս համավարակին ու երկրում ստեղծված քաղաքական իրադարձություններին։
Դերասանուհու կարծիքով՝ պետք է զուգահեռ փորձել ապրել այս համավարակի հետ` հարմարեցնելով այս իրավիճակը մեզ եւ շարունակելով ապրել, աշխատել եւ արարել։
«Տարիներով սովորել, հմտացել, եփվել, թրծվել են, սակայն այսօր կանգանած են լուրջ խնդիրների առջեւ, եւ թող բարձրագոչ արտահայտություններ չհնչեն, թե աշխատողը տանից էլ կարող է աշխատել: Ոչ, կան մասնագիտություններ, որոնք նման հնարավորություն չեն ընձեռնում, ինչպես մեր մասնագիտությունը, պետք է ձգտեն ստեղծել պայմաններ, նաեւ այլ ոլորտներում մասնագիտացված աշխատողների համար եւս»,-նշում է նա։
Նոննա Գրիգորյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուրն իր գիտակցության վրա պետք է աշխատի, երբեք ոչ մի բանից չվախենալով․ «Ես մտածում եմ, եթե կյանքում ինձ հետ մի վատ բան պատահի, երբեք թեւաթափ չեմ լինելու, զենքերս վայր չեմ դնում, փորձում եմ գտնել այլ տարբերակներ, նույնն էլ այս վիրուսին է վերաբերում։ Պետք է լինենք ավելի կիրթ, գրագետ, որպեսզի կարողանանք հաղթահարել այս վիրուսը։ Ես չեմ վախենում, չեմ էլ վախեցել, միայն աղոթում եմ իմ հարազատների համար»։
Հարցին, թե արդյոք հետեւում է երկրում զարգացող քաղաքական իրադարձություներին դերասանուհին պատասխանում է․
«Երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին միշտ եմ հետեւում եւ ունեմ իմ ուրույն կարծիքը, բայց եւ պետք է նշեմ, որ մի փոքր հիասթափվել եմ։ Իմ երազանքն է ապրել այնպիսի երկրում, որին դրսից չեն քարկոծի, լավ կլինի ապրենք այնպիսի երկրում, որի մասին միշտ երազել ենք, հատկապես մեր՝ Երրորդ Հանրապետության սերունդը»։
Լիդա Եղիազարյան