ArmLur.am-ը հայտնել էր, որ «Դվին» ռեստորանային համալիրում մեծ հրավառություն է տեղի ունեցել եւ տեսանյութը հրապարակել էինք նաեւ մեզ: Ինչպես հայտնի է, վարչական պատասխանատվություն է առկա 23:00-ից հետո կատարվող հրավառությունների դեպքում եւ չնայած երեկ եղած հրավառությունը մինչ այդ ժամն էր, սակայն լայն արձագանք գտավ համացանցում, քանի որ արտակարգ դրության պայմաններում էր իրականացվում, երբ միջոցառումներն արգելված են՝ ըստ պարետի որոշման:
Այսպիսով, ինչ միջոցառում էր երեկ իրականացվում ռեստորանային համալիրում: Այնտեղից ArmLur.am-ին հայտնեցին, թե միջոցառում չի իրականացվել, ռեստորանը չի աշխատում, պարզապես եղել է հրավառություն, որն իրենց խոսքով ասած, կապ ունի բանակի հետ: Ավելին, նրանք հայտնեցին, թե պատկան մարմինները տեղյակ են եղել հրավառությունից, այդ թվում՝ Ոստիկանությունը եւ ԱԻՆ-ը:
ArmLur.am-ը փորձեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզել՝ իրենք տեղյակ եղել են արդյոք ռեստորանային համալիրում տեղի ունենալիք հրավառության մասին: Նախարար Ցոլակյանը մեզ հետ զրույցում, սակայն նշեց, որ իրենք ոչ գրավոր, ոչ բանավոր զգուշացում չի եղել՝ հրավառության անցկացման մասին: Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից չհայտնեցին՝ զգուշացում ստացել են, թե ոչ, սակայն ընդգծեցին՝ հրավառությունն արգելված է միայն 23:00-ից հետո:
Հավելենք, որ երեկ՝ հրավառությունից հետո, ռեստորանային համալիրում նաև հրդեհ է բռնկվել՝ հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։