Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքն» օգտագործելու է քաղաքական նպատակներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքն» օգտագործելու է իր քաղաքական շահերի սպասարկման համար. Քաղաքագետ
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող Անդրանատոլիական խողովակաշարի կառուցման ֆինանսավորման համար, ըստ էության հայտարարեց, որ Ադրբեջանն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ավարտին կհասցնի Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարման «մանդատ» ունեցող «Հարավային գազային միջանցք» նախագիծը:

Ինչպես գիտենք, ԵՄ էներգետիկ անվտանգության գերակայություններից մեկի՝ «Հարավային գազային միջանցք» բազմաբաղադրիչ խողովակաշարային նախագծի իրականացման արդյունքում ԵՄ-ը լրացուցիչ ճանապարհով՝ Անդրանատոլիական և Անդրադրիատիկ խողովակաշարերով նախատեսում է կասպյան և մերձավորարևելյան շուկաներից գազ հասցնել Եվրոպա: ԵՄ էներգետիկ ներկրումների իրականացման ըստ էության չորրորդ՝ «Հարավային գազային միջանցքով» եվրոպական շուկա բնական գազի մատակարարման հնարավորությունների համատեքստում շարունակաբար իրատեսական է համարվել ադրբեջանական գազի արտահանման սցենարը, սակայն տարիներ շարունակ և հատկապես հիմա ընթանում են բավականին լայն քննարկումներ «Հարավային գազային միջանցքով» բնական գազի պաշարներով աշխարհում չորրորդը համարվող Թուրքմենստանի գազի արտահանման վերաբերյալ («Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության տվյալներով 2019թ. վերջին բնական գազի պաշարներով Թուրքմենստանը զիջում է միայն ՌԴ-ին, Իրանին և Քաթարին):

Առաջին հայացքից «Հարավային գազային միջանցքով» թուրքմենական գազի մուտքը եվրոպական շուկա հիանալի գաղափար է թվում: Երկրում առկա է ճգնաժամ, որից դուրս գալուն կարող են նպաստել հենց բնական գազի արտահանման հաշվին գոյացող եկամուտները: ԵՄ-ն էլ, իր հերթին, ձգտում է էներգամատակարարումների աղբյուրների և ուղիների բազմազանեցման, որպեսզի կարողանա թուլացնել իր էներգետիկ շուկայում ծանրակշիռ դերակատարություն ունեցող Ռուսաստանի դիրքերը: Եվրոպայում դեռ թարմ է հիշողությունը ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ, երբ Ռուսաստանն ուղղակի դադարեցրեց գազամատակարարումներն Ուկրաինային՝ արդյունքում վնասելով նաև ԵՄ երկրներին, որոնք Ուկրաինայի տարանցիկ ճանապարհով մեծածավալ գազ էին ներկրում ՌԴ-ից: Սակայն իրավիճակն այդքան էլ պարզ չէ:

Թուրքմենական գազը «Հարավային գազային միջանցքով» Եվրոպա մատակարարելու հնարավորություն ընձեռող տարբերակ կարող է լինել Անդրկասպյան խողովակաշարը: Սակայն տարիներ շարունակ այս տարբերակին դեմ են հանդես գալիս և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը` ըստ էության շեշտադրումն անելով բնապահպանական ռիսկերի վրա: Ռուսաստանը և Իրանը դրանց անդրադարձան օրինակ 2019թ. օգոստոսին 12-ին Թուրքմենստանում տեղի ունեցած Կասպյան տնտեսական ֆորումի ժամանակ, երբ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը շեշտեց, որ Կասպից ծովի հետ առնչություն ունեցող բոլոր նախագծերը պիտի ենթակա լինեն անկողմնակալ բնապահպանական ուսումնասիրության: ՌԴ վարչապետն ըստ էության հաշվի էր առել նաև այն մասնագիտական մտահոգությունները, որոնք վերաբերում են ծովի հատակով խողովակաշարի անցկացման անվտանգությանը. մասնագետները շատ են վկայակոչում սեյսմիկ ռիսկերը՝ դրանց համատեքստում խոսելով այդ գոտում երկրաշարժերի մեծ հավանականության և դրանց ծանր հետևանքների մասին: Բնապահպանական գործոնով պայմանավորված՝ խողովակաշարի կառուցմանը դեմ լինելու հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Բ. Նամդարին:

Անդրկասպյան խողովակաշարի անցկացման հետ կապված խնդիրներ կան նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասով: Իհարկե 2018թ. կնքված նոր պայմանագիրը ի չիք դարձրեց որոշակի մտահոգություններ ափամերձ պետությունների շրջանում, և շատ չանցած՝ ԱՄՆ-ը օգտվեց հերթական հնարավորությունից՝ հանդես գալով Ռուսաստանի էներգետիկ աշխարհաքաղաքականության շահերին հակադրվող հերթական հայտարարությամբ. Դ. Թրամփը նախագահ Գ. Բերդիմուգամեդովին ուղղված մեսիջում մասնավորապես հույս հայտնեց, որ Թուրքմենստանն առաջիկայում ի վիճակի կլինի օգտվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից և կսկսի համագործակցել Արևմուտքի հետ՝ իր գազը եվրոպական շուկա մատակարարելու համար: Սակայն իրավաբանները Անդրկասպյան խողովակաշարի կառուցման իրավական ասպեկտներին անդրադառնալիս ընդգծում են Կասպից ծովի ափամերձ պետությունների միջև լրացուցիչ պայմանագրերի անհրաժեշտությունը: Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի հստակ ընդդիմադիր կեցվածքը նոր Անդրկասպյան խողովակաշարի կառուցման վերաբերյալ՝ կարող ենք կանխատեսել, որ այդ պայմանագրերի կնքման հնարավորությունները խիստ սահմանափակ են:

Քաղաքական առումով Ռուսաստանը շատ լավ է գիտակցում, որ եվրոպական շուկա թուրքմենական գազի մուտքն իրականում ի վիճակի է որոշակի արդյունավետության հարված հասցնել ԵՄ էներգետիկ շուկայում իր ներկայիս դիրքերին: Սակայն Անդրկասպյան խողովակաշարի կառուցման խնդիրների, «Հարավային գազային միջանցքի» ոչ այդքան մեծ հզորության պայմաններում գոնե այս փուլում նախագիծը եվրոպական շուկայում չի կարողանա «իրավիճակ փոխել»: Որպեսզի ավելի հստակ լինի, պետք է նշենք, որ օրինակ 2018թ. Գազպրոմը եվրոպական երկրներ է մատակարարել ընդհանուր առմամբ

200.8 միլիարդ խմ գազ, մինչդեռ Անդրանատոլիական խողովակաշարի հզորությունը տարեկան 31 մլրդ խմ է, իսկ այս պահին՝ 16 մլրդ, որից 6 մլրդ-ը նախատեսվում է մատակարարել Թուրքիային: Ընդ որում, Անդրանատոլիական խողովակաշարին միացող և «Հարավային գազային միջանցքի» մաս կազմող Անդրադրիատիկ խողովակաշարի նախնական 10 մլրդ խմ հզորությունը հավելյալ մատակարարումների արդյունքում կազմելու է լոկ 20 մլրդ խմ: Հետաքրքրական է նաև, որ «Բրիթիշ Փեթրոլիում» ընկերության տվյալներով 2019թ. Ադրբեջանն արդյունահանել է 24.3 մլրդ խմ գազ, իսկ սպառումը կազմել է 11.8 մլրդ խմ, արտահանվել է ընդամենը 11.5 մլրդ խմ: Նույն ցուցանիշների պահպանման դեպքում վստահաբար կարող ենք ասել, որ միջանցքի բացումը և զուտ ադրբեջանական գազի մատակարարումը եվրոպական էներգետիկ շուկայում նկատելի տեղաշարժեր չի «խոստանում»:

Իսկ տարածաշրջանային առումով ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ «Հարավային գազային միջանցքի» լիարժեք աշխատանքն ու նշված խողովակաշարային ճանապարհով ադրբեջանական գազի արտահանումը Եվրոպա:

Միջանցքով գազի վաճառքից ստացվող եկամուտներն Ադրբեջանը կարող է օգտագործել նոր սպառազինությունների ձեռքբերման նպատակով: Կարծում եմ՝ դա սաստկացնելու է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը՝ մեծացնելով տարածաշրջանային իրադրության ապակայունացման հնարավորությունը: Նախագիծը Ադրբեջանի ձեռքին կարող է դառնալ խաղաքարտ արցախյան հարցում եվրոպական պետությունների ադրբեջանակենտրոն մոտեցման ձեռքբերման ուղղությամբ: Այս առումով հետաքրքրական է, որ արդեն իսկ՝ ԵՄ էներգետիկ անվտանգության տեսանկյունից մեծ կարևորություն ներկայացնող «Հարավային գազային միջանցք» նախագծի լիարժեք իրականացումից ընդամենը մի քանի ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել համատեղ ադրբեջանամետ հայտարարությամբ:

Այս պայմաններում հրատապ անհրաժեշտություն է առաջանում բավականին ակտիվ հակադարձել եվրոպական շրջանակներից այդ թվում նաև առաջիկայում իրականացվող ադրբեջանամետ հայտարարություններին՝ հատուկ ընդգծելով, որ օրինակ տարածաշրջանային համագործակցության ապահովման՝ ԵՄ հարավկովկասյան քաղաքականության առաջնահերթությունը սկսած 1990-ական թվականներից առ այսօր լրջագույն խոչընդոտների է հանդիպում, որի վկայությունը տարածաշրջանային էներգետիկ նախագծերից թուրք-ադրբեջանական ջանքերով և եվրոպական լուռ համաձայնությամբ ՀՀ մեկուսացվածությունն է: Բացի այդ, ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացում առաջընթացի ապահովմանը նպաստելու Ադրբեջանի ներուժը զգալիորեն նվազեցրել է վերջինիս նկատմամբ ԵՄ-ի «նորմատիվային ազդեցության» հնարավորությունները:

Անհրաժեշտության դեպքում կարելի է նաև օգտագործել այն մոտեցումը, որ ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականության հիմքում դրված՝ շահերի եռամիասնական համակարգը (էներգետիկ շահեր, տարածաշրջանային կայունություն և համագործակցություն, արդյունավետ պետության կառուցում) առավել ևս «Հարավային գազային միջանցքի» լիարժեք աշխատանքից հետո արդյունավետ գործառնման տեսանկյունից նկատելի խնդիրներ է առաջացնելու, ինչպես ականատես ենք եղել նախկինում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարային ծրագրերի իրականացման ժամանակ:

Չնայած տարիներ առաջ Հանձնաժողովի՝ «ԵՄ էներգետիկ շահերի սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքականություն» փաստաթղթում ընդգծվել էր անհրաժեշտությունը՝ համատեղել ԵՄ արտաքին քաղաքականության էներգետիկ բաղադրիչը հակամարտությունների կարգավորման և լուծման հետ՝ այդուհանդերձ Կասպյան ավազանը նշված միջանցքով եվրոպական շուկային կապող այս նախագծի իրականացման արդյունքում Ադրբեջանի կողմից սպառազինությունների կուտակման և ռազմական ճանապարհով արցախյան խնդրի լուծման նպատակադրության, նախագծում իր կարևորության շեշտադրման և օգտագործման հաշվին Ադրբեջանի կողմից իր քաղաքական շահերն առաջ տանելու պայմաններում Արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարները դառնալու են էլ ավելի անորոշ:




Լրահոս