Ռոբերտ Քոչարյանի գործով քննությունը հարցականի տա՞կ. ինչ է սպասվում ՍԴ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակեց Սահմանադրության փոփոխությունները եւ վաղվանից ՍԴ երեք անդամներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները կդադարեցվեն: Այսինքն, Սահմանադրական դատարանում 9 անդամի փոխարեն կլինի վեցը:

Եվ այս առումով առաջիկայում ուշագրավ զարգացումներ կարող են լինել: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է հուլիսի 7-ին քննի ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը: Եթե վաղը իրենց պաշտոններին հրաժեշտ տա ՍԴ երեք անդամ, կմնան վեցը: Սակայն նկատենք, որ վեց անդամներից դատավոր Վահե Գրիգորյանը ընտրվելու օրվանից ի վեր չի մասնակցում նիստերին եւ բնականաբար չի մասնակցի նաեւ այդ օրվա նիստին: Եվ այդ առումով, քննության անցկացումը կարող է դրվել հարցականի տակ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի անդամները կկարողանան նիստ անցկացնել, եթե մասնակցի նաեւ Արմեն Դիլանյանը, այսինքն՝ 5 անդամով, իսկ եթե վերջինս չմասնակցի, ապա քվորում չի լինի: Այսինքն,  այս պարագայում ամեն ինչ կախված է հենց նրանից: Ստացվում է՝ նա չմասնակցի, քվորում չի լինի:

Ուշագրավ է նաեւ ՍԴ նախագահի ընտրության կարգը: Հայտնի է, որ նրան ընտրում են ՍԴ կազմից: Եվ ահա, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ  Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Այս առումով եւս կարող են ուշագրավ զարգացումներ լինել:

Հավելենք, սակայն, որ այսօր՝ քիչ անց մամուլի ասուլիսով հանդես կգան Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւ տեղեկությունների համաձայն` կհայտարարեն իրենց դիմումը ՍԴ-ից հետ վերցնելու մասին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս